Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

«Երկնագույն շան աչքերը». սիրո հավերժական որոնումներն Ավո Խալաթյանի և Ֆրիդա Յորքի դերակատարմամբ

Փետրվար 12, 2015թ. 23:14

«Մարկեսը սահմաններ չունի, նրա ստեղծագործություններում կարելի է անընդհատ լողալ ու այդպես էլ ափ չհասնել»,-այսպես սկսեց մեր զրույցը «Երկնագույն շան աչքերը» ներկայացման բեմադրիչ Ֆրիդա Յորքը։

Փետրվարի 10-ին Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պատմվածքի հիման վրա բեմադրված նույնանուն ներկայացման պրեմիերան:

Մեկ ժամ տասը րոպե փոքր բեմում երկու երիտասարդ դերասանները՝ Ֆրիդա Յորքը և Ավո Խալաթյանը, «միայնակ բոլորից» թափառում են սիրո երազների լաբիրինթում: «Երկնագույն շան աչքերը» խորը պատմություն է սիրո, միայնության ու հավերժական որոնման մասին: 1950 թ. գրված կարճ՝ մեկուկես էջանոց այս պատմվածքը բեմում վերածվում է կենդանի երկխոսության՝ գեղեցիկ երաժշտության ներքո: Ներկայացման հիմքում երազի և իրականության, բախման և անհամատեղելիության գաղափարն է. երկու մարդ փնտրում են իրար և չեն կարողանում գտնել: Նրանք հանդիպում են միայն երազներում, բայց ոչ մի կերպ չեն կարողանում գտնել միմյանց իրական աշխարհում:

Ներկայացման բեմադրիչ Ֆրիդա Յորքի տարբերակում կինը և տղամարդը փնտրում են իրար և չեն կարողանում գտնել, թեև ապրում են միասին… Այդ մասին կինը վերջում է իմանում:

Դերասան Ավո Խալաթյանը խոստովանեց, որ շատ է ոգևորվել, երբ հրավեր է ստացել Ֆրիդայից: «Թեև աշխատում եմ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, բայց զուգահեռ ունեցել եմ դերեր դրամատիկ ժանրում: Դժվար էր ամեն ինչ՝ թե տեքստային, թե պարային առումով, ճիշտ է, խորթ չէր ինձ համար, բայց պրոֆեսիոնալի հետ պարելը ավելի պատասխանատու է: Կասկած չունեի, որ ներկայացումը ստացվելու է, հատկապես որ Մարկեսի ստեղծագործությունն էր»:

Ներկայացման ավարտից հետո մեզ հետ տպավորություններով առաջինը կիսվեց Ավո Խալաթյանի կինը՝ երգչուհի Նունե Եսայանը: Երգչուհին խոստովանեց, որ մի քանի անգամ ներկա է եղել ներկայացման փորձերին, բայց թե ինչ է լինելու բեմում, տեղյակ չի եղել: «Հեքիաթ-երազ, հիշողություններ, լուսային հետաքրքիր լուծումներ… Կարծում եմ՝ այսօր Երևանում առաջին անգամ է նման ներկայացում բեմադրվում՝ պարային հնարքներով ու պլաստիկայով: Ներկայացումը կարճ էր, բայց միաժամանակ լիարժեք ու շատ հուզիչ»:
Անդրադառնալով Ավոյի խաղին՝ Նունե եսայանը նշեց, որ ինքն անձամբ վաղուց է բացահայտել Ավոյին՝ որպես դերասանի: «Սա նրա երազած ժանրն է, որ ինքը բեմում շարժվի, խաղա, նույնիսկ մարմնի լեզվով այդ ամենը փոխանցի: Ես ներկա եմ եղել նրա բոլոր ներկայացումներին, բայց հանդիսատեսը, ցավոք՝ ոչ:

Ավոյին հանդիսատեսը չգիտի այնքան, ինչքան նա իրականում կա: Դա նաև պայմանավորված է նրա բնավորությամբ. Ավոն միշտ փորձում է ստվերում մնալ: Նա իհարկե բազմաթիվ գլխավոր դերեր է խաղում Պարոնյանի անվան թատրոնում, բայց քանի որ մեր հանդիսատեսը հեռուստատեսությամբ է ավելի շատ ճանաչում դերասանին, դրա համար էլ Ավոյին չգիտի: Մենք չենք ուզում հեռուստատեսության միջոցով, հեշտ ու պարզունակ տարբերակով հայտնի դառնալ: Կարծում եմ՝ կգա ժամանակը ու Ավոյի կերպարը շատերի համար կբացահայտվի»:
ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի կարծիքով` բեմ է բարձրացել հրաշալի պատմվածքի հրաշալի բեմադրություն: «Երկու դերասաններն էլ փայլում էին: Ավոն երիտասարդ սերնդի այն ներկայացուցիչն է, ով օրեցօր աճում է: Ամեն անգամ բեմ բարձրանալիս նա իր դերասանական խառնվածքով, ճկունությամբ կարողանում է ոչ միայն հանդիսատեսին, այլև ինքն իրեն ապացուցել, որ այս անգամ ավելին է: Նա ցանկացավ ասել՝ ես ախր, շատ լավ դերասան եմ, ուշադրություն դարձրեք ինձ»:

Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն, հաղորդավար, պրոդյուսեր Արմեն Ամիրյանի խոսքով՝ հայ հանդիսատեսը, ցավոք, վերջին շրջանում սովորել է դիտել միայն ծիծաղաշարժ, թեթև, ժամանցային բնույթի ներկայացումներ: «Նման բարդ հոգեբանական, մարդկային խնդիրների խտացում ես բավական երկար ժամանակ չէի տեսել որևէ ներկայացման մեջ: Հետաքրքիր էր հենց այն առումով, որ մարդկային ամենանուրբ հարաբերությունները խտացված ու ներկայացված էին աուդիովիզուալ հետաքրքիր հնարքներով, գեղեցիկ պլաստիկայով և ֆանտաստիկ դերասանական պարով: Շնորհավորում եմ հեղինակներին, նաև հանդիսատեսին, որ վերջապես ունենք նման հոգեբանական սիրո ողբերգություն, որն, իհարկե, ունի գեղեցիկ ավարտ»:

Լիլիթ Հովհաննիսյան


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն