«Խաչակիրներ» անունը կրող ջոկատը Կոռնիձորի դիրքերից հեռու դիրքավորվել է
«Խաչակիրներ»-ի ջոկատը Կոռնիձորի դիրքերից հեռու դիրքավորվել է: Այս մասին ասել է ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը:
«Այս պահին տղաները հավաքվում են: Որեւէ անօրինական գործողություն չենք անելու: Մի քանի օր ժամանակ տվեք: Մենք ուղղակի Կոռնիձորի դիրքերի հատվածից մի փոքր հետ ենք եկել, որպեսզի իրավիճակը չլարենք, եւ այլ վայրում ենք դիրքավորված»,- հայտնեց Սարգիս Պողոսյանը:
Կոռնիձորի գյուղապետ Արշակ Կարապետյանն ասաց, որ ջոկատը երեկվանից գնացել է գյուղից. «Երեկ եկել ու գնացել են: Մոտ 10 րոպեով հանդիպում եմ ունեցել: Չեմ կարող ասել՝ իրենց հետ կգա՞ն, թե՞ ոչ»:
Հիշեցնենք, որ ջոկատը օգոստոսի 8-ին բողոքի ակցիա էր կազմակերպել Կառավարության դիմաց։ Նրանք ժամանակ էին տվել Կառավարությանը Կոռնիձորի մոտ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարերը Արցախ հասցնելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով, որ իրենք կդիմեն ուժի։ Նաև Կառավարությունից պահանջել էին իրենց զենքեր տրամադրել ու ավտոբուսներ` Կոռնիձոր հասնելու համար: Կառավարությունից պատասխան չստանալով՝ նրանք գիշերը շարժվել էին Կոռնիձոր։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը խստորեն քննադատելով ջոկատի քայլերը, նկատում է` ֆեյք «խաչակիրները» իրենց գործողություններով սադրում են Ադրբեջանին` դրդելով ռազմական գործողությունների:












