Գլխավոր » NKR, TOP, ԼՂ Հանրապետություն

Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկել մարդկության դեմ հանցագործությունների համար. Քերոլայն Քոքսի հայտարարությունը

Օգոստոս 6, 2023թ. 19:08

Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը միջազգային դերակատարներին կոչ է արել վերջ տալ Ադրբեջանի հանդեպ թողտվությանը, ինչի արդյունքում այդ երկիրը սովի և ցեղասպանության է ենթարկում արցախահայությանը:

«142 օր է, ինչ Ադրբեջանն ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցրել է գազամատակարարումն Արցախ, իսկ 180 օր է, ինչ էլեկտրաէներգիայի մատակարարումը ամբողջությամբ խափանվել է, որի հետևանքով էլ բազմաթիվ օբյեկտների ամենօրյա հոսանքազրկումներ և վթարային անջատումներ են արձանագրվում: Դպրոցները ստիպված են եղել փակվել սննդի պակասի պատճառով, իսկ տարածվող տեսանյութերը ցույց են տալիս խանութների դատարկ ցուցափեղկերի անչափ ցնցող կադրերը, երբ այդ ցուցափեղկերը պետք է լիարժեքորեն համալրված լինեին սննդով, դեղամիջոցներով և սարքավորումներով՝ ամենօրյա կարիքները սպասարկելու համար»:

Բրիտանացի խորհրդարանականը նաև փաստեր է ներկայացրել Ադրբեջանում առկա հայտյացության և ռազմատենչ տրամադրվածությունների բարձր մակարդակի հետ կապված՝ առաջ բերելով երկու ցայտուն օրինակ:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է. «Ես ասել էի, որ նրանց (հայերին) կվռնդենք, կվռնդենք, ինչպես շներին, և մենք վռնդեցինք նրանց, ինչպես շներին»: Իսկ Մետե Թուրքսոյը` ադրբեջանցի քաղաքական ակտիվիստը թվիթերում այսպիսի գրառում է արել. «Լեռնային Ղարաբաղում կենդանի մարդ պետք է չմնա»:

Խորհրդարանականը խոսում է նաև Հայաստանի և Արցախի ժողովրդի հանդեպ տածած սիրո և հիացմունքի մասին` շեշտելով՝ իր համար մեծ պատիվ է, որ գրեթե 90 անգամ այցելել է պատմականորեն հայկական Արցախ: «Ես ականատես եղա 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից հայերի դեմ մղված պատերազմին և հայ բնակիչների խիզախությանը, որը հանգեցրեց նրանց ազատությանը՝ շարունակելու ապրել իրենց թանկարժեք հողում։ Նրանք ժողովրդավարության հաստատմամբ զարգացրել են իրենց քաղաքական ազատությունները և սատարել են բարձրորակ կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և մշակույթի ոլորտների զարգացմանը», – ընդգծում է Քոքսը:

Նրա խոսքով՝ չնայած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները բանակցություններ են վարում, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները շարունակում են տառապել: Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը կոչ է անում անել ամեն հնարավորը, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի իր կողմից իրականացված մարդկության դեմ հանցագործությունների համար:

Քոքսը եզրափակում է. «Ադրբեջանը պետք է պատասխանատվության կանչվի ներկա ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման համար, որի վերջնանպատակն է՝ երաշխավորել, որ արցախահայերը կարող են ազատորեն ապրել իրենց պատմական հողում»:


Դիտել NKR, TOP, ԼՂ Հանրապետություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն