Նախօրեին 500 հայեր Ջավախքում Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներ են գրել
Նախօրեին 500 հայեր Ջավախքում Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներ են գրել: Վերջին մեկ ամսվա ընթացքում ջավախահայերը երեք միտինգ են արել:
Վրաստանի մի քանի հայկական կազմակերպություններ էլ հանդիպել են Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ եւ 2 կոնկրետ հարց բարձրացրել՝ անձնագրերի ու լեզվի: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը երեկ մեզ հայտնեց, որ Ջավախքում քաոսային վիճակ է: Անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից Վրաստանում կիրառվում է միգրացիոն նոր օրենսդրություն, որի հետեւանքով Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելու համար ՌԴ կամ ՀՀ անձնագրեր են ստացել, մեխանիկորեն զրկվում կամ էլ կամավոր հրաժարվում են Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ Վրաստանում երկքաղաքացիություն չկա: Իսկ Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում՝ ջավախահայերը, 90 օրից ավելի Վրաստանի տարածքում ապրելու համար պետք է վիզա ունենան եւ իրենց սեփական տներում ապրելու համար 3 ամիսը մեկ նորից ու նորից երկարացնեն ժամկետային այդ վիզաները: Վիզային ռեժիմը խախտելու եւ անգամ մի քանի ժամով ավել իրենց սեփական տներում առանց վիզայի մնալու դեպքում ջավախահայերը տուգանվում են 180 լարիի չափով:
Վրաստանի իշխանությունները՝ վարչապետի եւ խորհրդարանի նախագահի մակարդակով, ՀՀ վարչապետին եւ ԱԺ նախագահին խոստացել էին խնդիրը լուծել 2015-ի առաջին եռամսյակում: Քաոսային իրավիճակը, սակայն, շարունակվում է: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը երեկ պատմել է, թե ինչ է այս օրերին կատարվում Ջավախքում:
– Պարոն Մկոյան, դեկտեմբերին ասել էիք, որ հանդիպել եք Վրաստանի արդարադատության նախարարի հետ, ով Վրաստանի քաղաքացիությունից զրկված ջավախահայերի ցուցակներն էր ուզել՝ խոստանալով վերականգնել նրանց քաղաքացիությունը, իսկ մյուսներին չզրկել քաղաքացիությունից: Այս ընթացքում քանի՞ մարդու խնդիր է լուծվել:
– Ես չգիտեմ՝ որտեղից եք դուք այդպես շուտ իմանում ամեն ինչ. ես երեկ էլ եմ հանդիպել նախարարի հետ, որպեսզի արդյունքների ամփոփում անենք: Ավելի քան 2 ժամ զրուցել ենք, շատ փաստեր կային թե՛ իր կողմից, թե՛ իմ կողմից, բոլորը ճշտեցինք: Ես 400-ից ավելի անձանց ցուցակ տվել եմ իրեն, որից 150-ի հարցն ինքն արդեն լուծել է, եւ 39 հոգու ցուցակ նա է ինձ տվել, որոնց տվյալները վրացական բազաներում չեն գտել: Ես հասկացա, որ նրանք բոլորը ՀՀ քաղաքացի հանդիսացող ջավախքցիներ են, Հայաստանում են ապրել մի փոքր, հետո ամուսնացել, հետ են եկել Ջավախք ու հիմա միայն հայկական անձնագիր ունեն, այդ պատճառով էլ նրանց տվյալները վրացական բազայում չեն գտել: Նախարարը խոստացավ 39-ին էլ օգնել: Իսկ եթե չստանան այդ անձնագրերը, նրանց 3 ամիս հետո էլի դուրս կհանեն երկրից: Մի բան ինձ դուր չեկավ, ինքն իմ առաջ փաստ դրեց՝ 500 ջավախքցի երեկ իրենց ձեռքով դիմում են գրել, որ չեն ուզում լինել Վրաստանի քաղաքացի: Ասաց՝ սա ո՞նց հասկանանք, մենք նրանց չենք ստիպել, մենք նրանց անձնագրերը չենք վերցնում: Ես բացատրեցի, որ այս մարդիկ ուղղակի վախենում են երեւի, որ հետո կարող է պրոբլեմներ լինեն: Հետո օրինակներ բերեցի, որ տարեկան մոտ 30-40 հազար հոգի Ջավախքից գնում է արտագնա աշխատանքի, ու այդ մարդիկ այնտեղ փող են աշխատում, յուրաքանչյուրը մինիմում 6-7 հազար դոլար, այսինքն՝ 300-400 միլիոն փող է մտնում Վրաստան: Ես 16, 17 տարի է պատգամավոր եմ, գիտեմ: Բա եթե այդ մարդիկ չգնան, ի՞նչ կլինի: Հարցը մինչեւ վերջ պիտի լուծենք, վերջացնենք, որովհետեւ իսկապես՝ ժողովուրդը չգիտի ինչ անի: Ոնց որ քաոս լինի: Պետք է այս հրաբուխը խաղաղեցնենք: Այդ 500-ը, որ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում են գրել, կանգնեցրել ենք պրոցեսը, որ չգնան: Հիմա ես պիտի հանդիպեմ նրանց հետ, ճշտեմ՝ ինչո՞ւ են գրել, ով է վախեցրել:
– Դուք ասում էիք, որ հարցը մարտին օրենսդրական լուծում կստանա: Մշակվե՞լ է նախագիծը:
– Այդ հարցի շուրջ երեկ խոսեցինք նախարարի հետ, դա միանգամից չի լինի, պիտի աշխատվի, երկար պրոցես է: Պիտի մենք հարցը դնենք խմբակցություններում, հետո՝ հանձնաժողովներում, բոլորը պիտի նայեն, հետո մտնի լիագումար նիստ: Արդեն գրել ենք նախագծի տարբերակը: Դա մինչեւ ամառ էլ որ լինի, շատ լավ կլինի: Ես նախարարի մոտ մի ընտանիքի օրինակ բերեցի, որը շատ ազդեց նրանց վրա: Պատմեցի, որ ինձ մոտ ընդունելության էին եկել մարդիկ, որոնց 8 տարեկան երեխան հիվանդ է, մայրը հայկական անձնագիր ունի, մորն ասել են՝ գնա, 3 ամիս հետո նոր կգաս: Պատկերացնո՞ւմ եք, երեխան հիվանդ, մորը չի կարողանում տեսնել, որովհետեւ նա հիմա մի ամիս է Հայաստանում է, 2 ամիս էլ պիտի սպասի, որ 3 ամիսը լրանա, որ գա երեխային տեսնի: Շատ ազդվեցին, ազգանունները գրեցին, հիմա աշխատում են նրանց հարցով:
– Պարզապես՝ Վրաստանի իշխանությունները Հայաստանի իշխանություններին խոստացել էին, որ 2015 թվականի առաջին եռամսյակում ջավախահայերի հարցը պիտի լիովին լուծված լինի:
– Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Աշխատանքային խումբ է ստեղծվել:
– Բայց Ջավախքում հսկայական թվով հայ է ապրում, այնինչ ընդամենը 150 հոգու խնդիր է լուծվել, այսինքն՝ մի քանի հազար մարդու խնդիր դեռ չլուծված է մնում, եւ մարդիկ իրենց սեփական տանն ապրելու համար վիզա պիտի ստանան, իսկ ձեր նշած գործընթացները շատ դանդաղ են ընթանում:
– Ասացի, որ նախարարը խումբ է ստեղծել, երեկ այդ հարցով իր մոտ կանչեց նաեւ Ախալքալաքի պատգամավորին՝ Սամվել Պետրոսյանին: Հիմա այդ ցուցակագրման աշխատանքները, որ Նինոծմինդայում, որտեղից ես պատգամավոր եմ, Ախալքալաքում կսկսվեն: Դա մեծ աշխատանք է, բայց պիտի անենք:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ մինչեւ հարցը օրենսդրական լուծում ստանա, բողոքի լուրջ ալիք բարձրանա, որովհետեւ այս ընթացքում ջավախահայերի արդեն մի քանի սպառնալի հայտարարություններ են հրապարակվել:
– Այս մի ամսվա մեջ արդեն երրորդ միտինգն են անում: Նախօրեին էլ խորհրդարանի նախագահի մոտ էին եկել մի քանի կազմակերպություններ, 2 հարց են դրել՝ մեկը անձնագրերի, մյուսը՝ լեզվի: Ես պարզապես Վրաստանում չէի, չեմ կարողացել այդ հանդիպմանը մասնակցել:
– Բայց հնարավոր կլինի՞ հարցը կարճ ժամկետում լուծել, ի վերջո, բարձր մակարդակով խոստում է եղել, իսկ մինչ խոստումը կկատարվի, Ջավախքը հայաթափվում է:
– Հավատացեք, Վրաստանի պետությունը շատ լուրջ այդ հարցով մտածում է, շատ ակտիվ ուզում է հարցը լուծի: Արդարադատության նախարարի հետ երեկվա հանդիպումն ինձ ընդհանրապես վստահեցրեց, որ ամեն ինչ անում են: Ես վարչապետին էլ եմ բացատրել խնդիրը: Մի դեպք էլ ձեզ ասեմ: Ախալքալաքի Դիլիսկա գյուղը շատ մեծ գյուղ է, տեղի հայերը հայտարարել են՝ մեր 2-րդ անձնագրերը հանձնում ենք, հիմա մեզ աշխատանք տվեք: Իսկ աշխատանք տալն այսօր շատ դժվար է: Մարդիկ հիմա ամեն ինչ անում են, որ ոչ թե Ջավախքից փախնեն, այլ որ իրենց ընտանիքները կարողանան պահել: Բոլորը Ռուսաստանում բարեկամներ ունեն, գործ են անում, գնում, 6 ամիս աշխատում, գալիս են իրենց տուն: Մեծ մասամբ սա է խնդիրը, մենք ի՞նչ կարող ենք անել:
– Իսկ երկքաղաքացիության հարցը օրենսդրական տեսքով չի՞ կարելի մտցնել խորհրդարան:
– Մենք երեկ այդ հարցով էլ խոսեցինք: Նախագահը կարող է շնորհել երկքաղաքացիություն, ասացինք՝ եկեք դա փոխենք, դարձնենք օրենք, որ 2-րդ անձնագիրը մարդիկ չհանձնեն: Աշխատանքային խումբը նշեց, հիմա պիտի գնան, վերեւներում զեկուցեն: Արագ պիտի այդ փոփոխությունները անենք, եթե դա արագ եղավ, ինձ թվում է, ամեն ինչ լավ կլինի:
Լուսինե Բարսեղյան, Armtimes.com












