Նռան գույնը ֆիմն աղավաղվել ու ներկայացվել է օտար երաժշտությամբ
Օրերս Յութուբում է հայտնվել Սերգեյ Փարաջանովի ՙՆռան գույնը՚ ֆիլմի վերափոխված տարբերակը: Այնտեղ ֆիլմի համար Տիգրան Մանսուրյանի գրած երաժշտությունը ներկայացված է էլեկտրոնային երաժշտությանը հարիր գործիքավորմամբ, թեև մասնագետներն ասում են, որ երաժշտությունն անճանաչելի դառնալու չափ փոխվել է չի կարելի ասել, թե խոսքը նույն երաժշտությունների մասին է:
Փարաջանովի թանգարանի տնօրեն ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ նույնպես հավաստում է, որ այդ հնչյունները որևէ կապ չունեն ֆիլմի բնօրինակ երաժշտության հետ. ՙՎերափոխված տարբերակում բոլորովին այլ երաժշտություն է հնչում, մի դրվագում անգամ ռուսական ՙДароги дальные՚ երգի թեման է հնչում, որը կապ չունի ոչ Հայաստանի և առավել ևս ֆիլմի հետ: Ֆիլմում Սայաթ- Նովա է հնչում, Կոմիտաս, Տիգրան Մանսուրյանի գրած երաժշտությունը, կան նաև արտաքին բնաձայներ, որոնք բոլորը հանվել են կեղծարարների թեթև ձեռքով՚:
ՙՆռան գույնի՚ կեղծված տարբերակում դրված երաժշտությունը ամերիկացի հայտնի էլեկտրոնային երաժշտ Նիքոլաս Ջաարի գործիքավորմամբ է, սակայն դեռ պարզ չէ՝ անձամբ երաժի՞շտն է փոխել հայկական ֆիլմի երաժշտությունը, թե՞ մեկ ուրիշը՝ առանց նրա իմացության և փոխել է բավական անհաջող, քանի որ այն ֆիլմի կադրերի հետ ամենևին համահունչ չէ:
Զավեն Սարգսյանը եղածն այնքան էլ ցավագին չի ընդունում, ասելով, որ համացանցն այն միջավայրն է, որտեղ ով ինչ ուզես անում է ու որևէ պատասխանատվություն դրա համար չի կրում. ՙՀամացանցում օրենքների խախտումների համար պատասխանատվության ենթարկելու մասին դեռևս հստակ օրենսդրություն գոյություն չունի, ուստի այնտեղ բոլոր անօրինականությունները անպատժելի են: Այլ բան է, եթե ֆիլմն այդ տեսքով վաճառքի դրվի, դա արդեն օրենքի լուրջ խախտում կլինի, որի համար կարելի է աղմուկ բարձրացնել ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Բայց համացանցի մակարդակով արված անօրինականության դեմ դժվար կլինի պայքարել՚:
Զավեն Սարգսյանը հիշում է, որ տարիներ առաջ Լոնդոնի աճուրդներից մեկում երկու անգամ Փարաջանովի կեղծ նկարներ են վաճառքի հանվել: Թանգարանի ղեկավարությունը նրանց նամակներ է գրել՝ տեղեկացնելով նկարների կեղծ լինելու մասին: Սակայն ապարդյուն, իրենց ականջալու չեն եղել ու նկարներն աճուրդից չեն հանել՝ կլորիկ շահույթներ ունենալու ակնկալիքով: ՙԱնգամ նման դեպքում հնարավոր չեղավ կասեցնել խաբեությունը, ուր մնաց համացանցի մակարդակով արվածը՚,- ասում է նա:
Բայցևայնպես ոչ ոք չի երաշխավորում, որ Ջաարի երաժշտությամբ ֆիլմի տարբերակը կարող է վաճառվել և հենց այդ տեսքով հանրայնացվել՝ ծովահենային ճանապարհով: Այդ դեպքում շատ ավելի դժվար կլինի վերականգնել ֆիլմի իրավուքնները: Ահա ինչու Ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ վճռական է տրամադրված եղածը համացանցից այն կողմ տարածելու հնարավոորությունները կանխելու հարցում: Նա հավաստիացնում է, որ եղածը հեղինակային իրավունքների կոպիտ ու աններելի խախտում է:
Մեր այն հարցին, թե ո՞ւմ են պատկանում ՙՆռան գույնը՚ ֆիլմի հեղինակային իրավունքները և թե ո՞վ կարող էր թույլատրած լինել որևէ մեկին մեծն Փարաջանովի ֆիլմում միջամտություններ անել, կինոկենտրոնի տնօրենը պատասխանեց, որ ՙՀայֆիլմի՚ մասավորեցումից հետո ֆիլմի բոլոր առևտրային իրավունքները տրվել են ՙՔաֆեսչյան՚ հիմնադրամին: Սակայն այնտեղ էլ չգիտեն, թե ով կարող է կանաչ լույս վառած լինել զեղծարարների համար. ՙՄենք խոսել ենք հինադրամի ղեկավարների հետ, խոսել ենք Ռուսաստանում և աշխարհի որոշ երկրներում ֆիլմի ցուցադրման ու տարածման համար իրավունք ձեռք բերած ընկերությունների հետ, սակայն նրանցից ոչ մեկը տեղյակ չէ, թե ով է թույլատրել փոխել ՙՆռան գույնի՚ երաժշտությունը: Ինչ վերաբերում է ֆիլմի հեղինակային իրավունքներին, ապա այն պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, և որևէ մասնավոր կամ օտար պետական կառույց չի կարող Փարաջանովի կինոնկարն աղավաղել: Միայն որոշ ընկերությունների իրավունք է տրված այդ ֆիլմը այս կամ այն երկրում ցուցադրելու համար, ոչ ավելին, և այդ թույլտվությունը պետական մարակրադով է տրված, այլ ոչ թե ինչ- որ անհատի: Տարածման ու ցուցադրման իրավունք ունեցող ընկերություններն իրենց հերթին չեն կարող այլ մասնավոր ընկերությունների թույլտվություններ շռայլել, առավել ևս դրանում փոփոխությունններ անելու համար:
Անգամ Հայաստանի Հանրապետությունն իրավասու չէ ֆիլմում որևէ բան փոխել, դա կարող է անել միմիայն ֆիլմի ռեժիսորը, ով ալևս կենդանի չէ: Ուստիև ՙՆռան գույնն՚ անձեռնմխելի է՚:
Գևորգ Գևորգյանը հիմքեր ունի կասկածելու, որ Սերգեյ Փարաջանովի հոգեզավակը կարող է որևէ մեկին թույլատրած լինել վերաձևել ՙՆռան գույնը՚, քանի որ տարիներ առաջ նրա պատճառով ֆիլմի իրավունքների ոտնահարման ևս մեկ միջադեպ է եղել:
ՙԱյն ժամանակ նա իրեն իրավունք էր վերապահել Ֆրանսիայում ապրող ոմն Մուրավյովի այդ երկրում ֆիլմի տարածման ու ցուցադրման թույլտվություն տալ, այն դեպքում, երբ նա ֆիլմի նկատմամբ որևէ իրավունք չունի: Այդ ժամանակ ՙՀայֆիլմը՚ դեռ չէր մասնավորեցվել, և ֆիլմի հեղինակային իրավունքն էլ ստուդիային էր պատկանում: Ուստի ՙՀայֆիլմի՚ ղեկավարությունը դատական գործընթաց սկսեց ընդդեմ Մուրավյովի, որը ձգվեց միչև ստուդիայի վաճառքը: Որից հետո դատական պայքարը շարունակեց ֆիլմի առևտրային իրավունքները ստանձնած ՙՔաֆեսչյան՚ հիմնադրամը, սակայն գործընթացն այնքան ձգձգվեց, որ ի վերջո իրավասության ժամկետը լրացավ և պայքարն անիմաստ դարձավ, քանի որ Մուրավյովն այդպես էլ չէր հասցրել օգտվել անօրինականորեն ձեռք բերած իրավունքից՚,- պատմում է կինոկենտրոնի տնօրենը և հավելում, որ չի բառացում ռեժիսորի հոգեզավակի մասնակցությունը նաև այս դեպքում:
Ազգային կինոկենտրոնն արդեն նամակ է գրել, որը մոտ օրերս պատրաստվում են ուղարկել անձամբ Նիքոլաս Ջաարին և ֆիլմը համացանցում հրապարակողներին՝ պահանջելով հայտնել, թե ո՞ւմ թույլտվությամբ է Ջաարի գործիքավորած երաժշտությունը հայնվել ՙՆռան գույնը՚ ֆիլմում: Կինոկենտրոնում ակնկալում են, որ նամակին կպատասխանեն, ու ամեն ինչ կհարթվի, հեղինակային իրավունքների խախտումը կվերացվի: Հակառակ դեպքում շատ հնարավոր է, որ ֆիլմի իրավունքները վիճարկեն դատարանում:
Գևորգ Գևորգյանն ասում է, որ այն բանից հետո, երբ ֆիլմը վերականգնվեց ՙՄարտին Սկորսեզեյի՚ հիմնադրամի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ, այնուհետև ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում որպես համաշխարհային դասական ֆիլմերի լավագույն նմուշ, նման ոտնձգությունը դրա նկատմամբ անսպասելի էր. ՙՈվ կարող էր մտածել, որ համաշխարհային դասական ֆիլմի հնչեղություն ստացած ՙՆռան գույնի՚ նկատմամբ նման անլուրջ վերաբերմունք կցուցաբերվի: Ես նաև ապշում եմ, որ ֆիլմի աղավաղումը ամերիկյան ձեռագրով է արվել, իսկ ԱՄՆ-ն այն երկիրն է, որտեղ հեղինակային իրավունքի մասին օրենքները բավական խիստ են և նույնքան խստորեն էլ պահպանվում են՚:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












