«Դվին» հյուրանոցի նախագիծն ուղարկվել է վերանայման
Վերջին տարիներին քննարկումների ու վեճերի առարկա դարձած «Դվին» հյուրանոցում այսօր շինարարական եռուզեռ է. շենքում վերափոխման, ավելի ճիշտ՝ դեռ քանդման աշխատանքներ են ընթանում, չնայած նրան, որ ապագա ամբողջական կառույցի էսքիզային նախագիծն անգամ չի էլ հաստատվել իրավասու կառույցի ու մասնագետների կողմից
Առայժմ միայն շենքի քանդման ու շինարարության թույտվությունն է տրվել: Բայց կառուցապատողը շտապել է հանրությանն ի տես ինչ-որ նախագիծ փակցնել հյուրանոցի պարսպին ամրացված վահանակի վրա՝ իբր թե ապագայում «Դվին» հյուրանոցը հենց այդպիսի տեսքով է ներկայանալու: Նախագծում պատկերված է արդիական ոճով հսկայական համալիր, որում նախկին «Դվին» հյուրանոցի տեսքն ամենեւին պահպանված չէ, դրանում արտացոլված են ոչ թե ազգային ճարտարապետության ավանդույթներն ու դիմագիծը, այլ արեւմտաեվրոպական ու արաբական ոճերի համադրությամբ արված անհասկանալի մոտեցումներ:
Այս ամենը վրդովեցրել է հյուրանոցի ու Երեւանի ճակատագրով, ճարտարապետական տեսքով մտահոգ մասնագետներին ու քաղաքացիներին, ովքեր շինարարական աշխատանքները սկսվելուն պես հորդորում էին քաղաքային իշխանություններին գոնե թե այս հյուրանոցի հարցում հապշտապ որոշումներ չկայացնել, ոչ թե կուլ գնալ կառուցապատողի քմահաճույքին, այլ պարտադրել նրան այնպես վերակառուցել «Դվինը», որ, նախ, չաղավաղվի հին հյուրանոցի ամբողջական տեսքը, եւ որ այն մայրաքաղաքի ճարտարապետական տեսքին համարժեք լինի:
Կարծես թե մասնագետների հորդորներին ականջալուր լինելով՝ օրերս Երեւանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության եւ տրանսպորտի խորհրդի նիստում քննարկման է ներկայացվել հյուրանոցային համալիրի վերակառուցման էսքիզային առաջարկը, որը կառուցապատող ընկերության պատվերով կազմել են կանադացի ճարտարապետները: Խորհրդի անդամները քննարկման ժամանակ հնարավորություն ունեցան հայտնելու իրենց մտահոգությունները, կարծիքներն ու առաջարկները՝ հույս ունենալով, որ այդպիսով կազդեն ապագա շինության նախագիծը հաստատելու քաղաքապետարանի որոշման հիման վրա ու կնպաստեն նոր նախագծի ստեղծմանը:
Քննարկմանը ներկա է եղել նաեւ հյուրանոցի ճարտարապետներից ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ: Նա վրդովմունքով է խոսում այդ նախագծի մասին՝ ասելով, թե դեմ է դրան, քանի որ ավելի շուտ առաջին կուրսի ուսանողական աշխատանք է հիշեցնում։ Սա խորքային ու լուրջ մոտեցում չէ գործին, առավել եւս այնպիսի շինության, որը մեզ համար հասարակական, պետական նշանակություն ունի:
Եվ հետո՝ ճարտարապետը մտահոգված է նաեւ, որ նոր նախագծով հյուրանոցի նախկին շենքից գրեթե ոչինչ չի մնալու, թերեւս միայն հիմնակմախքը, մինչդեռ իրենք տարիներով պայքարում են շենքը նույնությամբ կամ գոնե թե չնչին փոփոխություններով վերաշահագործելու համար։ Իսկ նախատեսված վերակառուցումը շինությունը քանդելուն եւ դրա փոխարեն ուրիշ շենք կառուցելուն է հավասարազոր:
Քաղաքաշինական խորհրդի անդամ, ճարտարապետ ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆԸ նշեց, որ քննարկմանը գրեթե բոլոր դիտարկումները քննադատական էին, մերժողական՝ ճարտարապետական, տեխնիկական եւ բարոյական դիտարկումներով. «Քննարկմանը նախագիծն արդարացնող որեւէ դրական ելույթ չեղավ, դրական եզրակացություններ չտրվեցին, քանի որ այն բազմաթիվ թերություններ ունի եւ այդ տեսքով չի կարող ընդունելի լինել ո՛չ մասնագետներիս, ոչ էլ երեւանցիների համար:
Ներկայացված նախագծում ծավալատարածական հորինվածքի, միջավայրի գերբեռնվածության եւ ճարտարապետական ոճական լուծումների անհամապատասխանություն կա, բացի դրանից, այն այլանդակում է ամբողջ ներկայիս շինությունը, որից ոչինչ չի մնում: Թեեւ նախագծի հեղինակը պնդում էր, թե ամեն ինչ արել է շինության տեսքը պահպանելու համար, սակայն դա այդպես չէ, շենքի արտաքինը ամբողջությամբ վերափոխված է, դրանից որեւէ դետալ չի պահպանվել»:
Ճարտարապետը զարմանում է, թե ինչպե՞ս կարելի է մեզ համար կարեւոր շինության նախագծման աշխատանքները հանձնել ճարտարապետական այնպիսի խմբի, որի մասնագիտական մակարդակը կասկած է հարուցում: Կանադացի ճարտարապետները, ըստ նրա, մասնագիտական առումով բավական թույլ են, ինչի մասին կարելի է դատել նրանց էսքիզային նախագիծն ուսումնասիրելով։ Թեեւ նրանք քննարկման ժամանակ միաբերան պնդել են, թե 30 տարվա նախագծման փորձ ունեն ու մինչ օրս որեւէ նախագիծ չեն ձախողել: Բայց գործը հակառակի մասին է վկայում, կամ էլ գուցե մինչ օրս նրանց պատասխանատու եւ բարդ նախագծեր չեն պատվիրել:
Մինչդեռ Սաշուր Քալաշյանը «Դվին» հյուրանոցն իր արժեքով ու նշանակությամբ պատմամշակութային ազգային հուշարձան է համարում. «Հետո ինչ, որ այն չի ընդգրկվել պետության կողմից պահպանվող պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, փոխարենը ժամանակին շենքը պետական մրցանակի է արժանացել, իսկ դա արդեն արժեւորման չափանիշ է: Ուստի շենքի ապագա տեսքի նախագծմանը հարկավոր է ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել»:
Սաշուր Քալաշյանի տեղեկացմամբ՝ թեեւ քննարկման ժամանակ խորհրդի որեւէ անդամ դրական եզրակացություն եւ հավանություն չի տվել կառուցապատողի ներկայացրած նախագծին, բայց, ի վերջո, խորհուրդը վճռորոշ ձայն չունի, այն միայն խորհրդակցական գործառույթ է կատարում, եւ ներկա նախագծի կյանքի կոչման կամ մերժման մասին որոշումը պետք է քաղաքային իշխանությունները կայացնեն՝ հաշվի առնելով խորհրդի անդամների կարծիքը:
Բարեբախտաբար խորհրդի անդամների կարծիքը հաշվի առնելով՝ քննարկման ժամանակ որոշում է ընդունվել նախագիծը վերադարձնել վերամշակման եւ փոփոխություններ կատարելու համար, որից հետո այն կրկին կներկայացվի խորհրդի քննարկմանը:
«Դվին» հյուրանոցի չհաջողված նախագծի վերաբերյալ քաղաքաշինական խորհրդի դիտարկումները Երեւանի գլխավոր ճարտարապետ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ տեղին է համարում եւ ասում, որ նախագծի մերժումը նախնական տեսքով բնականոն երեւույթ է, պարտադիր չէ, որ առաջին իսկ ներկայացմամբ այն հաստատվի:
Առավել եւս եթե օտար ճարտարապետներ են ստանձնել հայկական ճարտարապետական չափորոշիչներով կառուցված շինությունն արդիականացնելու գործը: Ըստ նրա՝ հայկական ճարտարապետությունն օտար ճարտարապետների համար դժվարընկալելի է: Ցանկացած ճարտարապետ պետք է հաշվի առնի եւ խորությամբ կարողանա ընկալել տվյալ հասարակության, ժողովրդի ակնկալիքները, ավանդույթները, ճարտարապետական ոճական առանձնահատկությունները: Ուստի նրանց հարկավոր է ժամանակ տալ եւ ճիշտ խորհուրդներով ուղղորդել, որպեսզի թե՛ մեզ համար, թե՛ իրենց համար երկուստեք ընդունելի նախագիծ ստեղծվի:
Գլխավոր ճարտարապետը նաեւ հիշեցնում է, որ հյուրանոցը ոչ թե վերականգնվում է, այլ վերակառուցվում: Իսկ դրանք տարբեր հասկացություններ են: Վերականգնման ժամանակ հնարավոր կլիներ նույնությամբ պահպանել ներկայիս շինության տեսքը: Իսկ վերակառուցումը ենթադրում է տեսքի մասնակի փոփոխություն, նոր բաղադրիչների հավելում՝ ըստ պատվիրատուի ցանկության:
Տիգրան Բարսեղյանի համար նաեւ բնականոն է պատվիրատուի՝ շենքին արդիական տեսք տալու ցանկությունը, քանի որ, ըստ նրա, շենքը պետք է կարողանա մրցունակ տեսք ունենալ որպես հյուրանոց՝ այնտեղ այցելուներ գրավելու, հետեւաբար վերակառուցման համար կատարած ներդրումները հետ բերելու, շահույթներ ապահովելու համար: Այս առումով բավական բարդ է հին կառուցվածքի վրա արդիական մոտեցումներով միջամտություններ անելը այնպես, որ հնի տեսքը չաղավաղվի: Դրա համար ճարտարապետը նախագծողներից մեծ վարպետություն ու հմտություն է ակնկալում:
Բայց ճարտարապետը նույնպես համամիտ է այն կարծիքին, որ նախկին հյուրանոցը հիշեցնող էլեմենտները հարկավոր է պահպանել. «Հյուրանոցի տարածքում գտնվող հուշապատը, հանրահայտ արձանը, փոքր գեղարվեստական էլեմենտները պետք է պահպանել: Նախագծի հեղինակները նշել են, որ դրանք իրենց ապագա հյուրանոցի համար արժեք են՝ հոգեւոր եւ կոմերցիոն, ուստի իրենք էլ շահագրգռված են դրանց պահպանման համար: Միայն թե մնում է, որ այդ արժեքները ներկայացվեն կոլորիտային միջավայրում»:
Ի դեպ, Տիգրան Բարսեղյանի տեղեկացմամբ՝ ներկա դրությամբ ոչ թե շենքի քանդման, այլ ամրացման աշխատանքներ են ընթանում. հաշվի առնելով, որ երկար ժամանակ շենքի լանջային հատվածները չեն շահագործվել եւ ժամանակի ընթացքում կոռոզիայի են ենթարկվել, այժմ դրանք ամրացնելու ծրագիր է իրականացվում: Միաժամանակ շենքի կմախքը պետք է ամրացվի, թարմացվեն ամրությունները: Այնպես որ նախագծային փուլն իրականացնելու մասին դեռ վաղ է խոսելը:
Հիշեցնենք, որ «Դվին» հյուրանոցը 2003թ. 3 միլիոն դոլարով վաճառվել է «Կովկասյան հաղորդակցական խումբ» ՓԲԸ-ին: Սեփականատերը խոստացել էր խոշոր ներդրումներ իրականացնել եւ 5 տարվա ընթացքում 5 աստղանի հյուրանոց կառուցել:
Սակայն ոչ մի լուրջ ներդրում այդպես էլ չիրականացվեց, քանի որ պայմանագրում մատնանշվում էր ենթադրվող ներդրումների միայն չափը, եւ ոչ մի տուգանք նախատեսող պատժամիջոց չկար՝ պարտականությունների խախտման դեպքում: Սակայն 2011թ. կառավարությունը վերանայեց պայմանագիրը` մատնանշելով ներդրումների ենթադրելի ծավալից տարեկան 12 տոկոս տուգանքի չափը` պայմանագրային պարտականությունները չկատարելու դեպքում: Պայմանագրի համաձայն` եթե մինչեւ 2014թ. ենթադրվող ներդրումները չիրականացվեն, ապա կառավարությունն իրեն իրավունք կվերապահի դատական կարգով բռնագրավել հյուրանոցը:
Սակայն 2013թ. ապրիլին կառավարությունը նոր ներդրումային ծրագիր հաստատեց, ըստ որի` «Դվին» հյուրանոցի վերակառուցման համար մինչեւ 2015թ. 13,6 մլն դոլար կներդրվի: Ընդ որում՝ 2013-ին նախատեսված էին 850 հազար դոլարի, 2014թ.` 3,97 մլն դոլարի, 2015թ.` 8,78 մլն դոլարի չափով ներդրումներ: Նախատեսված էր նաեւ ներդրողների համար պատասխանատվության միջոցների կիրառում, որի համաձայն պարտականությունները չկատարելու դեպքում կառուցապատողը կտուգանվի տարեկան չիրականացված ներդրումների 6 տոկոսի չափով:
Լավ է, որ կառավարության այդ որոշումներով վերջապես սայլը տեղից շարժվեց: Հիմա մնում է սայլը շարժել նաեւ մեզ հաճո ուղղությամբ:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












