Ռուբեն Սաֆրաստյանը՝ ցյուրիխյան արձանագրությունները հետ կանչելու մասին. «Պահը հասունացել էր»
«Ես կանխատեսել էի, որ մինչեւ ապրիլի 24-ը նախագահը հետ կկանչի ցյուրիխյան արձանագրությունները, ընդհանուր առմամբ, տեղի ունեցավ այն, ինչ ես կանխատեսել էի, նույնիսկ՝ ավելի շուտ»- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետ կանչելուն, ասաց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով՝ արդեն պահն հասունացել էր եւ տեղին էր Սերժ Սարգսյանի՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչելու որոշումը.
«Սա ցույց է տալիս, որ Հայաստանը շատ բացասական վերաբերմունք ունի թուրքական իշխանությունների այդ լկտի պահվածքի նկատմամբ, որը գնալով ավելի շատ է ի հայտ գալիս Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին:
Այդ Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները ապրիլի 24-ին նշանակելը՝ բացասական արարքը, երբ աշխարհով մեկ հրավերներ ուղարկեցին, ժխտողական քաղաքականության շարունակությունը դրա հետ է կապված»:
Հիշեցնենք՝ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին նամակով դիմել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչելու իր որոշման մասին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ












