Բոլորը համախմբումից են խոսում, բայց համախմբում չի լինում. Կարեն Վրթանեսյան
Հասկանում եմ, որ պահը գերլարված է, բայց ուզում եմ մի տեսական խնդրի անդրադառնամ, որն իրականում հենց այսօր գերարդիական է…
Վերջին տարիներին անընդհատ լսում ենք և ինքներս էլ կոչեր ենք անում համախմբվելու. «Պահը օրհասական է, պետք է համախմբվել»։
Բոլորը համախմբումից են խոսում. բացահայտ և ծպտյալ իշխանական քարոզիչներից սկսած («եկեք համախմբվենք պետության շուրջ»՝ պետություն ասելով նկատի ունենալով, բնականաբար, Նիկոլին), արմատական ընդդիմադիրներով վերջացրած («համախմբվենք, որ հեռացնենք Նիկոլին»)։
Բայց համախմբում չի լինում։
Ինչո՞ւ։
Մի կողմ դնելով քաղաքական, աշխարհաքաղաքական, սոցիալական, մշակութային հանգամանքները, մի կողմ դնելով հակառակորդի պառակտիչ խոսքն ու գործը և շատ այլ պատճառներ, խոսենք, այսպես ասած, տեխնոլոգիականից։
Ինչպես և հասարակությունը պառակտելը, այնպես էլ նույն այդ հասարակությունը համախմբելը սոցիալական տեխնոլոգիա է. սկզբունքների, մեթոդների, մարտավարությունների, հնարքների, պատմական փորձի և «կրեատիվի» ամբողջություն, որի արդյունավետ կիրառումը պահանջում է նաև ռազմավարական պլանավորում։
Եթե խոսում ենք համախմբումից, ապա պետք է հասկանալ, որ համախմբումը շարունակական գործընթաց է, նշանակում է՝ համախմբվելուց հետո այդ վիճակում մնալը շարունակական ջանքեր է պահանջում։
Երկրորդ կարևոր պահը. համախմբումը բազմափուլ և բազմամակարդակ գործընթաց է. այն սկսվում է փոքր խմբեր ստեղծելուց և դրանց ներսում փոխադարձ վստահություն ստեղծելուց, այնուհետև աստիճանաբար բարձրանում է ավելի ու ավելի մեծ և տարբեր խմբերի և ցանցերի միջև փոխհամագործակցության և ներդաշնակեցման մի քանի մակարդակներով։
Բոլոր փուլերում կարևոր է մտքերի, իրավիճակի վերաբերյալ գնահատականների փոխանակումը խմբերի միջև, սկզբունքների համաձայնեցումը, անձնական ծանոթությունները, իրար գործի մեջ փորձելը (ընդ որում պարտադիր չէ, որ եթե մարդը մի գործում իրեն լավ չի դրսևորել, ուրեմն նրան պետք է ընդմիշտ դուրս թողել շփման շրջանակից. գուցե տապալած գործն ուղղակի «իրենը չէր», իսկ մեկ այլ հարցում շատ ավելի արդյունավետ գործի)։
Հաճախ լինում է նաև, որ անհատն իր տեղում չէ, չի կարողանում ինտեգրվել մեկ խմբին, բայց շատ լավ ինտեգրվում է մեկ այլ խմբին… Դա էլ է նորմալ։
Համախմբման գործընթացն արագանում է, եթե կան համախմբող տեքստեր, որոնք ձևակերպում են նպատակներ, սկզբունքներ կամ գոնե տարբեր շերտերից մարդկանց հուզող արդիական խնդիրներն են վերլուծում։ Այդ տեքստերի շուրջ հնարավոր է շարունակական քննարկումներ ծավալել։
Համախմբումն կայանում է, եթե խմբերը սկսում են թեկուզ փոքր թվացող, բայց շարունակական ինչ-որ գործեր անել, առավել ևս, եթե ինչ-որ պահից այլ խմբերի հետ համատեղ են անում դրանք։ Շատ օգտակար է աշխատանքի կայուն պարբերականությունը, օրինակ՝ երբ խմբերի աշխատանքային հանդիպումները լինում են շաբաթվա կոնկրետ օրերին։ Սա նաև որոշակի պատասխանատվության զգացմունք է առաջացնում մարդկանց մոտ, որն ինչ-որ պահի վերածվում է խմբային կարգապահության։
* * *
Կարող է թվալ, որ այս ամենը շատ մեծ ժամանակ է պահանջում, բայց իրականում այդքան էլ չէ։ Գիտնականներն ասում են՝ 100–200 ժամ է պահանջվում վստահության բավականին մեծ պաշարով խմբեր ստանալու համար։
Օրինակ՝ եթե 10–12 հոգով 1–2 շաբաթով արշավի գնալ և իրար հետ չկռվել (կամ գոնե կռվելուց հետո անկեղծ բարիշել), ապա արշավի վերջում կարելի է լավ համախմբված «հանրային միավոր» ունենալ։
Իհարկե, միայն միասին գտնվելը բավարար չէ, պետք է նաև միասին ինչ-որ գործ անել, պարտականություններ ստանձնել և դրանք կատարել։
Շաբաթը մեկ 2–3 ժամով հանդիպելով՝ այդպիսի խումբ ստեղծելը կարող է մոտ մի տարի պահանջել։ Ինչն էլի այդքան էլ վատ չէ։
* * *
Մի խոսքով. համախմբումը (ինչպես և շատերի երազած «վճռական գործողությունները») օդից չի առաջանալու։ Համախմբումը պահանջում է գաղափար, գիտելիք, պլանավորում, ժամանակ։ Այսինքն հետևողական աշխատանք։
Որն իրականացնելը լրիվ իրատեսական է և, ինչպես նշեցի, այդքան էլ մեծ ժամանակ չի պահանջում։
Կարեն Վրթանեսյան












