Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ԲՀԿ-ն իմիջայլոց ստեղծված կազմակերպություն է

Փետրվար 20, 2015թ. 22:42

Հույս կար, թե ԲՀԿ-ն ի զորու կլինի քաղաքական դաշտում ձևավորել ընդդիմադիր բևեռ, մինչդեռ, ապացուցեց, որ այդ դերակատարումն իր ուժերից վեր է, որ լինելով օլիգարխիկ կուսակցություն անկարող է քաղաքական ուժին վայել դեր ստանձնել: Ի՞նչ ճակատագիր է սպասվում այս կուսակցությանը, հարցին քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը պատասխանեց.

<ԲՀԿ-ն իմիջայլոց ստեղծված կազմակերպություն է: Այդ մասին է վկայում անգամ նրա անվանումը: ԲՀԿ-ն ստեղծողներն այնքան անփույթ են եղել, որ անգամ անվանումն են անհաջող ընտրել. հապավման մեջ չկա գոնե մեկ ձայնավոր, որ նրա արտաբերումը դարձնի բարեհունչ: Քաղաքական <տախտակի> վրա տեղ զբաղեցնող այդ ուժը որքան շուտ դառնա քաղաքական, այնքան լավ: Բայց այդպես չի լինում, քանի որ հնարավոր չէ գոյություն չունեցող ինչ-որ բանի համար քաղաքական նպաստավոր կուրս առաջարկել: Քաղաքական ուժն ի սկզբանե պետք է կառուցվի քաղաքական ծրագրի վրա ու դրա շուրջ համախմբի գաղափարակիրներին: Իսկ ծրագիրը պետք է լինի առաջընթաց ապահովող: Մինչդեռ, ԲՀԿ-ն սխալ է կառուցված, քանզի նրա ծրագիրը կազմաքանդիչ է, հետևաբար, դրա շուրջ էլ համապատասխան թիմ է ձևավորվել:

Երբ ստեղծվեց ԲՀԿ-ն՝ կազմաքանդելը մի տեսակ մոդա էր, Հայաստանի քաղաքական դաշտի նկատմամբ կար արհամարհական վերաբերմունք, իշխում էր այն վտանգավոր մտածողությունը, թե՝ ով ուզենա կարող է քաղաքականությամբ զբաղվել>:

Ըստ Ազատ Արշակյանի, այսօր տեղի է ունենում ԲՀԿ-ի ինքնաքայքայման գործընթաց: Իսկ թե դրա արդյունքում որտե՞ղ կապաստանի ԲՀԿ-ի քաղաքական թևը, Արշակյանն ասաց.<ԲՀԿ քաղաքական թև ասվածն այնքա՜ն շինծու է, հենց որ Ծառուկյանը փակեց իր դրամապանակը, ընդորում, ապօրինի ֆինասավորվող դրամապանակը, քաղաքական կուսակցությունը կդադարեցնի իր գործունեությունը, որովհետև այնտեղ վարձով աշխատող մարդիկ շա՜տ կան: Իսկ ԲՀԿ-ի փոխարեն դաշտում կհայտնվեն սոցիալ-դեմոկրատական արժեքներ հետապնդող ուժերը, որոնք բարձրացնելով իրենց դրոշը կդառնան ՀՀԿ-ի քաղաքական մրցակիցը>:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն