Էդ. Նալբանդյան. «Կողմերից ոչ մեկը չպետք է միայնակ հայտարարություն անի»
Հայաստանը վճռական է առաջ շարժվել և հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ ու կոչ է անում Անկարային նույնպիսի քաղաքական կամք ցուցաբերել: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Ֆրանս Պրես» գործակալությանը տված հարցազրույցում:
«Մենք վճռական ենք եղել ողջ գործընթացի ընթացքում և այժմ մենք վճռական ենք շարժվել առաջ: Մենք հուսով ենք, որ առաջիկա օրերին, առաջիկա ամիսներին թուրքական իշխանությունները կցուցաբերեն նույն քաղաքական կամքը», -հավելել է Նալբանդյանը:
Նալբանդյանը չի հաստատել, որ ինքը և իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին կհանդիպեն Շվեյցարիայում` ստորագրելու արձանագրությունները, ինչպես թուրք պաշտոնյաներն էին հայտարարել: Նա ակնարկել է, որ թուրքական կողմը ժամանակից շուտ է հայտարարել այդ մասին:
«Երբ մենք պատրաստ կլինենք, ապա այդ մասին որևէ հայտարարություն կանենք, մենք դա կանենք միասին: Սա երկկողմանի պրոցես է: Կողմերից ոչ մեկը միայնակ չպետք է հայտարարություններ անի», -ասել է նա:












