Երևանի գլխավոր հավաքարարի չենք ընտրելու, այլ քաղաքական ուժ
«Հայացք» մամուլի ակումբում հրավիրված քննարկման ժամանակ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, ասել է.
«Պետք է հասկանալ՝ ի վերջո երևանցիներն այս ընտրություններն ի՞նչ են դիտում՝ ընտրություններ՝ Երևանի խնդիրներո՞վ, թե՝ որպես կենտրոնական իշխանությանն անվստահություն հայտնելու, Արցախի հետ կապված հարցով քվեարկություն իրականացնելու միջոցառում»:
Ըստ նրա՝ եթե Երևանի ավագանու ընտրությունները գնան այն սկզբունքով, որ այն վերածվի Արցախի հարցի նկատմամբ եղած վերաբերմունքի քվեարկության, կարող է «Մայր Հայաստանը» և ՔՊ-ն լինեն հիմնական մրցակիցներ, քանի որ այդ ուժերն ունեն տարբեր քաղաքական դիրքորոշումներ․ «Եթե ընտրությունների գործընթացը գնա համայնքային զարգացման հիմնախնդիրներով, բնականաբար, այդպես չի լինելու։ ՔՊ-ի հիմնական մրցակիցը կարող է լրիվ այլ քաղաքական ուժ լինել, որն ավելի կկարևորի համայնքային խնդիրը։ Երևանի գլխավոր հավաքարարի չենք ընտրելու, այլ քաղաքական ուժ, որի ծրագիրը՝ Երևանի զարգացման, բոլոր ոլորտներին վերաբերող, ավելի գրավիչ պետք է լինի ընտրազանգվածի մեծ մասի համար, ոչ թե միայն գազելների վերացում, վերելակներ, աղբահանություն»։
Հարցին՝ եթե ոչ իշխանական ուժերը կոալիցիա կազմեն, և ներկայիս իշխող ուժը Երևան համայնքում դառնա ընդդիմություն, այդ դեպքում ի՞նչ գործընթացներ են հնարավոր, Արմեն Բադալյանը պատասխանեց․ «Եթե ներկայիս իշխող ուժը 5-6 տոկոս ստանա՝ այլ հարց է, եթե նրան չբավարարի ընդամենը մի քանի տոկոս՝ այլ հարց։ Ըստ այդ տոկոսի՝ իրենք իրենց գործողությունները կիրականացնեն։ Եթե 5 տոկոս ես հավաքում, բնականաբար, չես փորձի դա սարքել 51 տոկոս, եթե 45 տոկոս ես դարձել, 51 չի հաջողվել հավաքել, բնականաբար, դու փորձում ես մյուսների հետ գործարքների գնալ՝ ավագանու անդամ դուրս բերել, ազդել, որ ավագանու անդամները դուրս գան, նիստերը չկայանան, անվստահության գործընթաց առաջացնել, որպեսզի համայնքային կառավարում չլինի, և այդպես հասնես վերընտրության»։












