Քաղաքական դաշտից մինչև մտավորականություն՝ ինքնամաքրման կարիք կա
Հարցազրույց արձակագիր ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ հետ
-Անկախացման առաջին տարիներին դժգոհում էինք, որ մտավորականները հախուռն մտնում են քաղաքական դաշտ` կուսակցականանում: Իսկ հետո մտահոգվեցինք, երբ կատարվեց հակառակ երևույթը. մտավորականը հեռացավ քաղաքական դաշտից ու նրան փոխարինելու եկան կուսակցական խողովակներով ՙմեյդան՚ մտած, պետականության ընկալումից զուրկ, քաղաքականությունն իրենց բիզնես շահերին ծառայեցնող օլիգարխները: Եվ այս ամենի արդյունքում, ինչպես ասում են, ունենք այն՝ ինչ ունենք:
-Այո, առանց բարձրակարգ մտավորականության չի կարող քաղաքական դաշտն ընթանալ դրական, բարի ուղղությամբ, առանց մտավորականության ոչ երկիր է լինում, ոչ էլ քաղաքականություն: Ցավոք, մեր մտավորականությունը ակտիվ մասնակցություն չունի այդ գործընթացներին: Ինչո՞ւ. մի բան նկատի ունեցեք, մեր մտավորականությունը ավանդաբար վախեցած է՝ սկսած Հայոց ցեղասպանության տարիներից: 1915 թվականին մտավորականության ոչնչացմամբ սկսվեց ու շարունակվեց Ցեղասպանությունը: Հիշենք նաև 1937 թվականը: Հայ մտավորականությունը վախեցած է ավանդաբար: Դրան էլ ավելանում է այն, որ այսօր մեր մտավորականությունը վատ է ապրում, հազար ու մի կենսական խնդիրներ ունի, որոնք տասնամյակներ շարունակ չեն լուծվում, ուրեմն պետք չէ մտավորականությանը մեղադրել, նրան պետք է հասկանալ:
-Ոչ թե մեղադրում ենք, այլ հակառակը՝ փաստում, որ մտավորականության հեռանալով քաղաքական դաշտում պակասեց միտքը, ինչից և տուժեց այդ դաշտը: Թերևս քաղաքական դաշտի չկայացվածության պատճառներից մեկն էլ հենց դա է:
-Քաղաքական դաշտում և՜ միտքն է բացակայում, և՜ հոգին, և՜ սիրտն է բացակայում, և՜ հավատը: Ի վերջո, ազգային գաղափարախոսությունն է բացակայում: Տարիներ առաջ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի ծիծաղելի բան ասաց, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Մեր ազգային գաղափարախոսությունը սկսվել է Մեսրոպ Մաշտոցով, հայոց տառերի ստեղծումով: Ինչպե՞ս կարելի էր նման միտք ասել, դա նախագահին վայել խոսք չէր:
Դառնալով ձեր հարցին ասեմ, որ մտավորականության հեռանալով տուժեց և՜ քաղաքական դաշտը, և՜ հասարակությունը: Մտավորականությունը դուրս մղվեց, մի կողմ քշվեց պաշտոնական, պետական դիրքերից, նկատի ունեմ ակադեմիական ինստիտուտները, ԲՈՒՀ-ը: Եվ դա շատ տխուր երևույթ է: Հազար անգամ կարող եմ կրկնել վերը ասածս միտքը՝ առանց մտավորականության չի կարող բարվոք երկիր լինել: Այսօր քաղաքական դաշտում, իշխանության մեջ իսկական, բարձր մտավորականությունը դարձել է փնտրվելիք երևույթ: Մինչդեռ ես կուզենայի, որ լինեին այնպիսի մտավորականներ, որոնք և՜ հասարակական, և՜ գիտական, և՜ հոգևոր առումներով քաղաքական լիդերներին, իշխանական վերին օղակներին կհուշեին՝ ինչպե՞ս ապրել, ի՞նչ անել և ի՞նչ չանել:
-Նախագահ Սարգսյանն իր հայտնի ելույթում մի կարևոր միտք արծարծեց, թե ժամանակն է քաղաքական դաշտը մաքրել ֆեոդալական տրամաբանությունից, ժամանակն է քաղաքական դաշտում տեղ բացել քաղաքական գործիչների համար: Ինչպե՞ս, ինչի՞ց սկսել:
-Ես շատ եմ ցավում, որ այսօր մեր պետականությունը վտանգված է նաև այն պատճառով, որ քաղաքական դաշտում իշխում է ֆեոդալական տրամաբանությունը: Եվ շատ ճիշտ է նախագահի այդ առաջարկը, պետք է մաքրել ՙավգյան ախոռները՚: Իսկ այդ մաքրման գործին պետք է բոլորս մասնակցենք: Ու նաև ինքներս պետք է մաքրվենք: Ճանապարհը սա է: Ոչ միայն քաղաքական դաշտը, այլև մեր հասարակությունը պետք է մաքրվի: Անցյալից մեկ օրինակ բերեմ, այդ հասարակությունը չէ՞ր, որ 30-ականերին Չարենցին, Բակունցին, Մահարուն ու Թոթովենցին ժողովրդի թշնամի հռչակեց: Մենք պետք է այսօր ևս շատ զգույշ լինենք:
Դառնալով մտավորականությանն ասեմ՝ ոչ միայն քաղաքական դաշտը, այլև մտավորականությունը ևս պետք է ինքնամաքրվի: Քիչ մտավորականներ կա՞ն, որոնք երեկ մի բան էին ճառում, այսօր մեկ այլ բան: Կեղծ մտավորականություն էլ կա ու դա ևս պետք էլ նկատի ունենանք:
Մի քիչ պետք է ծովին նմանվենք. ծովը իր ալեկոծումներով, շարժումներով միշտ իրեն մաքրում է, ինքնամաքրվում է, ազատվում՝ իր մեջ եղած բացասականից: Այդպես էլ մենք պետք է մաքրվենք: Բայց ես դեմ եմ հեղափոխական ցնցումներին, որովհետև, հեղափոխություններն իրենցից հետո լավ հետք չեն թողնում:
-Իսկ այսօրվա մտավորականը պատրա՞ստ է իր գաղափարներով դառնալ քաղաքական կյանքի ակտիվ մասնակից, նպաստել պետականաշինությանը՝ առանց կուսակցականանալու, առանց առաջնորդվելու նեղ թիմային շահերով, առանց կորցնելու իր կապը ժողովրդի հետ: Մենք ունե՞նք այդպիսի մտավորականություն:
-Իհարկե, ունենք և՜ նա պատրաստ է: Բայց ես ուզում եմ ասել հետևյալը. պետք չէ մտավորականությանը քաղաքականացնել, մտավորականության քաղաքականությունը իր գիտությունն է, իր գեղարվեստական աշխատաքն է, հոգևոր ձգտումներն են: Եվ ընդհանրապես, պետք չէ հասարակությանն էլ այսչափ քաղաքականացնել: Ի վերջո, թող ամեն մեկն իր գործով զբաղվի, դրանով կարող է նա իր ազգին օգտակար լինել: Բայց մենք հաճախ տեսնում ենք, որ ոչ թե իրենց գործով են զբաղված, այլ քաղաքականություն են խաղում՝ սեփական սկզբունքները մոռացած: Այսօր քամին որտեղից փչում է, այն կողմն էլ թեքվում են:
–Բայց խոսքս ոչ թե մտավորականությանը քաղաքականացնելու մասին է, ամենևին, այլ նրա առողջ, ողջամիտ հատվածի ձայնը հասարակությանը լսելի դարձնելու:
– Իհարկե, դա շատ կարևոր է, ու այդ առումով մտավորականությունը մեծ դեր ունի անելու, միշտ էլ մեր ժողովրդին պահել-պահպանել է մեր գիտությունը, արվեստը, մեր գիտելիքը: Ինչո՞ւ 1915-ին թուրքը նախ և առաջ սպանեցին հայ մտավորականներին, որովհետև լավ էր հասկանում, որ այն ժողովուրդը ով չունի մտավորականություն կամ ունեցածը պասսիվ է, նրա հետ հեշտ է հաշվեհարդար տեսնելը: Կուրծք ծեծելով հայրենասեր չես լինի, աշխատանքով պետք է քո հայրենասիրությունը ցուցանես:
-Ի դեպ, քաղաքական որոշ ուժեր արդեն իսկ քայլեր են սկսել մտավորականությանը, հասարակական շերտերին աշխուժացնելու ուղղությամբ: Նման նպատակ ունի Դաշնակցությունը ու արդեն իսկ սկսել է համարժեք նախաձեռնությամբ հանդես գալ՝ հանրային քննակումներ կազմակերպելով հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ: Մեկնարկն էլ արդեն տրված է՝ մտավորականության հետ հանդիպմամբ:
-Ողջունելի է: Ինքս ավանդական Դաշնակցության համակիր եմ, բայց ներկայիս Դաշնակցությունը համարում եմ շատ պասսիվ: Ես կարծում եմ, որ Դաշնակցությունը շատ ավելին կարող է անել, քան անում է, շատ ավելի ճիշտ կարող է մտածել ու գործել: Հիշո՞ւմ եք չարենցյան հայտնի խոսքը՝ ով հայ ժողովուրդ քո հաղթանակը քո միասնության մեջ է: Բայց կարծես թե մեր մեջ միասնական դառնալու ձգտում չկա: Ու այդ մտքից սիրտս ցավում է…
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












