Արցախի իշխանությունը փորձում է հասցնել այն անելանելի իրավիճակին, որ վերջում կա՛մ սկսեն օգտվել Աղդամի ճանապարհից, կա՛մ գնան Ադրբեջանի հետ երկխոսության՝ ինտեգրացիայի հարցով. Գալստյան
Արցախի նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ, երեկ Արայիկ Հարությունյանը խորհրդարանի իր թիմակիցների հետ վերահաստատել է, որ չի հեռանալու։
Իշխանական պատգամավոր, Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախագահ Արամ Հարությունյանը ասել է.«Նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ, մնացած ամեն ինչը խոսակցույթունների տիրույթում են, կա հստակ որոշում, նման բան չի նախատեսվում»: Ըստ իշխանության ներկայացուցչի` ներքաղաքական պայքարը կանգ չի առնում, աթոռակռիվ է:
Մինչդեռ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը նկատում է` աթոռակռվի միակ մասնակիցը Արայիկ Հարությունյանն ինքն է:
«Ես համոզված էի, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տալու, հերթական մանիպուլյացիան է, որը միտված է իր իշխանությունը երկարաձգելուն, թե իբր կառչած չի իր աթոռից, բայց բոլոր փաստերը խոսում են հակառակի մասին», – ընդգծեց Գալստյանը:
Գալստյանի տեղեկացմամբ՝ երեկ խորհրդարան են մտել աշխարհազորի մի խումբ մարտիկներ՝ գլխավոր հարցով՝ այդ ո՞վ է այստեղ պահանջում Հարությունյանի հրաժարականը. – «Թե ովքեր են այն պատգամավորները, որոնք Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում, իրենց կողմից ընտրված նախագահն է Արայիկ Հարությունյանը և իրենց կողմից ընտրված նախագահի հրաժարականը, որևէ պատգամավոր չի կարող պահանջել»:
Պատգամավորը վստահ է՝ հրաժարականի լուրերի այս հոսքերը նախագահը գծում, նախագահն էլ հերքում է։ Ինչո՞ւ։
«Երևի թե Արայիկ Հարությունյանը նորից զգացել է, որ դժգոհությունները աճում են ու փորձել է ցույց տալ, որ նա միակ մարդն է, ով կարող իրավիճակը և՛ սրել, և՛ հանդարտեցնել», – ասաց Դավիթ Գալստյանը:
Արցախցիները նախագահից դժգոհելու հիմքեր ունեն, ըստ Գալստյանի, կառավարությունն անգործություն է ցուցաբերում՝ պաշարման պայմաններում եղած ռեսուրսը ճիշտ չի կառավարվում, կարող էին ապահովել, որ գյուղերից բերքը հասնի մայրաքաղաք, շտապօգնության մեքենաներն անգամ վառելիք չունեն, միայն ինսուլտ-ինֆարկտի համար են օգտագործվում: Պատգամավորը նկատում է, որ այժմ ոչինչ չի արվում ձմռանը նախապատրաստվելու համար և տպավորություն ունի, որ Արցախի իշխանությունը մինչև ձմեռ պլանավորում է ինտեգրում Ադրբեջանի հետ։
«Փորձում են հասցնել այն անելանելի իրավիճակին, որ վերջում կա՛մ սկսեն օգտվել Աղդամի ճանապարհից, կա՛մ գնան մտնեն Ադրբեջանի հետ երկխոսության՝ ինտեգրացիայի հարցով», – ասաց Գալստյանը:












