Չավուշօղլուն խոսել է նախապայմանների լեզվով
Ցյուրիխյան արձանագրությունները ուժի մեջ մտնելու համար, Թուրքիայի նախապայմանն է՝ Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի «օկուպացված տարածքները»՝ Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, թե Հայաստանը «չկարողացավ անցնել անկեղծության թեստը, հետևաբար իր խորհրդարանից արձանագրությունների հետկանչը ոչ մի նշանակություն չունի»:
«Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում են, որ Հարավային Կովկասը դառնա խաղաղության և անվտանգության վայր, սակայն Հայաստանի մտադրություններն այլ են: Հարավային Կովկասը կվերածվի խաղաղության և անվտանգության վայրի, եթե Հայաստանն ուղղի իր գործած սխալները և, հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, լքի իր օկուպացրած տարածքները»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն:












