Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սերժ Սարգսյան. «Ինձ մոտ էլ կան մտահոգություններ»

Հոկտեմբեր 7, 2009թ. 09:30

SerjSarkisianՇարունակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը: Ավարտելով հանդիպումները Լոս Անջելեսում Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան: Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Նախագահը Բեյրութում հանդիպում է ունեցել Մերձավոր Արեւելքի, Եգիպտոսի, Իրանի եւ Ծոցի երկրների հայաշատ համայնքների, ազգային կազմակերպությունների ու կառույցների ավելի քան հարյուր ներկայացուցիչների հետ:

Մինչ հանդիպումը Հայաստանի Հանրապետության Նախագահին է այցելել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը: Սերժ Սարգսյանն ու Արամ Առաջինը զրուցել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ նախաստորագրված արձանագրություններին վերաբերող հարցերի մասին:

Բեյրության հանդիպման մասնակիցները եւս բարձր են գնահատել Նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը` այցելելու սփյուռքահայ գաղթօջախներ, լսելու աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչների տեսակետները կարգավորման գործընթացի ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ ու փաստել, որ Նախագահի ուղեւորությունը համազգային քննարկումների նոր ինստիտուտի հիմք է դնում` աշխարհասփյուռ մեր ժողովրդի տարբեր հատվածների մասնակցությամբ համահայկական նշանակության խնդիրները քննարկման առարկա դարձնելու առումով:

Նախագահ Սարգսյանը Բեյրութում եւս հանդիպման սկզբում հանդես է եկել ելույթով եւ անդրադարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հնչեցված հիմնական տեսակետներին ու մտահոգություններին: Ծավալվել է աշխույժ եւ բաց երկխոսություն, այնուհետեւ Հանրապետության Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

Սերժ Սարգսյանն օգտակար է գնահատել համահայկական ուղեւորության ընթացքում տեղի ունեցած հանդիպումները եւ նշել, որ բացի հնչող կողմ կամ դեմ փաստարկներից, եղել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված շատ արժեքավոր առաջարկություններ: “Հայաստանի ու Թուրքիայի միջեւ այժմ գոյություն ունեցող անբնական վիճակը օգտակար չէ ո’չ մեզ, եւ ո’չ էլ Թուրքիայի համար: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը հնարավորություն կտա ստեղծել մի հարթակ, շատ թե քիչ տանելի մի միջավայր` երկխոսությունն ու բանակցություններն առաջ տանելու համար”,- նշել է երկրի ղեկավարը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հնչող մտահոգություններին` Հանրապետության Նախագահը շեշտել է. “Ինձ մոտ էլ կան մտահոգություններ: Ես ինքս էլ շատ պարագաներում փորձում եմ իմ հույզերը համադրել այն մարդկանց հույզերի հետ, ովքեր վատատես են, ովքեր անցյալի դառը փորձից ելնելով` համարում են, որ Թուրքիայի հետ, ընդհանրապես, որեւէ պարագայում չի կարելի խոսել կամ բանակցել: Այս ամենն օբյեկտիվ է: Մյուս կողմից կան արդյո՞ք մտահոգություններ: Իհարկե` կան: Բայց, արդյո՞ք այդ մտահոգությունները կարող են պատճառ լինել, որ խոչընդոտ հանդիսանան հարաբերությունների հաստատման համար”:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նման մտահոգություններ եղել են նաեւ մեր ժողովրդի վերջին քսանամյակի պատմության երկու կարեւորագույն զարգացումների` անկախության հռչակման եւ Արցախի ազատության ու ինքնորոշման իրավունքի համար մղված զինված պայքարի ժամանակ: “Ու չնայած գոյություն ունեցած մտահոգություններին` վստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ բերեց ցանկալի արդյունքի”,- ընդգծել է մեր երկրի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանը մանրամասնորեն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ հնչող բոլոր հիմնական մտահոգություններին, տվել լրացուցիչ պարզաբանումներ: “Մենք բազմիցս շեշտել ենք, որ Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն արդարության վերականգնման խնդիր է, այլեւ կարեւոր հանգամանք Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից: Այն անհրաժեշտություն է”,- նշել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը նկատել է նաեւ, որ հայ-թուրքական գործընթացի արդյունքում վերջին մեկ տարում էականորեն աճել է Հայոց Ցեղասպանությունը փաստարկող հիշատակումներն ու լուսաբանման ծավալը համաշխարհային առաջատար լրատվության միջոցներում:

Անդրադառնալով հնչող մտահոգությանը, թե գործընթացի արդյունքում Թուրքիան կարող է դերակատարություն ստանձնել Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ “Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում կստանա միայն այն դեպքում, երբ տեսնենք, որ ունենք այն, ինչի համար մենք` մեր ժողովուրդը, պայքարել է 1988 թ. սկսած»: Նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը որեւէ կերպ փոխշաղկապված չեն, ինչի մասին բազմիցս հայտարարվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն