Մեծի Տանն Կիլիկիո արևելյան ԱՄՆ թեմի առաջնորդ Օշական Չոլոյան.«Հայությունը խռովքի մեջ է, հայությունը մտահոգված է»
«Ինձ համար 2 տեսակետ և տարբեր ըմբռնումներ կան. առաջինը համահայկականն է, որովհետև այս հարցը համայն հայության հարցն է, և կասկած չկա, որ հայությունը խռովքի մեջ է, հայությունը մտահոգված է, թե ապագան ինչ պիտի լինի»,- Սփյուռքի հայկական գաղթօջախներում ՀՀ նախագահի համահայկական այցելության շրջանակներում նյույորքյան հանդիպումից հետո իր տեսակետն է արտահայտել Մեծի Տանն Կիլիկիո արևելյան ԱՄՆ թեմի առաջնորդ Օշական Չոլոյանը:
«Ինձ անհանգստացնում է այն, որ ներքին հայկական մտահոգությունը պառակտումի է տանում, այդ համահայկական հարցը տեղական նաև մտահոգության ու պառակտումի առիթ կարող է լինել, ինձ համար լուրջ անհանգստություն է: Կասկած չկա, որ ցեղասպանությունը բոլորիս համար էլ հիմնական հարցն է: Այն բոլոր արտահայտությունները, որոնք քիչ առաջ տեղի ունեցան, տեղին էին, սակայն ինձ համար երբեմն հոգեբանական տվյալները կարևոր են, որովհետև պատմությունը մեզ մշտապես ցույց է տվել, թե մեր քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների մեջ երբեմն կարող են ձախողումներ լինել, և դա թերևս գալիս է մեր թշնամու համառությունից»:
«Սքանչելի բան է, որ նախագահը 2 երկրների դիվանագիտական կապերի հաստատման աշխատանք է տանում, սքանչելի բան է և պետք է դա լինի: Սակայն դա չպետք է լինի ավելի մեծ բանի գնով, իսկ դա Հայոց Ցեղասպանությունն է, մեր սահմանների անխախտելիությունն է»,- ասել է Չոլոյանը:
Նա նկատել է, որ այս փաստաթղթերը պատմության մեջ առաջինն են, որ ստորագրվում է Հայաստանի և Թուրքիայի միջև: Սրանից առաջ եղածները Հայաստանի մասնակցությամբ չեն եղել:
«Եթե խորհրդային միության փլուզումից հետո, որպես խորհրդային միության երկրներից մեկը, ճանաչեցինք սահմանների ամբողջականությունը, դա ընդհանուր միջազգային հասկացողություն էր, բայց այդ դաշինքը կամ համաձայնությունը ոչ մի անգամ կնքված չի եղել Հայաստանի և Թուրքիայի միջև: Նույնիսկ Կարսի Դաշնագիրը կնքված է Մոսկվայի և Թուրքիայի միջև: Հետևաբար, այս հասկացողությունները մեզ մղում են, որ մի քիչ ավելի աչալուրջ լինենք մեր մոտեցումի մեջ և չընկնենք այն թակարդի մեջ, որ կարող է մի օր մեզ ավելի ծանր վիճակների մեջ դնել: Ես համաձայն եմ, որ այս արձանագրությունները լայն տողերով են գրված, նրանց մեջ շատ բան կա: Մեր մեկնաբանությունները նույնը պիտի չլինեն, ինչ Թուրքիայի կողմից հնչող մեկնաբանությունները: Հետևաբար, պետք է իմ կարծիքով նախագահի այցելությունն առիթ լինի, որ այս փաստաթղթերը մեկ անգամ ևս քննարկվեն ավելի լավ, ավելի խորը կերպով, որպեսզի չլինի, թե հետագայում մենք լինենք այս արձանագրությունների տուժողները»,- նշել է Ամերիկայի հայոց թեմի առաջնորդը:












