Գնացին՝ հասան Կոռնիձոր. ի՞նչ տեղի ունեցավ, ինչպես գնացին, այնպես էլ ետ եկան. Բազեյանը «խաչակիրների» մասին
ԵԿՄ նախկին անդամ, ազատամարտիկ, Համահայկական միացյալ դաշինքի նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բազեյանն՝ անդրադառնալով «Խաչակիրներ» կոչվող ջոկատի հայտարարություններին, ասել է`
«Առաջին՝ զենքը ոչ թե կառավարությունից պետք է պահանջեին, այլ պետք է համագործակցեին բանակի հետ, բայց բանակը, եթե չունի հրաման՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, գործողություն չի իրականացնի: Երկրորդ՝ եթե «Խաչակիրները» ցանկանում էին զենքով գնալ եւ ուժով բացել Բերձորի միջանցքը, այդ դեպքում հրապարակային չէին անում դա, լրագրողներին հրավիրում՝ տեսեք ժողովուրդ, մենք գնում ենք, զենք ենք պահանջում, զենքով գնանք բացենք Բերձորի միջանցքը, այլ լեզու էին գտնում ՊՆ-ի հետ, իրականում՝ սուսուփուս, առանց նկարվելու, կազմակերպում էին հզոր մի զորագունդ եւ գնում էին զենքով բացելու Բերձորի միջանցքը»:
Բազեյանը ասում է.«Գուցե ինչ-որ տեղ «ավանտյուրա էր» կամ մարդիկ խաբեության զոհ էին», ու նկատում` սխալ հաշվարկի ու քայլի պատճառով ազատամարտիկները հեղինակազրկվեցին.«Գնացին՝ հասան Կոռնիձոր. ի՞նչ տեղի ունեցավ, ինչպես գնացին, այնպես էլ ետ եկան: Երկրորդ՝ կարմիր բերետավորները զինվորական հագուստ հագած ազատամարտիկներին՝ ոտք ու ձեռք էին անում, գցում էին մեքենան, բերման էին ենթարկում, որը վիրավորական է մեր ազատամարտիկ ընկերների համար»:
Բազեյանը տեղեկացրեց, թե Համահայկական միացյալ դաշինքը հիմա զբաղված է կամավորականների, պահեստազորայինների եւ աշխարհազորայինների միավորմամբ: Համաժողովից հետո լծվել են կազմակերպության մասնաճյուղեր բացելու գործին. Երեւանում երկու մասնաճյուղ արդեն հիմնադրվել է, մայրաքաղաքի բոլոր համայնքներում մասնաճյուղեր բացելուց հետո, անցնելու են Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում կազմակերպչական եւ մասնաճյուղերի հիմնադրման աշխատանքներին:












