Գլխավոր » Լրահոս

Մասնագիտական տոնը` պարգևներով

Հոկտեմբեր 6, 2009թ. 15:27

Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի Սպայի տանը ուսուցիչների մասնագիտական օրվա կապակցությամբ տոնական միջոցառում է տեղի ունեցել: Նվերներ են ստացել ոլորտի երախտավորները, նաև այն կրթօջախները, որոնք անցած ուսումնական տարում լավագույնն  են ճանաչվել:

Տոնական օրվա առթիվ հանրապետության  ուսուցիչներին շնորհավորելու էին եկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Տոնական օրն առանց պարգևների չանցավ: ԼՂՀ նախագահի հրամանագրով մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ունեցած ակնառու հաջողությունների համար ԼՂՀ վաստակավոր մանկավարժի և մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումներ շնորհվեցին կրթության ոլորտի մի շարք երախտավորների, ում աշխատանքն այս դժվար, բայց պատվաբեր բնագավառում տասնամյակներով է հաշվվում: Նախագահի մեկ այլ հրամանագրով մի շարք ուսուցիչներ պարգևատրվեցին «Վաչագան Բարեպաշտ» և «Երախտագիտություն» մեդալներով:

Օրը հատկապես հուզումնալից էր արդեն թոշակի անցած ուսուցիչների համար. գնահատվում էր նրանց տարիների վաստակը: Բայց և նույնքան պատասխանատու և պարտավորեցնող էր նոր սերնդի ուսուցիչների համար:

Նվերներ ու պարգևներ ուներ նաև Կրթության և գիտության նախարարությունը: «Տարվա լավագույն դպրոց», «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն զինղեկ» և բազմաթիվ այլ անվանակարգերում հաղթողները պարգևատրվեցին ԿԳ նախարարության պատվոգրերով ու դրամական պարգևներով:

Տոնական օրվա առթիվ ուսուցիչներին շնորհավորելու  էին եկել հանրապետության մշակութային կոլեկտիվները, տարբեր կրթօջախներ ներկայացնող ստեղծագործական խմբեր և անհատ կատարողներ:

Ն. Հովսեփյան

armarlur.com-ը շնորհավորում է մեր վաստակաշատ մանկավարժներին ու մշակույթի գործիչներին



Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն