Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Ազատ թողած դաշտում միայն մոլախոտ է աճում

Հոկտեմբեր 5, 2009թ. 19:07

Այսօր հայկական ժողովրդական պարերը պահպանման, ճիշտ մեկնաբանման և անդադար կիրառման կարիք են զգում: Ստեղծվելով հազարամյակների ընթացքում և ներկայացնելով հայի ոգին ու կենցաղը, ուժն ու նազանքը` այսօր այդ պարերը շատերի կողմից մոռացության են մատնվել: «Մշակութային հեղափոխություն» ասվածը, որը Հայաստանի Հանրապետություն ներթափանցեց հետխորհրդային շրջանում, իրականում ազգային ամեն ինչի հիմքերը սասանելու և ամեն մի ապազգային և հաճախ բարոյականությունից դուրս երևույթ որպես նորաձևության թելադրանք մեկնաբանելու նպատակ ուներ և այսօր էլ ունի: Մինչ աշխարհի քիչ թե շատ հին համարվող պետություններում ամեն կերպ, անգամ պետական մակարդակով, փորձում են պահպանել ազգային ամեն ինչ, Հայաստանում ամենաթողության հետևանքով հայը հեռանում է իր արմատներից:

Ազգային պարի անցած ճանապարհի և այսօր մեր պարարվեստի դաշտում տիրող ամենաթողության մասին զրուցեցինք «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ:

«Այսօր պարերի պահպանումը գլոբալ խնդիր է, և այդ խնդիրը մեկ տարում, մեկ ամսում չի ծագել: Դա երեք մշակութային ցեղասպանությունների արդյունք է: Առաջինը 1915թվականին էր, երբ մեր մշակույթը բուն արմատներից կտրվեց, բերվեց մեկ այլ` կրկին հայկական միջավայր, որի հավատալիքներն էական տարբերություններ ունեին: Պարը երևի թե արվեստներից ամենապահպանողականն է: Այն ծագում և զարգանում է` կենդանական, բնակլիմայական աշխարհը` տվյալ տարածաշրջանի մշակույթը ներդաշնակելով ազգայինի հետ: Օրինակ, Վանում պաշտամունքի առարկան ձուկն է եղել, սակայն վանեցուն բերել ու քարքարոտ լեռներում են բնակեցրել: Ու երբ վանեցի ծնողը երեխային բացատրել է «Ձկնավետ» պարի իմաստը, երեխան դա չի հասկացել, քանի որ նա չոր ու ցամաք կիսաանապատային միջավայրում ձկնային պաշտամունք չի տեսել:

Երկրորդ ցեղասպանությունը ԽՍՀՄ տարիներին էր` 30-50-ական թվականներին, երբ հայերը սիրո, պանդխտության, կարոտի, հայրենասիրության երգերի փոխարեն կոլխոզնիկ յար էին երգում:

Մշակութային ցեղասպանության երրորդ փուլն այսօրվա ամենաթողությունն է: Մշակութային ինտերվենցիային մեր Ազգային անվտանգության ծառայությունը չի միջամտում, երբ օտար փողերի միջոցով եթերն են աղավաղում, ազգային դիմագիծն են փչացնում: Այն կուսակցությունները, որոնք դրսից են ֆինանսավորվում, ՀՀ օրենսդրությամբ համարվում են օրենքից դուրս, և նրանց գործունեությունը կասեցվում է: Իսկ ինչո՞ւ չի կասեցվում այդ օտար մշակույթ կոչվածը, երբ թուրքերենից թարգմանված երգեր են երգում և զարմանում, թե ինչու մեր երգերը տեղ չեն հասնում: Մի՞թե պարզ չէ` ինչու»:

Մեր ավանդական պարերը տասից ավելի տարատեսակների են բաժանվում` հարսանեկան, սգո, ռազմական, ճանապարհի, քյանդրբազի` լարախաղացի, մեհենական` տաճարային, ծիսական, աշխատանքային, մանկական և այլն: Տեսաբան Սրբուհի Լիսիցյանը գրառել է ավելի քան 3000 պարատեսակ: Իսկ ԽՍՀՄ տարիներին պարի լավագույն մասնագետներից Վահրամ Արիստակեսյանին, ում գլխավորությամբ ազգային պարախումբը միջազգային մրցույթում ոսկե մրցանակի է արժանացել, ԽՍՀՄ իշխանություններն աքսորել են` ազգայինի դրսևորման համար: Սակայն խորհրդային տարիներին անգամ մեծ ջանքերի գնով պահպանվում էր ազգային երգն ու պարը: Մինչդեռ այսօր մեր հեռուստաեթերով բազմիցս ականատես ենք լինում, այսպես կոչված, լատինաամերիկյան պարային շոուների, որոնք ներկայացվում են իբրև հանրային պահանջ: Սակայն մեկ այլ հեռուստաեթեր, կոտրելով ձևավորված կարծրատիպերը, ապացուցում է, որ ազգային երգն ու պարն առավել պահանջված են:

««Նարեկացի» արվեստի միության միջոցով փորձում ենք ապացուցել, որ սխալ է այն կարծիքը, ըստ որի պահանջարկն է ծնում առաջարկ: Մեր ժողովրդին տալիս են օտար մշակույթը և փորձում հավատացնել, թե դա պահանջարկ ունի: Թող տան ազգայինը և կտեսնեն, թե իրականում ինչն է պահանջված: Ոմանց թվում է, թե մեր հասարակությունը չի սիրում մեր մշակույթը, ժամանակակից մշակույթն է նախընտրում: Ասեմ, որ չկա ժամանակակից մշակույթ, կա ժամանակավրեպ մշակույթ: Ոչ ոք չի կարող Նարեկացու տաղերը ժամանակավրեպ համարել, իսկ այսօրվա երկտողանի բարբաջանքը, որը որպես երգ է ներկայացվում, իսկապես ժամանակավրեպ է: Նման բարբաջանքները փչացնում են ազգային դիմագիծը, որի վերականգնման համար ժամանակ է պետք»:

Արդեն չորս տարի է, ինչ «Նարեկացի» արվեստի միությունում «Կարին»  ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրն անցկացնում է ուսուցողական դասընթացներ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

«Պարն իր զարգացման կանոններն ունի: Եթե մենք ուզում ենք չշեղվել այդ կանոններից, ապա պետք է այն մեր կենցաղից դուրս չմղենք: Ոչ մեկը չի նստել և պար հնարել: Պարը կյանքի կենսական շարունակությունն է: Կոմիտասն ասում էր, որ պարը քաղաքակրթության աստիճան  է որոշում: Կան պարեր, որ 5000 տարի ապրել են, և ինձ համար ծիծաղելի է այն մարդկանց մեծամտությունը, ովքեր կարծում են, թե 5000 տարվա ընթացքում իրենք առաջին խելոքներն են, որոնք հասկացան, թե որտեղ է այդ պարի փրկությունը: Իսկ մինչ այդ ոչ մեկը չէր մտածել պարը աղավաղել` ներկայացնելով իբրև ժամանակակից: Այդ պարն առանց իրենց էլ ապրելու է, քանի որ այն ապրեցրել է ազգին, նրա մեջ այնքան էներգետիկա կա, այնքան հենք կա, որ չի կարող մեռնել: Ցանկացած ազգային ժանգոտած գենով երիտասարդ մեկ-երկու ամիս հայ արվեստի հետ շփման արդյունքում ամբողջ բջիջներով զգում է ազգային պարը: Կոմիտասը մի սրինգով ծնկի բերեց ամբողջ Եվրոպան, և ո՞վ ասաց, թե դա թույլ մշակույթ էր: Արամ Խաչատրյանն ազգային երաժշտությանը պարզապես սիմֆոնիզմ հաղորդեց, որն աշխարհին առավել ընկալելի էր, և նրա հավերժությունը պայմանավորված է հենց ազգային հենքով: Հաճախ մեր տաղանդը չի հերիքում մշակույթում առկա հզորությունն ընկալելու համար, և այն հին ենք համարում, սակայն իրականում մշակույթը զարգանում է` մենք ենք հնանում: Նժդեհն ասում էր` ազատությունն ամեն հիվանդ ստամոքսի կերակուր չէ: Իսկ այսօր դարերի հանճարով ստեղծված մեր մշակույթը մեր հիվանդ մարմնի կերակուրը չէ: Այն մարդը, որ չի մարսում այդ մշակույթը, կարծում է, թե դրա ժամանակն անցել է, բայց պարզապես նա ի վիճակի չէ դա ընկալելու»:

Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք տարիներ շարունակ լատինաամերիկյան պարեր պարած հային վերադարձնել արմատներին, Գագիկ Գինոսյանը պատասխանեց.

«Խնդիրը միայն գենի ժանգի չափն է: Որքան շատ է ժանգը, այնքան դժվար է հետ բերել: Իսկ շատ հաճախ, եթե ժանգը շատ է, ուղղակի տակը երկաթ չի մնում: Ասեմ, որ բոլոր պարերը բաժանում են ուղղահայացի և հորիզոնականի: Բոլոր այն պարերը, որի ժամանակ մարդու մարմնի առանցքի նկատմամբ մարմնի մասերը հորիզոնական շարժումներ են կատարում, օրինակ` կոնքային շարժումներ, կոչվում են հորիզոնական և ունեն երկրային բնույթ: Դրանք սեմական պարեր են և սեռական ուղղվածություն ունեն: Բոլոր այն պարերը, որոնք ուղղահայաց բնույթ ունեն, ձգվում են դեպի երկինք, արիացիներն  են պարել: Հատկապես աճող սերնդի մոտ լատինական պարերը հանգեցնում են վաղահաս սեռական հասունացման, և երեխայի մոտ անոմալ երևույթներ են առաջանում: Էլ չեմ խոսում այն մասին, որ այդ կոնքային շարժումները տղաներին տալիս են կանացի հատկություն: Հայկական պարերում կոնքային ցանկացած շարժում բացառված է»:

Գագիկ Գինոսյանի մուտքը եթեր որոշ հեռուստաընկերություններ արգելել են, որի հիմնական պատճառը ամենաթողության և ապազգայինի դեմ վերջինիս պայքարն է.

«Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության ժամանակ հայտարարեց, թե մշակութային դաշտը ազատ են թողնում, ինչի կարիքը կա, այն էլ կզարգանա: Ես եթերից պատասխանեցի, որ եթե մեր նախագահը գյուղատնտեսությունից մի փոքր հասկանար, կիմանար, որ ազատ թողած դաշտում միայն մոլախոտ է աճում, սակայն դաշտը խնամել, սերմը ցանել, աճեցնել, քաղհան հանել, ապա բերքը հավաքել է պետք: Իսկ մենք ուզում ենք ամբողջ օրը քեֆ անել, իսկ արվեստն ու գիտությունը զարգանան, մեզ էլ չանհանգստացնեն: Նույնն է, թե երեխա ունենանք ու ասենք` ունեցել ենք, թող ինքն իրեն մեծանա, կուզի յոգուրտ կուտի, կուզի` մածուն: Այդ կերպ շարունակում են վարվել Հայաստանի հետ»:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն