Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Նրանք, ովքեր սասանում են մեր անվտանգությունը՝ պետության թշնամիներ են

Փետրվար 14, 2015թ. 12:38

Հարցազրուց ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ

-Նախագահ Սարգսյանը համարվում է հանդուրժող քաղաքական գործիչ, հետևաբար, հետևաբար, զարմացնող էր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նրա հնչեցրած կոշտ ելույթը՝ ուղղված ԲՀԿ լիդերին: Բնականաբար, հարց է առաջանում՝ ո՞րն էր այն կաթիլը, որ հունից հանեց ՀՀ նախագահին:

-Հանրապետության նախագահը, ով նաև Հանրապետական կուսակցության ղեկավարն է՝ եղել է, կա ու համոզված եմ, կլինի հանդուրժող, քանզի այդիսին է Սերժ Սարգսյան քաղաքական գործիչը: Քաղաքական դաշտում կոնսոլիդացիայի ջատագով է նաև ՀՀԿ քաղաքական ուժը: Սակայն երբ մեր առաջ հառնում են այնպիսի խնդիրներ, այնպիսի իրավիճակ, որոնք կարող են վտանգել մեր պետականությունը, մեր ազգային անվտանգությունը, նման իրավիճակում հանդուրժողականություն դրսևորելը, կներեք, բայց արդեն դավաճանություն է: Եվ երբ խնդիրը դիտարկում ենք հենց այդ տեսանկյունից, հասկանում ենք, որ նախագահը նման ելույթ պետք է ունենար: Կրկնում եմ, մենք հանդուժող ենք, սական այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի վտանգել մեր ազգային արժանապատվությունը, մեր արժեքներն ու մեր պետականության հիմքերը:

-Իսկ ի՞նչ իրավիճակ է մեզանում, որն ազգային անվտանգության առումով սպառնում է վերաճել սպառնալիքի:

-Այդ իրովիճակը դրսևորվեց ու շոշափելի դարձավ փետրվարի սկզբին կայացած ԲՀԿ խորհրդաժողովում, մասնավորաբար, Գագիկ Ծառուկյանի հնչեցրած ելույթում: Ուր ասվեց այն միտքը, թե իշխանության խոսքերը, քայլը կարող են <հարյուր-հազարավոր մարդկանց հանել փողոց, եւ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի արդյունքում: Մի բան է հստակ՝ դա կլինի անկառավարելի, հզոր ալիք>: Ըստ էության, նրա այդ ելույթը շանտաժ էր, և այդ շանտաժն ուղղված էր ոչ թե իշխող կուսակցությանը, այլ պետականության հիմքերի խարխլմանը: Մեր հարևանները՝ Արևելքում ու Արևմուտքում ուղղակի երազում են, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում նման զարգացումներ տեղի ունենան: Վերադառնալով ձեր հարցին, ասեմ՝ սա հենց այն կաթիլն էր, որն այլևս լցրեց ՀՀ նախագահի համբերության բաժակը:

Նախագահի խոսքում կար այսպիսի միտքը. Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ-քաղաքական երևույթին ուղղորդում են, նրա թիկունքին կան <սպասարկողներ, ովքեր իրենց սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ միևնույն է՝ չի հասկանալու ինչ է հնչեցնում>: Եթե երկրի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն ուղղորդվող է՝ դա արդեն ինքնին երկրի անվտանգության համար լրջագույն խնդիր է…

-Ես ձեզ պետք է ընդհատեմ ու միանգամից ասեմ, որ շատ նուրբ հարց եք բարձրացնում: Գիտեք, եթե քաղաքական ուժի գործողությունները միտված չեն ազգային անվտանգությանը, ապա այդ ուժի, նրա առաջնորդի հանդեպ ցուցաբերվող հանդուրժողականությունը կարող է ի նպաստ գործել, կարող է լինել արդյունավետ: Բայց երբ նրա քայլերը ուղղորդվում են, երբ նրա թիկունքում կան սպասարկողներ, ապա նման ուժի, անձի հանդեպ ցուցաբերվող հանդուրժողականությունը խիստ վտանգավոր է: ԲՀԿ համաժողովը բացահայտեց այդ իրականությունը: Ծառուկյանը կարդաց ինչ-որ մեկի, կամ մեկերի կողմից պատրատված ու իրեն մատուցված ելույթ: Չգիտեմ, թե ո՞ւմ խոսքերն էր Ծառուկյանը հնչեցնում, բայց դրանք մեր հարևանների համար ցանկալի մտքեր էին, ավելին, նրանք երազում ու ձգտում են, որ Հայաստանում նման իրավիճակ ստեղծվի: Ուրեմն, մենք իրավունք ունենք, չէ՞, ասելու, որ ԲՀԿ առաջնորդի ելույթը ինչ-որ ուժերի կողմից ուղղորդված է, իրավունք ունենք, չէ՞, մտահոգվելու, որ նրա թիկունքին կան սպասարկողներ: Ինչպե՞ս կարող է իշխող քաղաքական ուժը դա հանդուրժել: Կա մի սահման, որից այն կողմ ցուցաբերվող հանդուրժողականությունը վերաճում է դավաճանություն, մենք այդ ճանապարհով գնալ չենք կարող ու երբեք դա չենք թույլ տա: Հանրապետական կուսակցությունը մեր մեծերի պատգամած արժեքները կրող քաղաքական ուժ է, ուրեմն, մենք նահանջի, զիջման հնարավություն այլևս չունենք, քանի որ նահանջել նշանակում է վտանգել մեր ազգային անվտանգությունը:

Դուք անընդհատ շեշտում եք ազգային արվտանգությանն ուղղված սպառնալիքի առկայության մասին. Եթե նկատի ունենանք, որ Ծառուկյանը կոչ է անում հանրահավաքների, երթերի, ցույցերի անցկացում ընդհուպ մինչև անհնազանդության, կնշանակի մեզանում մայդանի վտանգ կա՞:

-Մայդանը ուկրաինական դրսևորում է, իսկ մենք ունենք տարածաշրջանային մեր խնդիրները, որոնց սուր դրսևորումը կարող է խիստ վտանգավար լինել: Չեմ բացառում, որ մեր երկրի ներքին զարգացումների վրա իրենց ազդեցությունն ունեն ոչ միայն ներքին իրողությունները, այլև արտաքին: Հետևաբար, չեմ բացառում տարբեր միջազգային կառույցների, տարբեր պետությունների ներազդեցությունը: Ուրեմն, խնդիրը վերստին հանգում է ազգային անվտանգությանը: Իսկ եթե մենք նկատում ենք, որ կա դրան ուղղված սպառնալիք, ուրեմն ՀՀԿ-ն և պետության ղեկավարը պետք է առավել աչալուրջ և զգոն լինեն:

-Շրջանառվում է այն կարծիքը, թե Ծառուկյանի՝ Մոսկվա գնալ-գալուց հետո միայն ՀՀԿ-ն մեծ վտանգ զգաց նրա քաղաքական հավակնություններից:

-Նման կարծիքն առնվազն հիմարություն է: Եվ որպեսզի անիմաստ շահարկուներ չլինեն ես նման մտքեր արտահայտողներին ընդամենըպետք է հիշեցնեմ ժամանակագրությունը: Փետրվարի 12-ի տեղի ունեցավ Հանրապետականի խորհրդի նիստը, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ներքաղաքական կյանքին առնչվող ծրագրային ելույթով: Բայց ավելի վաղ՝ դեռ շաբաթվա սկզբին կայացել էր ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որում արդեն իսկ հստակեցվել էին մեր քայլերը: Իսկ պարոն Ծառուկյանի հայտնի առաքելությունը դեպի Մոսկվա հաջորդեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստին: Ուստիև, ՀՀԿ նախագահի ելույթը չէր կարող պայմանավորված լինել Ծառուկյանի Մոսկվա մեկնելու հետ:

-Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդը շտապեց նիստ հրավիրել, Ծառուկյանի ելույթը, փաստորեն, ՀՀ նախագահի ելույթի պատասխանն էր: Եվ այսպես, ԲՀԿ առաջնորդը հայտարարեց՝ ընդունում է մարտահրավերը, գնալու է մինչև վերջ՝ դա իշխանափոխությունն է արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով: Ապա, համազգային մոբիլիզացիայի կոչ արեց: ԲՀԿ-ի հակաքայլը ազդանշան է հեղափոխության սկսմա՞ն:

-Սա զարգացումներից ամենավատն է, որ կարելի էր կանխատեսել: Ծառուկյանի հերթական ելույթը եկավ փաստելու, որ մեր այն կանխատեսումները, որ ԲՀԿ-ի առաջնորդի քայլերը վտանգավոր են դառնում ազգային անվտանգության տեսանկյունից՝ իրականություն են: Եվ ես այժմ հայտարարում եմ՝ նման իրավիճակում որևէ զիջում համազոր է դավաճանության: Մենք դավաճաններ չենք ու մեր ազգային անվտանգությունը պաշտպանելու ենք մինչև մեր վերջին շունչը, մինչև մեր արյան վերջին կաթիլը: Նրանք, ովքեր սասանում են մեր անվտանգությունը մեր պետության թշնամիներն են:

Հայաստանի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է մեզ համար, ու եթե որևէ մեկը փորձում է այն սասանել, ուրեմն նրա քայլերն ուղղված են յուրաքանչյուր հայ մարդու, հայ ընտանիքի դեմ: Կնշանակի այդ վտանգի դեմ պայքարը պետք է լինի չափազանց սկզբունքայնորեն, այդ պայքարը մենք պետք է տանենք մինչև վերջ ու հաղթենք, քանի որ պարտությունը կլինի ամենամեծ արժեքի՝ մեր պետականության կորուստը:


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն