Գլխավոր » NKR, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Դա արկածախնդրություն էր. Շահրամանյանը Սամվել Բաբայանի ծրագրի մասին

Հոկտեմբեր 29, 2023թ. 00:47

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե Սամվել Բաբայանն ասում է, որ ինքը միջնորդավորված բանակցել է Ադրբեջանական   կողմի հետ ու ռազմական գործողություններից խուսափելու տարբերակ կար: Նրա գաղափարակից Հայկ Խանումյանն  ասում  է, որ  սեպտեմբեր 19-ի  ուշ երեկոյան առաջարկել է իշխանությունը տալ Սամվել Բաբայանին, որն է իր մեկնաբանությունը, ասել է.

«Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ, հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները և գնալ բանակցությունների՝ ադրբեջանական կողմի հետ։ Ես իրեն առաջարկել եմ, որ Սամվել Բաբայանը ներկայացնի իր տեսլականը։

Ճիշտն ասած, ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր, բայց, չնայած դրան, նաև իմանալով, թե հետագա ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ խոսակցությունը, ինչպես կարող է մեկնաբանվել, ես կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ և փորձել եմ ճշտել, թե արդյոք կա՞ Արցախում այլ թեկնածու, ում հետ իրենք պատրաստ են վարել բանակցություններ, քանի որ Արցախում կային կարծիքներ, որ կարող է՝ Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն՝ որպես բանակցող։ Ադրբեջանական կողմից ստացել եմ բացասական պատասխան, և ինձ համար պարզ դարձավ, որ դա արկածախնդրություն էր, ու պետք է շարունակել բանակցությունները  ռազմական գործողությունները դադրեցնելու ուղղությամբ»,-հայտարարեց Արցախի նախագահը։

Լրագրողի հարցին, թե  Սամվել Բաբայանը միջնորդավորված բանակցել է ադրբեջանական կողմի հետ,  Շահրամանյանն ասել է, որ ինքը այդ մասին տեղեկացել է Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ հրավիրված էր  Բաբայանը: «Որից հետո իր հետ պատահական  հանդիպել եմ ու առաջարկել եմ, որ ինքը ներկայացնի, թե ի՞նչ  փաստաթուղթ է քննարկում Ադրբեջանի հետ: Ասել է, որ 23 կետանոց ինչ- որ փաստաթուղթ է, որի հիմնական մասը ադրբեջանական կողմի  համար ընդունելի է, և 3 կետի վերաբերյալ քննարկումը պետք է իրականացվի: Ես այդ փաստաթուղթը այդպես էլ չեմ տեսել: Տեղյակ չեմ այդ փաստաթղթում ի՞նչ է նշված: Տեղյակ եմ համացանցում ներկայացված իր տեղեկություններից, որ  բանակցում էր ինչ-որ «ավտոնոմիայի» կարգավիճակի  շուրջ: Ճիշտն ասած, այդ հայտարարությունն  ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ, որովհետև ինձ համար հետաքրքիր է, ո՞ւմ հետ է ինքը քննարկել  էդ փաստաթուղթը, ո՞վ է իրեն  լիազորել Արցախի Հանրապետության անունից բանակցել Ադրբեջանի հետ: Իր ասելով, դա  եղել է Արայիկ Հարությունյանը: Ինձ համար հարց է, եթե Հարությունյանը  տեղյակ է եղել էդ փաստաթղթին, ապա գոնե Բաբայանի կողմից այն  պետք է քննարկվեր ՀՀ ղեկավարության հետ: Ունենալով Արցախի Հանրապետություն` քննարկել նրա կարգավիճակը` իջեցնել ու հասցնել «ավտոնոմիայի»,  ուրեմն, մենք պետք է գնայինք այն քայլին, որ հենց  էդ փաստաթղթով պետք է լուծարվեր Արցախի Հանրապետությունը ու դառնար ավտոնոմիա Ադրբեջանի կազմում:  Ինձ մոտ մեծ հարցեր են առաջանում, թե որտեղի՞ց կար նրա մոտ  համոզմունքը, որ դա կարող է ընդունվի  արդրբեջանական կողմից:  Ես  խոսել  եմ ադրբեջանական կողմի հետ, ու իրենք ինձ վստահեցրել են, որ նման փաստաթուղթ չի քննարկվում, որ իրենք պատրաստ չեն քննարկել մեզ հետ որևէ կարգավիճակի հարց`  պատճառաբանելով, որ իրենք իրենց կազմում ունեն այլ ազգային փոքրամասնություններ ու, եթե Արցախին տրվի  կարգավիճակ, նրանք էլ կպահանջեն կարգավիճակ ու, իրենց խոսքերով, իրենք չեն գնա պետությունը քանդելու ճանապարհով»,- ասել է Սամվել Շահրամանյանը:


Դիտել NKR, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն