Մեր միակ ձեռքբերումը կլիներ սրանցից ազատվելը
Հայացք նետելով անցնող՝ 2023թ․-ին, քիչ բան կա, որ հույս եւ լավատեսություն է ներշնչում։ Ի ցավ մեզ՝ ունեցանք Արցախի կորուստ, տեղահանություն, արտագաղթ, ինչպես նաեւ հոգեւոր-մշակութային մի ահռելի շերտի կորուստ, որը մոտ ապագայում հնարավոր կլինի վերականգնել, թե ոչ՝ այսօր դժվար է ասել։
«Տարվա վերջ է, ու, ինչպես ամեն տարի, բոլոր գերատեսչությունները մեկը մյուսի հետեւից հանդես են գալիս հաշվետվություններով։ Նայում եմ նրանց ինքնագոհ դեմքերին, խոսում են ձեռքբերումներից, ինչ-որ թվեր են ասում, աճերի մասին են խոսում, որին ուղղակի մի բան կհավելեմ․ 2023-ին խոսել ինչ-որ ձեռքբերումներից, մանավանդ շինծու թվեր ներկայացնելով, մեղմ ասած՝ երեսպաշտություն է կամ սրիկայություն,- մեզ հետ զրույցում նկատում է գրող, հրապարակախոս Կարո Վարդանյանն ու հավելում։- Պետք է հաշվի առնել, որ 2023-ը մեր մի քանի հազարամյա պատմության մեջ այն բացառիկ տարին է, որ այլեւս Արցախ չունենք ու դրա կողքին մենք խոսում ենք ինչ-որ ձեռքբերումներից։ Ընդ որում, այդ սրիկայությունը ե՛ւ ֆիզիկական դաշտին է վերաբերում, ե՛ւ առավել եւս՝ հոգեւոր, որովհետեւ բավական չէ, որ հսկայական մի երկրի չափ հայրենիք հանձնեցին, զուգահեռ սկսեցին ամեն ինչ անել նաեւ այդ հիշատակը մոռացության տալու համար։ Ի՞նչ է նշանակում, հանկարծ «Արցախ» բառը լեզվից «սայթաքում» է, անմիջապես կապտում են ու թրքաբարոյի ներողամտություն են հայցում։ Այսինքն՝ հերիք չէ հանձնել են, մի հատ էլ հիշատակն են ջնջում ու վերջ, էլ իրավունք չունենք ո՛չ հիշելու, ո՛չ անունը տալու։ Անունը տալուց էլ տվեք այնպես, ինչպես թուրքն է կամենում։ Այս ամենի կողքին ի՞նչ ձեռքբերումից կարելի է խոսել։ Մեր միակ ձեռքբերումը կլիներ սրանցից ազատվելը։ Ցավոք, ոչ մի ձեռքբերում էլ չունենք, միայն համատարած կորուստներ, ու այս կորուստների ընթացքը շարունակվում է, իսկ վերջը չի նշմարվում։ Իմ սիրած գրողի՝ Խաչիկ Դաշտենցի մի խոսքը հիշեցի․ նրա հայդուկներից մեկը, երբ հայրենազրկումի, ջարդի արդյունքում անցել էր այդ ամբողջ պայքարի բովով, վերջում այսպիսի մի խոսք է ասում՝ այս աշխարհում մեր գտածը քիչ էր, մեր կորուստը՝ շատ․․․»։
Ամեն առումո՞վ ենք անցել անշրջելիության կետը, թե՞ հնարավոր է այսքան կորուստներից հետո ոգու, մտքի զարթոնք։ «Ցավոք, ես դա չեմ տեսնում, ավելին ասեմ՝ որտեղի՞ց տեսնեմ, մենք հիմա հազարապատիկ անգամ վատթար վիճակում ենք բարոյահոգեբանական առումով, քան ցեղասպանության տարիներին, որովհետեւ ցեղասպանության բեկորները թաքուն այդ երազն ունեին, որ երբեւէ ոտքի կկանգնեն ու հետ կբերեն կորուստները, գոնե ամեն հայ այդպես էր մտածում։ Այսօր ինչքան հայ կա, այնքան՝ մտածողություն, եւ, որ ամենասարսափելին է՝ հայ մարդը դեռ չի գիտակցում, թե ով իրեն մոլորեցրեց, ով իրեն տարավ կոտորածի եւ ով իրեն հայրենազրկեց։ Այդ տեսակետները, համոզմունքները տարբեր են ու բազմազան։ Եթե մինչ այսօր մենք ազգովի չենք գիտակցել, թե աղետն ով բերեց մեր գլխին, նույնիսկ աղետի աստիճանը չենք գիտակցել, ես ի՞նչ հույսից կամ տեսլականից խոսեմ, այդ առումով որեւէ հուսադրող բան չեմ տեսնում»,- նշում է Կ․ Վարդանյանը։












