Ծառուկյանին ուղղորդողների նպատակն է նրան մղել առաջ, իսկ պահը գալուն պես ասել՝ ցտեսություն
Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ
-Հայաստանի ներուժը ուսյալ, գիտելիք ունեցող խավն է, մինչդեռ այս տեսակը մեզանում անտեսված է, փոխարենը հարթակում հատնվել են հարուստ տգետները: Մարտնչող տգիտությունն ամենուր է: Նախագահի կողմից արտահայտված դիրքորոշումից հետո կարող ենք հուսալ, որ ոչ թե գործ ունենք մասնակի դեպքի հետ, այլ պայքար է սկսվում այս սարսափելի երևույթի դեմ:
-Ողբերգություն է, երբ այս կամ այն ոլորտում շարժիչ ուժը, ուղղորդողը դառնում է փողը: Նման մտածողության տեր անձանց համար աքսիոմատիկ ճշմարտություն է այն, որ փողով կարող են ամեն ինչ գնել, թե՛ մարդկանց, թե՛ գաղափարներ, միտք ու իշխանություն: Իսկ այս մտածողությունը տանում է համատարած խավարի, ուր չի կարող լույս լինել: Տգիտությունն ամենուր է իր սև գործն անում: Նմանները փողով իրենց բարեգործ են կարգել, ծախսում են որոշակի գումար, մինչդեռ դրա քառապատիկը ուղղում սեփական անձը գովազդելու համար: Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք ու լավ գիտենք, որ նման պահվածքը դեմ է աստվածաշնչյան պատգամներին, քանզի մարդն իր արածը չպետք է ի ցույց դնի մյուսներին: Էլ ի՞նչ բարեգործ, որ պետք է մարդկանց աչքը խոթես քո կատարածը, օրեր շարունակ հեռուստաեթերով տժվժիկի պատմություն դարձրած ի ցույց դնես գործերդ: Սա անբարոյականություն է, որ դարձյալ տգիտության հետևանք է:
Տգիտությունը չարիք է, մասնավորաբար, քաղաքական դաշտում: Բազմիցս ենք քննադատել այն խիստ մերժելի երևույթը, երբ ընտրություններում 5000 կամ 10 000 դրամով ընտրողների ձայները գնելով, մարդիկ մուտք են գործում Ազգային ժողով: Բազմիցս նաև հորդորել ենք մեր ժողովրդին, որ այդ գումարով կարող եք ընդամենը մեկ օրվա գոյության խնդիր լուծել, փոխարենը նպաստում եք, որ 5 տարով երկրի օրենսդիր մարմին մտնեն այդ դաշտի հետ ոչ մի առնչություն չունեցող մարդիկ:
Պայքարը տգիտության դեմ միշտ եղել է: Ժամանակին ինքս եմ հանդես եկել պատգամավորի կրթական ցենզի սահմանման մասին նախաձեռնությամբ ու նշել այն չափորոշիչները, որոնց բավարարման դեպքում միայն անձը կարող է առաջադրել իր թեկնածությունը: Եվ մենք այսօր, իրոք, ունենք քաղաքական խորհրդարան ձևավորելու խնդիր:
Տգիտությունը առավել վտանգավոր է դառնում, երբ այդ կատերգորիայի տեր անձինք հավակնում են քաղաքական դաշտում ստանձնել դիրիժորի, կամ առաջին ջութակի դեր, իրենց թույլ տալիս երկրի ապագան որոշողի հայտ ներկայացնել: Դա սարսափելի երևույթ է, սա նշանակում է՝ տգիտությունը ռևանշ է վերցրել:
Վերադառնալով ձեր հարցին ասեմ, որ պայքարը տգիտության դեմ միշտ էլ եղել է: Պարզապես, այսչափ հասարակական հնչեղություն չի ստացել, ու երբ այս մասնավոր դեպքի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, մարդիկ հարցրին՝ նոր սկսվե՞ց:
–Մարդիկ նաև հարցնում են՝ ինչո՞ւ այս պահին և ինչո՞ւ Ծառուկյանից սկսվեց:
-Այդ պայքարը այս պահին չի սկսվել, նոր երևույթ չէ, եթե հետևեք վերջին տարիներին իրականցված մեր կադրային քաղաքականությանը, կհամոզվեք դրանում, քանի որ հիմքում ընկած է պրոֆեսիոնալիզմը: Այս տրամաբանությամբ է ձևավորում կառավարությունը, պետական ինստիտուտները: Այսինքն, մեր նպատակն է վարել այնպիսի կադրային քաղաքականություն, որն ինքնին կպայքարի տգիտության դեմ: Իսկ եթե ոմանք կարծում են, որ նոր է սկսվում, ուրեմն թող լինի այդպես՝ սա սկիզբ է, բայց ոչ ավարտ:
-Բազմիցս է ասվել, որ քաղաքագիտության տեսանկյունից անգրագիտություն է “այլընտրանք” ասվածը: Գուցե դա ձեռնտու էր ԲՀԿ-ին. հայտարարում էր իրեն այլընտրանք, օգտվում իշխանության ենթադրած արտոնություններից, բայց իրականում արմատական խաղեր տալիս: Այսուհետ այլընտրանք քաղաքական տունտունիկն ավարտված է՞:
-Գիտեք, հետաքրքիր իրավիճակ է. կարծում եմ, որ Ծառուկյանի կողմից ԲՀԿ-ն այլընտրանք համարելը անմիջական մի բան էր, քանի որ Ծառուկյանը մշտապես դեմ է եղել ընդդիմություն կոչվելուն: Եվ ինձ թվում է, որ իրենց այլընտրանք հայտարարելով ԲՀԿ-ական որոշ դեմքեր, այդ թվում և ղեկավարը, նպատակ ունեին մնալ կառուցողական դաշտում ու հնարավորություն ունենալ սառեցնել այն բոլոր քաղաքական տաք իրավիճակները, որի մեջ, անկախ իրենց կամքից, կարող էին հայտնվել: Բայց անտեսել էին մի կարևոր հանգամանք՝ այդ ճահճից խուսանավելու համար հարկավոր է ունենալ կամքի ուժ և ճկուն ուղեղ, ցավոք, թե՛ մեկը, թե՛ մյուսը ԲՀԿ ղեկավարի մոտ բացակայել է: Ու իրենից ակամա նա խորացավ քաղաքական ճահճի մեջ: Սա փաստում է այն մասին, որ ուղղորդողներն իրենից ավելի խելացի գտնվեցին:
Իսկ ուղղորդողների համար միշտ էլ ձեռնտու է գործ ունենալ տգետ անձի հետ, որից ազատվելը, իրենց համար նախընտրելի փուլում, կլինի շատ հեշտ: Բերեմ կոնկրետ օրինակ, եթե այդ ուժերի նպատակը իշխանափոխություն անելն է ինչո՞ւ չմիացան պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ նախագահի իմպիչմենտի նախաձեռնությանը: Չմիացան, որովհետև իրենց համար ձեռնտու չէր, որ իշխանափոխությունը կատարվեր Նիոկոլ Փաշինյան քաղաքական գործիչի ձեռքով, որովհետև նրանք չեն կարող Փաշինյանին ուղղորդել, նրան ելույթի տեքստեր հրամցնել, իսկ հարկ եղած դեպքում հեշտությանբ ազատվել նրանից: Հետևաբար, նրանց համար ձեռնտու է մի այնպիսի դերակատար, ում կարող են հեշտությամբ կառավարել և ումից էլ ցանկացած պահին կարող են հեշտությամբ ազատվել: Այդպիսին է Գագիկ Ծառուկյանը:
Եթե այլընտրանք կոչվելով Ծառուկյանը անկեղծ նպատակներ ուներ, այսինքն, չհայտնվել արմատական ընդդիմության դաշտում, ապա նրան շրջապատած անձինք, լինելով քաղաքականապես ճկուն, փորձառու, կարողացան նրան աստիճանաբար տանել իրենց հետևից, իսկ Ծառուկյանն էլ չգիտակցելով, աստիճանաբար գնաց ու խրվեց այդ ճահճի մեջ:
Եթե ԲՀԿ ղեկավարը մեծ ցանկություն ունի դառնալ նախագահ, եթե իր կողքիններն իրեն են տեսնում այդ պաշտոնում, ինչու 2013-ին նա սահմանադրական ճանապարհով չառաջադրեց իր թեկնածությունը: Պարզ պատճառով, Ծառուկյանի խորհրդատուները այլ նպատակ ունեն ՝ ալեկոծել Հայաստանը: Եվ ահա օգտվելով նրա կարճատեսությունից, խաղացնելով, կամաց-կամաց առաջ մղեցին ու հասցրեցին այսօրվան, որից Ծառուկյանն այլևս տարբերակ չունի հրաժարվելու:
Դա են հաստատում Լևոն Տեր-Պետոսյանի վերջին խոսքերը, նա միշտ նպատակ է ունեցել՝ Ծառուկյանին մղել առաջ, իսկ պահը գալուն պես ղեկը վերցնել իր ձեռքը: Այդ փորձը մեկ անգամ կատարեց, երբ հանրահավաքի ժամանակ փորձեց ԲՀԿ-ի ռեսուրսի վրա ստանձնել դերակատարություն: Սակայն այդ պահին Ծառուկյանին ճիշտ հուշեցին՝ չես տեսնո՞ւմ, ինչ է ուզում անել: Ու ԲՀԿ-ն ճիշտ քայլ արեց՝ հայտարարեց՝ գնացեք ամեն մեկդ ձեզ համար միտինգ արեք: Եվ ՀԱԿ-ի, ու <Ժառանգության> հրավիրած հանրահավաքները ցույց տվեցին, թե իրականում ի՞նչ քաղաքական ուժեր են իրենք, ուժեր, որոնց կողքին 10 հոգի անգամ չի հավաքվում:
Եվ նորից սկսեցին գաղտնի բանակցություններ վարել Ծառուկյանի հետ: Վերջինս չունենալով ճկուն միտք, մի կողմից խոսում էր այն մասին, որ ինքը երբեք չի կարող դեմ գնալ գործող նախագահին, հայտարարում՝ ո՞վ է իմ բերանից լսել, որ ես հրաժարական պահանջեմ, բայց մեկ էլ նորից տրվելով կուլիսային բանակցություններին հերթական անգիտակից քայլն էր անում: Աբսուրդ է, թատրոն: Անգամ չէր գիտակցում, որ եթե ԲՀԿ քաղխորհրդի անդամները ամեն օր խոսում են իշխանափոխությունից այդ ամբողջ պատասխանատվությունն իր վրա է ընկնելու: Լինել կուսակցության լիդեր ու այդ ամենը չգիտակցել, նշանակում է չտիրապետել իրավիճակին:
Ծառուկյանն այլևս հայտնվել է անելանելի վիճակում, ելք չունենալով դուրս գալ ճահճից նրան մնում է կատարել իր ուղղորդողների ցանկությունը: Իր շրջապատի քաղաքական ուժերի հաջորդ քայլը լինելու է այն, որ Ծառուկյանի ձեքով շագանակներ հանելուց հետո կասեն՝ դու քո դերը ունեցար, հիմա ցտեսություն:
ՀՀԿ-ն ասում է՝ եղբայր, դու գնա քո գործով զբաղվի, գործարար մարդ ես, ու քեզ հրողները, ուղղորդողները թող իրենք գան առաջին պլան, տեսնենք ի՞նչ են ուզում, ի՞նչ ցնցումների են ուզում մղել մեր երկիրը:
Իսկ թե այսօր որքանո՞վ կարելի է ավարտված համարել <այլընտրանք>-ի քաղաքական տունտունիկը, դեռ չեմ կարող ասել, քանի որ այդ մասին հայտարարություն դեռ չեն արել: Չնայած մեզ համար իրենք վաղուց ընդդիմություն են:
-Ձեր խոսքից գալիս ենք հետևյալ եզրակացության. եթե քաղաքական դաշտում թվաքանակով երկրորդ ուժի լիդերը անձ է, որին կարող են ամեն պահի ուղղորդել՝ այսօր ներքին, վաղը արտաքին ուժերը, կնշանակի ազգային անվտանգության հետ կապված լուրջ խնդրի առաջ ենք:
-Այո: Այսօր հանրության շրջանում այն միտքն են շրջանառում, թե ժամանակը գտա՞ք Ծառուկյանին քննադատելու, երբ ունենք սահմանային լարվածություն, կանգնած ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, այսօ՞ր պիտի անձի հարց բարձրացնեիք: Սակայն խորը դիտարկելով կատարվողը ես ասում եմ, սա անձի հարց չէ, սա անվտանգության խնդիր է, քանզի անձին առաջ մղելով մի խումբ մարդիկ ցանկանում են մեր երկրում ստեղծել անվերահսկելի իրավիճակ:
Եթե ուսումնասիրում ենք Ուկրաինայի դեպքերը, մի կողմ թողնենք արտաքին միջամտությունը, նկատում ենք, որ ներսում կային լուրջ խմորումներ, օլիգարխներն ասում էին՝ մենք ենք այս երկիրը ղեկավարելու ու իրենց չհաշվարկված ոչ բանիմաց քայլերի արդյունքում <մայդան> սարքեցի: Եվ Ուկրիանայի նման հարուստ երկիրը հողին հավասարեցին: Եթե ոմանք նման հաշվարկներն ունեն նաև Հայաստանում՝ չարաչար սխալվում են:
Պետությունը կանի հնարավորը այսօր իսկ կանխելու այդ վտանգի ընթացքը, որպեսզի հետո դժվար չլինի: Այո՛, գտնվում ենք սահմանային պատերազմում, առջևում Հայոց ցեղասպանության 100-ամյակն է, մեզ նետված են տարբեր մարտահրավերներ, երկրում կան սոցիալական խնդիրներ, ու այդ ամենը ներքին միասնականությամբ պետք է լուծենք, ոչ թե ներքաղաքական լարվածությամբ:Հետևեք ադրբեջանական մամուլին, կհամոզվեք, թե ինչպիսի՜ հրճվանքի մեջ է մեր թշնամին, որ Հայաստանում կա նման լարվածություն:
Ուրեմն, մենք իրավունք չունենք մեր պետությունը մղել ցնցումների: Եվ նման մտադրություններ ունեցողները կկրեն ողջ պատասխանատվությունը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












