Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանում ծրագրվել էր պայթեցնել Իսրայելի դեսպանատունը

Հոկտեմբեր 6, 2009թ. 14:20

Բաքվում դատարանի որոշմամբ Ադրբեջանի չորս և Լիբանանի երկու քաղաքացիներ միջինը 12-ից 15 տարի ազատազրկման են ենթարկվել «Հզբալլահ» և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելու համար: Այս մասին փոխանցում է Panorama.am-ը:

Քննությամբ պարզվել է, որ ահաբեկչական խմբավորումը ծրագրել է պայթեցնել Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունն ու Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը: Դա են վկայում հետաքննության ժամանակ հայտնաբերված թիրախ հանդիսացող կառույցների լուսանկարները:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հանցագործ խմբավորումը պլանավորել է Իսրայելի դեսպանատանն ահաբեկչական գործողություն իրականացնել 2008թ. մայիսին` Իսրայելի պետական տոնի նախօրեին: Այդ նպատակով ահաբեկիչները դեսպանատան հարևանությամբ բնակարան են վարձակալել և ձեռք բերել մեծ քանակությամբ զենք ու պայթուցիկ նյութեր:

Խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել միջազգային ահաբեկչական այնպիսի կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ, ինչպիսիք են «Հզբալլահն» ու «Ալ Քաիդան»:

Միևնույն ժամանակ, ադրբեջանական դատական համակարգն այդքան էլ անաչառ չի գտնվել սեփական քաղաքացիների նկատմամբ` նրանց մեղադրելով միայն Լիբանանից ժամանած հյուրերին օժանդակելու մեջ: Արդյունքում ադրբեջանցիների նկատմամբ մեղմ պատիժներ են կիրառվել:

Նկատենք, որ Ադրբեջանը գրեթե միշտ հիշատակվել է ահաբեկչական հնչեղ գործողությունների համատեքստում, և առաջին անգամ չէ, որ այստեղ հայտնաբերվում ու ցուցադրաբար պատժվում են այս կամ այն ահաբեկչական խմբավորմանը հարող տարրեր: Հիշեցնենք, որ Բաքու և Ադրբեջան բառերը բազմիցս հիշատակվել են թե սեպտեմբերի 11-ի ահաբեկչության, թե Նայրոբիում ԱՄՆ դեսպանատան պայթեցման գործողության կազմակերպման ու իրականացման խնդիրներն ուսումնասիրելիս:

Armae.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն