Իշխանության և որոշ արտաքին դոնորների համար Երևանի ընտրությունները նաև վստահության հանրաքվե են
«Հայացք» մամուլի ակումբում հրավիրված քննարկման ժամանակ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասել է ՝ Երևանը տարբերվում է այլ համայնքներից, որտեղ տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ․ «Երևանի ընտրություններն անկասկած քաղաքական բովանդակություն կրելու են։ Իհարկե, մեծ հարց է, թե երևանցիների համար որքանով է ավելի մեծ նշանակություն ունենալու քաղաքային օրակարգը, որքանով՝ քաղաքականը։ Փաստ է, որ երկու զուգահեռ ուղղություն ենք տեսնում․ մեկը քաղաքայինն է։ Շատ քաղաքական ուժեր քաղաքայինի վրա են շեշտը դնելու, և կա մեկ երկու ուժ, որոնք հիմնական շետը դնում են քաղաքականի վրա։ Սկզբնական փուլում շահեկան վիճակում կլինեն այն ուժերը, որոնք հիբրիդային օրակարգ կունենան՝ և′ քաղաքական, և′ քաղաքային»։
Ըստ Հակոբյանի․ «Եթե ՔՊ-ն պարտվի այս կամ այն եղանակով՝ կամ ուղղակիորեն ինչ-որ մի քաղաքական ուժի, կամ հետագայում ձևավորվող կոալիցիայի, կարծում եմ՝ այդ պարագայում կարող է մի քանի գործընթաց լինել։
Իշխանության համար և որոշ արտաքին դոներների համար Երևանի ընտրությունները նաև վստահության հանրաքվե են, որը հետագայում իշխանությունը կարող է օգտագործել՝ փորձելով հիմնավորել, որ ժողովուրդ կոչեցյալն իրենց կողմն է, և իրենք այսպես ասած լեգիտիմություն ունեն, որ կարողանան ստորագրել ցանկացած փաստաթուղթ՝ կապված նախևառաջ Արցախի հետ կամ գլոբալ առումով հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ՝ խաղաղության պայմանագիր և այլն։ Այսինքն՝ խաղադրույքները կարող են բավականին բարձր լինել։
Դա ասում եմ մի տարբերակ, եթե հանկարծ իշխանությանը հաջողվի այս կամ այն ճանապարհով հաղթել։ Այդ դեպքում իրենց աշխարհաքաղաքական դոնորներն իրենց կառաջարկեն, որ արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացվեն՝ հստակ օրակարգով, որ իշխող կուսակցությունը նաև ներկայացնի ուղղակիորեն խաղաղության օրակարգը՝ Արցախը Ադրբեջանի կազմում է, անկլավներ․ ուղղակի լեգիմիտություն փորձեն ստանալ։ Շատ մեծ խաղադրույքներ դրվում են այս ընտրությունների վրա։ Եթե նույնիսկ բավականին փոքր մարժայով պարտվի այս իշխանությունը, այդ դեպքում հակառակը կարող է լինել։
Այն դոնորները, որոնք բերել, կերակրել, աջակցել են նրանց, իրենք կարող են սկսել փոխելու գործընթաց, որովհետև այդ պարագայում արդեն կունենան մի իշխանություն, որը ժամկետանց է, նաև դրսից կարող են գեներացվել որոշակի գործընթացներ։ Եթե Երևանում կարողանում ես հաղթել իշխանությանը, ապա այդ պարագայում իշխանության ներսում են սկսվում որոշակի գործընթացներ՝ փախուստի գործընթացներ։ Դա բերում է իշխանության աստիճանաբար, հետո սրընթաց դեմոնտաժի՝ առավել ևս, որ խաղի մեջ են մտնում նաև արտաքին շահագրգիռ խաղացողներ»։












