ԱԺ նախագահը հանձնարարել է ուսումնասիրել պատգամավորների բացակայությունները
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանձնարարել է ուսումնասիրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բացակայությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ հանձնարարվել է ուսումնասիրել Ծառուկյանի բացակայությունները, դրանց հիմքերը, որից հետո ԱԺ նախագահը որոշում կկայացնի:
Իսկ ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ԱԺ նախագահը հանձնարարել է աշխատակազմին հնարավորինս արագ ուսումնասիրել բոլոր պատգամավորների բացակայությունները:
Նշենք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի լիազորությունն է ստուգելու պատգամավորների ներկայացրած պատճառաբանությունների իսկությունը բացակայությունների վերաբերյալ ու որոշելու՝ հարգելի են դրանք, թե ոչ: Որոշումը կայացնելուց հետո ԱԺ նախագահը մանդատից զրկելու հարցով արդեն դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։












