Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը իսկապես կայացել է, սառույցը հալվում է
Քիչ առաջ կայացել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: 168.am-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Իսկապես հանդիպումը տեղի է ունեցել: Մենք մշտապես ասել ենք, որ պետք է հարթվեն սուր անկյունները, կողմնակից ենք հարաբերությունների բարելավմանը և մեր համեստ ջանքերն ենք գործադրել այդ հաշտեցման ուղղությամբ: Շատ ուրախ ենք, որ հանդիպումը վերջապես կայացել է, կոնտակտը առաջացել է և սառույցը հալվում է»,-ասաց Ա. Ռուստամյանը:
Մինչ այդ armlur.am լրատվականը գրել էր, որ երեկ Հայաստան է ժամանել «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվաբնակ Սամվել Կարապետյանը, որպեսզի հաշտեցնի Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին: Երեկ գիշեր միմյանց են հանդիպել Ծառուկյանն ու Կարապետյանը, որոնց է միացել նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ում անունը դեռ հայտնի չէ: վ Զրուցել են իրավիճակից դուրս գալու ելքերի մասին: Կարապետյանն ասել է, թե ինչ և ինչպես անել, որպեսզի և՛ գառները ողջ մնան, և՛գայլերը կուշտ լինեն: Լրատվականին հայտնի էր դարձել նաև, որ Սամվել Կարապետյանը հանդիպել է նաև Սերժ Սարգսյանին, երկար զրուցել նրա հետ, բացատրել, որ շատ հարցերում ոչ թե Ծառուկյանն է մեղավոր, այլ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը գծագրել է ողջ սցենարը: Այդ տեղեկությունից հետո Armlur.am-ը հրապարակել էր, թե բանակցությունները հանգեցրել են նրան, որ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Ըստ տեղեկությունների՝ զույգն առանձնազրույցի արդյունքում եկել է ընդհանուր հայտարարի, իսկ Սարգսյան-Ծառուկյան հաշտեցման քաղաքական միջնորդի դերը ստանձնել է Հայ հեղափոխական դաշնակցությունը: Որպեսզի և՛ ՀՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն իրենց թիմերով նահանջի ճանապարհին խայտառակ չլինեն, ՀՅԴ-ն որոշել է բարձրացնել խաղաղության դրոշը: «Այդ մարդիկ պետք է հաշտվեն, չհաշտվելը նշանակում է պատերազմ: Երկու մարդու հետևում կանգնած ուժերն իրար ինչ ասես ասեցին` էլ գող փիսո, էլ քաչալ շուն: Այսօր արդեն Դաշնակցությունն աշխատում է հաշտեցնել երկուսին: Մենք մեր կոնտակտներն օգտագործում ենք, հիմա ես չեմ ուզում շատ բաներ հրապարակել, որովհետև, Աստված տա, հաջողվի»,-A1plus.am-ի հետ զրույցում ասել է Արմեն Ռուստամյանը: Այսպիսով՝ ՀՅԴ-ն միանգամից երկու հարց է լուծում՝ և՛ մտնում է իշխող կոալիցիայի մեջ, կամ այլ ֆորմատով սերտ համագործակցում է իշխանության հետ, և՛ հանդես է գալիս հերոսի կերպարով, որը կանխեց արնահեղությունը:












