Թուրքիան խուսափում է իրավական բաղադրիչից
Թուրքագետ Լեւոն Հովսեփյանը փետրվարի 26-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է.
«Դավութօղլուի կողմից շրջանառության մեջ դրված համատեղ ցավի գաղափարը տանում է դեպի ցեղասպանության հերքման, այսինքն՝ որպեսզի դա չտանի բուն ցեղասպանություն կատեգորիային:
Թուրքիան ամեն կերպ խուսափում է հենց ցեղասպանության իրավական բաղադրիչից, եւ եթե մենք նայենք 1919 թվականի Օսմանյան տրիբունալների դատավարությունները, ինչո՞ւ հանկարծ Օսմանյան տրիբունալները բավական ակտիվ լսեցին երիտթուրքերի գործերը, շատ պարզ, որովհետեւ այդ ժամանակ միջազգային տրիբունալի խնդիր կար, եւ խուսափելով դրանից՝ Օսմանյան կայսրությունը որոշում կայացրեց տեղական տրիբունալների միջոցով փակել այդ հարցը, որպեսզի գործը չհասնի միջազգային տրիբունալի: Եթե այս տրամաբանության մեջ ենք դիտարկում, Թուրքիան առ այսօր սրանից խուսափում է»:
Լեւոն Հովսեփյանի խոսքերով՝ Թուրքիան քաղաքական հարթության մեջ պատրաստ է լուծումների գնալ, սակայն դրանք չեն կարող լինել իրավական. «Ակնհայտ է, որ ցեղասպանությունը չունի քաղաքական լուծում, եւ նախադրյալ չի եղել, որ ցեղասպանության խնդիրը քաղաքական ձեւաչափում, քաղաքական մակարդակում լուծվի: Այս տրամաբանությամբ է, որ պետք է առավելապես հնարավորության սահմաններում առավել լավ մշակված, ձեւավորված իրավական գործընթաց սկսել»:












