Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Ե՛վ Արցախի իշխանություններին, և՛ Ժիրայր Սեֆիլյանին իրականում չի հետաքրքրել ԼՂՀ միջազգային հեղինակությունը և անվտանգությունը

Փետրվար 12, 2015թ. 01:14

Ցավոք, նրանց համար առաջնայինը եղել է բոլորովին այլ բան…

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի տեղեկացմամբ, բերձորյան դեպքերից առաջ ինքը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել են երկու անգամ:

«Զարկերակ» ակումբում «Բերձորյան պետական ահաբեկչության բացահայտած մարտահրավերները և դրանց հաղթահարման քայլերը» թեմայի շուրջ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնելով այս մասին, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ առաջին հանդիպումը եղել է դեկտեմբերին:

«Մոտավորապես 2 ժամվա հանդիպման ընթացքում,- շարունակեց նա,- մենք չենք արծարծել մեր ավտոերթի մասին որևէ մանրամասնություն, մենք խոսել ենք մեզ հուզող կարևորագույն հարցերից` մեր երկրի ապագայի հետ կապված: Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել ավտոերթից օրեր առաջ, այդ ժամանակ բացի այլ կարևոր հարցերից, շատ կարճ նաև անդրադարձել ենք ավտոերթին, և նա փոխանցել է Բակո Սահակյանի խնդրանքն ինձ, որ մենք մտքափոխվենք: Բնականաբար, ես նորից հիմնավորել եմ, որ ինչու ոչ և այլն…

Առհասարակ այս ամբողջ բանակցությունների ընթացքում, նամանավանդ Ստեփանակերտի ադմինիստրացիայի հետ, որ շփվել ենք, մեր կողմից հետևյալ հարցն է բարձրացվել, ես ասել եմ` ի՞նչ եք անելու, եթե մենք չենք ենթարկվում ձեզ, չենք լսում, մենք համարում ենք, որ ճիշտը մեր ավտոերթ իրականացնելն է: Նրանք ասում էին` ստիպված պետք է փակենք ճանապարհը: Ես ասում էի` այդ քայլը կատարելով, դուք չե՞ք հասկանում, որ խայտառակելու եք Արցախի այս 20 տարվա ամբողջ իմիջը: Նրանք ասում էին` հասկանում ենք, դրա համար խնդրում ենք քեզ` մի արա այդ քայլը, որ մենք այդ քայլը չանենք: Ես ասում էի` դուք փաստորեն նժարի վրա եք դնում երկու բան` մի կողմից Արցախի իմիջը, մյուս կողմից` Սերժ Սարգսյանի հանգամանքը»:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ Ժիրայր Սեֆիլյանն իմանալով հիշյալ սպառնալիքի կամ զգուշացման մասին, զուտ ճանապարհը փակելու քայլն էլ (այսինքն` առանց ծեծուջարդի, այդ մասին նույնիսկ չենթադրելով) նախապես համարել է ԼՂՀ իշխանության կողմից Արցախի այս 20 տարվա ամբողջ իմիջը խայտառակել: Միաժամանակ, ինչպես ասուլիսի ընթացքում հավաստեց, իմացել է, որ «հաստատ ճանապարհը փակ է լինելու մեր առաջ»: Քիչ հետո իր խոսքում նա մեկ անգամ ևս ասաց, որ նախապես իմացել է ճանապարհը փակելու մասին:

Լավ, հարգելի Ժիրայր, բա այդ դեպքում ինչո՞ւ գնացիր այդ քայլին, ինչո՞ւ ընկերներիդ, համախոհներիդ հետ, այնուամենայնիվ, կազմակերպեցիք այդ տխրահռչակ ավտոերթը` նախապես իմանալով, որ ԼՂՀ իշխանությունները գերապատվությունը տալու են, ձեր խոսքով, «Սերժ Սարգսյանի հանգամանքին», չեն մտածելու Արցախի հեղինակության մասին և խայտառակելու եք Արցախի այս 20 տարվա ամբողջ իմիջը: Նրանք վատն են, նրանք այդպիսին են, դո՛ւք մտածեիք այդ մասին, դուք, որ ձեր կյանքն եք վտանգել պատերազմի ժամանակ, պարտավոր չէի՞ք մտածել Արցախի այս 20 տարվա ամբողջ իմիջը չխայտառակելու մասին:

Առողջ տրամաբանությունը հուշում է, որ ձեզանից որևէ մեկի համար Արցախի հեղինակությունը և անվտանգությունն այլևս գերակա չէ` ձեր ունեցած այլ նկատառումների համեմատ: Ես չգիտեմ ԼՂՀ իշխանություններին ինչն է կուրացրել կամ ինչ ցուցում են ստացել դրսից, բայց կարող եմ ենթադրել, որ ձեզ կուրացրել է ՀՀ իշխանությունների նկատմամբ ատելությունը, թեկուզ և այն նրանք վաստակել են:

Եթե ԼՂՀ իշխանությունները և դուք իրականում սիրեիք Արցախը, մտահոգ լինեիք նրա ճակատագրով, կվարվեիք Սողոմոն իմաստունի պես: Ավելորդ չեմ համարում հիշեցնել. երբ երկու կին վիճում էին երեխայի շուրջ, թե մանկահասակ երեխան նրանցից ում է պատկանում, Սողոմոն իմաստունը հանում է թուրը և առաջարկում երեխային կիսել երկուսի միջև: Ի տարբերություն կեղծ մոր, որը չի առարկում կամ համաձայնում է, իսկական մայրն անմիջապես գոչում է` ոչ, տվեք նրան, միայն թե երեխային մի՛ կիսեք, մի՛ սպանեք: Հաշվի առնելով, թե ինչ է նժարի վրա կամ վտանգի տակ դրված, Սողոմոն իմաստունի պես պետք է վարվեիք, պարտավո՛ր էիք:

Արթուր Հովհաննիսյան
Nyut.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն