Ադրբեջանի խնդիրը ոչ թե խաղաղության հասնելն է, այլ Հայաստանից մաքսիմալ պոկելը
Հարավային Կովկասը ինքնին գտնվում է բավականին բարդ իրավիճակում, և այն լարվածության օջախները, որոնք եղել են, որևէ ձևով չեն լիցքաթափվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը բավականին մեծ լարվածություն է հասցրել տարածաշրջանին։ Երրորդ կողմից ամեն ինչ արվում է մեր հարևան Իրանին այդ պատերազմի մեջ ներգարավելու համար ու բնական է, որ ցանկացած իրավիճակային զարգացում կարող է իր ծանր ազդեցությունը թողնել Հարավային Կովկասի վրա»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե Արցախի հանձնումը լուծելու է Հարավային Կովկասում բոլոր խնդիրները և խաղաղություն է ապահովելու, սակայն դա այդպես չէ։
«Արցախի հարցը տարիներ շարունակ պաշտպանական ֆունկցիա է կատարել Հայաստանի համար, այժմ Արցախի հանձնումից հետո նոր իրավիճակ է ստեղծել Հայաստանի համար և Ադրբեջանը փորձում է դա զարգացնել։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը օկուպացայի է ենթարկել ՀՀ մեծ թվով բնակավայրեր, ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ոչ միայն պահպանել այդ վերահսկողությունը, այլ այսպես կոչված անկլավների տակ ստանալ նոր զիջումներ։ Այստեղ Ադրբեջանի խնդիրը ոչ թե խաղաղության հասնելն է, այլ Հայաստանից մաքսիմալ պոկելը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը վերջին օրերին հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Հայաստանի 29․800-ի նկատմամբ Ադրբեջանը ունի կոնկրետ հավակնություններ ու դա համարում է իր տարածքը։ Եթե Ադրբեջանն իրականում Սյունիքը ճանաչեր Հայաստանի տարածք, ապա այդ պարագայում 2020-2023թթ հարձակումներ չէր գործի ու իր վերահսկողության տակ չէր առնի Սյունքիի մեծ թվով բնակավայրեր՝ Իշխանասար, Սեւ լիճ, Տեղ գյուղի, Ներքին Հանդի, Կոռնիձորի հատվածները»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։












