Դավիթ Բաբայանը պատասխանել է Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններին
Ժիրայր Սեֆիլյանի ասուլիսից ժամեր անց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը yerkir.am-ի հետ զրույցում հերքել է Սեֆիլյանի հայտարարությունը, թե Բակո Սահակյանն իրենց հանդիպմանն ասել է, որ Արցախի իշխանությունները երկար են սպասել ԵՏՄ անդամ դառնալուն:
“Չգիտեմ, ինչո՞ւ է նա այդ ամենի մասին խոսում, մանավանդ, որ այդ հարցի մասին առհասարակ խոսակցություն չի եղել”,- ասել է խոսնակը։
Նա անդրադարձել է նաեւ Սեֆիլյանի մեկնաբանությանը, թե Արցախի իշխանություններն առաջնորդվում են “գողական սկզբունքներով”։ “Բոլոր կարեւորագույն, անկախ միջազգային կազմակերպությունները դիտարկում են անցկացրել Արցախում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ եւ բարձր են գնահատել Արցախի ժողովրդավարության մակարդակը, ընտրությունների անցկացումը: Եթե դա Ժիրայր Սեֆիլյանը համարում է “գողական”, ապա, դա անհեթեթություն է, զրպարտանք եւ ուրիշ ոչինչ”,- ասել է Դավիթ Բաբայանը։












