Քարտեզի՞ց է սկսվում հայրենիքը
«Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը» հարցը կարող է հռետորական թվալ: Սակայն որքան էլ ասենք, որ հայրենիքը սահմաններով և քարտեզներով չի որոշվում, այնուամենայնիվ, յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ճանաչել իր երկրի սահմանները: Սակայն ամեն օր տարբեր հեռուստաընկերությունների եթերում հատկապես եղանակի տեսության ժամանակ մեզ է ներկայացվում մեր հայրենիքի սահմանների սխալ քարտեզ` թյուրիմացության մեջ գցելով հասարակությանը:
Դեռ անցած տարի մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ տարբեր լրատվամիջոցների բաժանվեցին ՀՀ և ԼՂՀ ճշգրիտ քարտեզները` ներառյալ ազատագրված տարածքները` հասարակությանը ապատեղեկատվությունից պաշտպանելու համար: Եվ եթե ամիսներ առաջ հայկական որևէ հեռուստաընկերության եթերում հնարավոր չէր տեսնել Հայաստանի իրական քարտեզը, ապա այսօր արդեն այն երևում է որոշ հեռուստաալիքների էկրաններին: Նշենք, որ ոչ բոլոր հեռուստաընկերություններն արձագանքեցին այդ նախաձեռնությանը: Առաջին իրական քարտեզը հայտնվեց ԱԼՄ հեռուստաալիքի եթերում: Այսօր այն հնարավոր է տեսնել նաև Դար21 և TV5 հեռուստաընկերությունների եթերում:
Ինչպես մեզ տեղեկացրեց Մետեո-TV-ի աշխատակազմի ղեկավար, եղանակի տեսության թողարկումների պատասխանատու Սարգիս Մկրտչյանը, նման քարտեզ եթերում տեսնելու համար կարևոր է նաև, որ դա ցանկանա տվյալ հեռուստաընկերությունը: Նա միաժամանակ չբացառեց, որ մոտ ժամանակներս ցուցադրվող քարտեզները եղանակի տեսության ժամանակ կփոխարինվեն ճշգրտված քարտեզներով:
Մինչ հայկական հեռուստաընկերությունները մտորում են Հայաստանի և Արցախի ճշգրիտ քարտեզները եթերում ներկայացնելու շուրջ, ադրբեջանական ԶԼՄ-ները Ադրբեջանի կազմ են ներառում ոչ միայն այսօրվա ԼՂՀ-ն, այլև հաճախ հոծ գծով թվացյալ սլաք են անցկացնում ԼՂՀ-ից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն` կիսելով Սյունիքը: Գուցե ոմանց սա պատահական է թվում, սակայն ադրբեջանցին սկսում է հավատալ, թե Սյունիքը հայերի կողմից «շրջափակված» ադրբեջանական հող է` մոռանալով, թե ում են պատկանում ԼՂՀ-ն, Սյունիքն ու Նախիջևանը: Սակայն դա ադրբեջանական միակ երազը չէ:
Օրերս ադրբեջանական 1news.az կայքէջում տեղադրված էր քարտեզ, որը հաճախակի կարելի է հանդիպել կայքի առավել նկատելի հատվածներում: Բացի այն, որ այնտեղ ԼՂՀ-ն ընդգրկված է Ադրբեջանի կազմում, Հայաստանի հյուսիսում հոսող Դեբեդ գետն էլ, որը միանում է Ձորագետին, գծված է միաձույլ, և առանց քարտեզը մեծացնելու նայելիս այն բաժանարար գիծ է թվում, որն ակնհայտորեն կիսում է Հայաստանը` հյուսիսային մասը «տալով» Վրաստանին, մնացյալը դարձնելով Ադրբեջանի «սեփականությունը»: Եթե սրան գումարենք այն, որ վերոնշյալ կայքը սիրում է որոշ վրացիների հավաքել մի հարկի տակ և ասել, թե Հայաստանի Հանրապետությունը ձևավորված է Վրաստանի և Ադրբեջանի տարածքների հաշվին, ապա ադրբեջանցիների հավակնոտության աստիճանն ակնհայտ կլինի:
Սակայն ադրբեջանցիները սրանով չեն սահմանափակվում: Այդ նույն քարտեզի «համաձայն», Իրանի ամբողջ հյուսիսը, որը հայոց պատմական Ատրպատականն է, նրանք անվանում են Հարավային Ադրբեջան:
Այս հանգամանքները և հասարակության` այսօր արդեն իսկ հասունացած պահանջը հաշվի առնելով` կարելի է հասկանալ, թե որքան կարևոր է ներկայացնել Հայաստան աշխարհի իրական քարտեզը և հասարակությանն ազատել թյուրըմբռնումից:
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարը, որն այսօր բավական մեծ լսարան ունի, իր նորաստեղծ տաղավարում տեղադրել է ՀՀ և ԼՂՀ իրական քարտեզը, սակայն «Հորիզոն» լրատվական ծրագրի մուտքի ժամանակ շարունակում է եթեր գնալ սխալ տարբերակը: «Շանթ» հեռուստաընկերությունից փորձեցինք պարզել, թե ինչով է դա պայմանավորված, սակայն պատասխանատուներին տեղում գտնել չհաջողվեց:
Ինչ վերաբերում է դպրոցական ծրագրերին, ապա աշխարհագրության դասագրքերում զետեղված քարտեզներն ընդգրկում են ազատագրված տարածքները, իսկ Հայաստանը սահմանափակվում է նախկին ԼՂԻՄ-ով և Խորհրդային տարիների Հայաստանով: Ապատեղեկատվությունը շտկելու է գալիս Նախնական զինվորական պատրաստության դասագիրքը: Եթե նախորդ դեպքում ազատագրված տարածքների մասին խոսք լինել չէր կարող, ապա այս անգամ ապագա զինվորը հստակ գիտի, թե որն է իր ներկայիս հայրենիքը, և որ հատվածն է ինքը պարտավոր պաշտպանել: Բնականաբար, դպրոցականի մոտ հարցականներ են ծնվում` տարբեր դասաժամերին երկու տարբեր քարտեզներ տեսնելով. ո՞րն է իրականում այսօրվա Հայաստանը: Ոչ մեկին մեղադրելու խնդիր չունենք, սակայն հարկ է նշել, որ երկու դասագրքերն էլ նույն թվականին են հաստատվել հրատարակության և, որ ամենակարևորն է, նույն գերատեսչության կողմից:
Միաժամանակ մի քանի ամիս է, ինչ Երևանի տարբեր փողոցներում և գետնանցումներում գրաֆիտիի տեսքով հնարավոր է տեսնել Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ իրական քարտեզը` ներառյալ ազատագրված տարածքները: Մի շարք երիտասարդական կազմակերպությունների այս նախաձեռնությունը մեկ նպատակ է հետապնդում` որպեսզի հասարակությունը ճանաչի իր պետության սահմանները և հարկ եղած դեպքում պայքարի դրանց անսասանության համար: Իսկ հայրենիքը չի սկսվում քարտեզից, բայց քարտեզը նպաստում է հայրենիքի ճանաչմանն ու պահպանմանը:
Արմենուհի Կարեյան












