Ավելի լավ է մտածեն փոքր ու միջին բիզնեսն առողջացնելու մասին
Օրերս կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել “Շրջանառության հարկի մասին” օրենքի վերափոխված տարբերակը, որում վերանայվել են տնտեսավարողների դժգոհությունն առաջացրած դրույթները: Այդ թեմայով զրուցում ենք “Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միություն” հասարակական կազմակերպության նախագահ ՍՏԵՓԱՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ:
-Առևտրականների տևական բողոքներից հետո վերջապես կառավարությունը փոփոխություններ մտցրեց”ՙՇրջանառության հարկի մասին” օրենքում: Որքանո՞վ են այդ փոփոխությունները պաշտպանում առևտրականեի շահերը, կարելի՞ է ասել, օրենքի փոփոխված տարբերակում հաշվի են առնվել ՓՄՁ-ների դժգոհություններն ու առաջարկները:
-Օրենքն անգամ փոփոխված տարբերակով ամենևին ձեռնտու չէ ՓՄՁ-նեին և նրանց շահերից չի բխում:
Մերօրյա առևտրի ծավալների դեպքում ոլորտին վերաբերող ցանկացած նոր օրենք, որը ծանրացնում է առևտրականների բեռը, տեղին չէ, քանի որ առանց այն էլ կաթվածահար վիճակում գտնվող փոքր ու միջին առևտուրն ավելի վատթար վիճակի մեջ է գցում: Այսօր առևտրականները հազիվ են կարողանում ապրուստի միջոց հոգալ, այնքան որ նվազել է նրանց կատարած առևտրի շահութաբերությունը՝ մարդկանց գնողունակության անկման, հարկերի տեսակների ու դրանց տոկոսների ավելացման պատճառով: Ուր մնաց, թե պետության կողմից ավելացվող հարկային գանձումները կարողանան կատարել:
Օրենքի փոփոխություններին ծանոթանալով՝ միայն մեկ բան ես մտածում՝ այն փոքր ու միջին առևտուրը զգալիորեն կրճատելու և դաշտը խոշոր տնտեսավարողների համար ազատելու միտում ունի: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն փոփոխությունները, որոնք առաջարկել է կառավարությունը:
Փոփոխված տարբերակով օրենքն ավելի լավը չէ, քան նախորդը: Երկու տարբերակում էլ ՓՄՁ-ների համար որոգայթներ են լարված: Եթե կառավարությունը այդ նպատակը չունենար՝ կկատարեր ՓՄՁ-ներին տված խոստումը: Փոքր ու միջին ձեռներեցներին, շահագրգիռ հասարակական կազմակերպություններին խոստացել էին, որ ՙՇրջանառության հարկի մասին օրենքում՚ փոփոխություններ կատարելուց առաջ իրենց հետ քննարկումներ կանեն և ի վերջո բոլոր փոփոխությունները կհամաձայնեցնեն նաև իրենց հետ, որպեսզի օրենքն այս անգամ էլ կաբինետային չլինի: Բայց ինչպես միշտ՝ այս անգամ էլ խոստումը չկատարվեց, մեզ չհրավիրեցին, ոչ մի քննարկում, ոչ մի հանդիպում չեղավ: Իրենց հնարավորություն էր տրվել այդ քայլով քաղաքացիներին ապացուցել, որ իրենք իսկապես անհանգստացած են փոքր ու միջին ձեռնարկատերերի խնդիրներով և օրենք էլ իրականում ստեղծում են նրանց բեռը թեթևացնելու, նրանց հայրենիքում աշխատելու ավելի լավ հնարավորություններ տալու համար, պետական շահին զուգահեռ նաև նրանց շահերն են փորձում պաշտպանել, ինչն, ի դեպ, նույնպես պետական շահերից է բխում: Բայց այս անգամ էլ կառավարությունը ձախողեց իր նկատմամբ վստահությունը՝ ցույց տալով, որ իրենց մտահոգություններն այլ խավի համար են, որի դեմ իբրև այս օրենքով ուզում են պայքարել:
-Ի՞նչ փոփոխություններ են նախատեսված օրենքի նոր տարբերակում:
-Կատարված փոփոխություներով հանվել է փաստաթղթավորման պարտադիր կիրառությունը, փոխարենը ներմուծվել է կամավորության սկզբունքը: Այսինքն տնտեսավարողն ինքն է ընտրելու՝ աշխատելո՞ւ է ձեռքբերման փաստաթղթերով, թե՞ առանց փաստաթղթերի: Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով կհրաժարվեն փաստաթղթավորումից, կվճարեն շրջանառության հարկի ամբողջական դրույքաչափը, որը նոր օրենքով բավական բարձրացվել և դարձել է 5 տոկոս՝ նախկին 3,5 տոկոսի փոխարեն: Իսկ ովքեր հնարավորություն կունենան ձեռքբերման փաստաթղթերով իրենց գործունեությունն իրականացնել, կվճարեն շրջանառության հարկի ճիշտ այնքան տոկոսի չափով, որքանով կիրականացնեն իրենց ապրանքաշրջանառության փաստաթղթավորումը: Որքան շատ լինի փաստաթղթերով ապրանքների ձեռքբերումը, այնքան կնվազի հարկային բեռը: Բայց 100 տոկոս փաստաթղթավորման դեպքում ձեռնարկատերը ստիպված կլինի վճարել 1,5 տոկոս դրույքաչափով հարկ, որը շրջանառության հարկի նվազագույն շեմ է սահմանվել՝ նախկին 1 տոկոսի փոխարեն:
Այսկերպ կառավարություը փորձում է շահագրգռել տնտեսավարողին, որ նա աշխատի փաստաթղթավորմամբ: Բայց շահագրգռելու այդ եղանակն անհեթեթություն է, քանի որ տնտեսավարողը բազմիցս բարձրաձայնել է ապրանքների փաստաթղթավորումն իրականացնելու անհնարինության մասին՝ խոշոր տնտեսավարողը հրաժարվում է նրան նման փաստաթղթեր տրամադրել, որոշ ոլորտներում էլ փաստաթղթավորումն այնքան ժամանակ ու ռեսուրս է պահանջում, որ դրանց ապահովումը մեծ անհարմարություն ու գլխացավանք է դառնում գործարարի համար: Այսինքն այդ պայմանն անիրագործելի է մեր երկրում առևտրի իրականացման այսօրվա պայմաններում: Դրանից հետևություն, որ ՓՄՁ-ների գերակշիռ մասը ստիպված է լինելու աշխատել շրջանառության հարկի ամբողջական դրույքաափով կամ մի քիչ ցածրով, որն ամեն դեպքում գերազանցելու է նախկին 3,5 տոկոսի չափը: Այսինքն օրենքի փոփոխությունը փոխանակ թեթևացներ ձեռնարկատերերի վրա դրված պարտավորությունները, ինչի համար նրանք բողոքում էին, մի բան էլ ավելի ծանրացրեց:
-Այսինքն ապրանքաշրջանառության փաստաթղթավորման գոնե թե որոշ տոկոսն ապահովելու և դրա շնորհիվ հարկային բեռը կրճատելու կառավարության որոշումն իրատեսական չէ՞:
-Իհարկե՝ ոչ: Եթե, օրինակ, սննդի ոլորտում քիչ թե շատ հնարավոր է փաստաթղթավորում ապահովել, ապա ոսկերչության ոլորտում դա անհնարին է: Այս մասին բազմիցս է խոսվել և հիմնավոր պատճառաբանություններ են բերվել, թե ինչու է դա անհնար: Փաստորեն ոսկյա զարդերի առևտրականները ակամա ընկան շրջանառության հարկի 5 տոկոս գանձման բեռի տակ, երբ նախկինում գոնե 3,5 տոկոս էին վճարում: Եթե դրան էլ ավելացնենք, որ այսօր ցանկացած ապրանք ավելի դժվար ու զգալիորեն քիչ է վաճառվում, ապա տրամաբանորեն այդ ոլորտի առևտրականների շահույթներն էլ կրճատվելու են: Պատահական չէ, որ այսօր ոսկու շուկայում մի շարք տաղավարներ են փակվել. այդ բիզնեսով զբաղվելն այլևս եկամտաբեր չէ:
Միայն ոսկու շուկայում չէ այդ պատկերը: Գրեթե բոլոր տոնավաճառներում, ստորգետնյա առևտրային համալիրներում կրպակներն աստիճանաբար փակվում են: Եթե շրջեք ՙԲարեկամություն՚ մետրոկայանի հարևանությամբ գործող ստորգետնյա անցումով, ապա ձեր աչքից չի վրիպի, որ տասնյակ կրպակներ այլևս չեն գործում: Այն դեպքում, երբ այդտեղ առևտուրը միշտ եռացել է, իսկ կրպակների համար առևտրականները հերթագրված են եղել, և մեկը փակվելու դեպքում մեկ ուրիշն է շահագործել այդ կրպակը:
Գուցե նախևառաջ մտածեն այդ փոքր ու միջին բիզնեսն առողջացնելու ծրագրեր իրականցնել, նոր հետո նրանցից անհաշիվ գանձումներ անելու որոշումներ կայացնեն:
-Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է նաև ապրանքաշրջանառության սահմանված նվազագույն շեմը բարձրացնել գրեթե կրկնակի: Գոնե թե օրենքի այդ դրույթը դրական չէ՞ ՓՄՁ-ների գործունեության համար:
– Թերևս դա միակ դրական որոշումն է ամբողջ օրենքում, և մենք ողջունում ենք այն: Այդ պահանջը առևտրականներն ու նրանց շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները բազմիցս են բարձրացրել: Ապրանքաշրջանառության ներքին շեմը տարիներ շարունակ եղել է 58,4 մլն դրամ: Կառավարությունն առաջարկում է այն դարձնել 113,4 մլն դրամ: Դրա շնորհիվ շատ փոքր ու միջին տնտեսավարողներ, ովքեր ավելացված արժեքի հարկ են մուծում, հնարավորություն կստանան աշխատելու շրջանառության հարկման դաշտում, և ըստ էության նրանց հարկային բեռը կնվազի: Այս դրույթը նաև հնարավորություն կտար, որ փոքր ու միջին տնտեսավարողները , ովքեր ստվեր էին մտել շրջանառության հարկի դաշտում մնալու համար, դուրս գան այդ ստվերից, եթե նրանց չվախեցներ շրջանառության հարկի 5 տոկոս դրույքաչափը: Ասել է թե կառավարությունը մի խելամիտ որոշում կայացրեց՝ ՓՄՁ-ներին ստվերից դուրս բերելու համար, բայցև մեկ ուրիշ դրույթով նվազեցրեց դրա արդյունավետությունը:
-Կառավարության այս որոշումը դեռևս պետք է հաստատվի Ազգային ժողովում: Եթե հաստատվեց, առևտրականները պատրաստվո՞ւմ են շարունակել շրջանառության հարկի դեմ իրենց պայքարը:
-Ցավոք վերջին դեպքերից հետո, երբ իրենց գործընկերոջը ծեծեցին և մեղավորներն այդպես էլ չբացահայտվեցին, առևտարականներն ահաբեկված են: Նրանք վախենում են գործուն քայլեր ձեռնարկել, բողոքել: Շատերն անգամ հուսահատ են և սպասում են վերջնական որոշմանը, որից հետո կորոշեն՝ մնալո՞ւ են Հայաստանում և այստեղ փորձելու ապրուստի միջոց հայթայթել, թե օտար ափերում են փնտրելու իրենց կացարանը: Թեև դա հարցի լուծում չէ: Ես ինքս պայքարող տեսակ եմ և նախընտրում եմ մնալ իմ հայրենիքում ու արդարության հասնել՝ պայքարի միջոցով: Ի վերջո կարողանալո՞ւ ենք այնպիսի երկիր կառուցել, որտեղ ապրելը մեզ համար հարմարավետ լինի: Ինձ նման մտածողներ էլի կան, և մենք պատրաստ ենք այնքան պայքարել, մինչև փոքր ու միջին ձեռներեցները նույնպես այս երկրում կարողանան հավասար մրցակցային պայմաններում գործունեություն ծավալել:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












