Գլխավոր » Լրահոս

Բաբկեն Հարությունյան. «Նախապայմաններ կան, դա ակնառու է»

Հոկտեմբեր 7, 2009թ. 14:35

Այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի: Նախապայմաններ կան, դա ակնառու է: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եւս թաքնված նախապայմանները կան: Երբ ասում են` այլ երկրների տարածքային ամբողջականություն, ըստ էության, խոսքը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Իլհամ Ալիեւը 3-4 օրը մեկ հայտարարում է, որ մեր հանրապետության տարածքը Արեւմտյան Ադրբեջանն է: Եվ ես չեմ հանդիպել համարժեք պատասխանի: Այնպես որ, այս բոլորը ներկայացնել վառ գույներով` սխալ է:

Ասում են` ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարում է, թե այս երկու գործընթացները կապ չունեն իրար հետ: Բայց չէ՞ որ նույն համանախագահները հայտարարում են` դո՛ւրս եկեք տարածքներից, փախստականները վերադառնան, դրանից հետո 10-15 տարվա ընթացքում երեւի ինչ-որ բան կլինի: Այդ «երեւին» մեզ ոչինչ չի տա:

Եթե անգամ սահմանները բացվեն, եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, մեզ ծանր ժամանակներ են սպասվում: Առաջին` մենք իրավական դաշտ չունենք, չենք ապահովում մեր արտադրողի իրավունքները: Եվ մինչեւ փորձենք դա կարգի բերել, կհայտնվենք ծանր վիճակում: Իհարկե, որոշ մարդիկ կշահեն, որոնք զբաղված են ներկրելով: Արդյունքում մեր` արտադրություն գրեթե չտվող հանրապետությունը կհայտնվի ծանր վիճակում:

Մենք ընդհանրապես չենք մտածել, թե ինչ պետք է անենք, որպեսզի լծակներ ունենանք: Ասում են` հետո կանեն: Բայց չէ՞ որ Երեւան-Մեղրի երկաթգիծը մենք կարող էինք առնվազն 4 անգամ կառուցած լինել: Եվ բանակցությունների ժամանակ դա ավելի մեծ կշիռ կտար, քան ցանկացած զգացմունքային հայտարարություն: Մենք ոչինչ չենք անում, զբաղված ենք պարազիտային կապիտալիզմ կառուցելով: Դա լավ բանի չի հասցնի:

Անշարժ գույքի խնդիրը. ի՞նչ երաշխիք կա, որ այսօր շուրջ 4000 դատարկ բնակարաններ վաղը չեն գնի թուրքերը: Մտածելու բան ավելի շատ կա, քան զուտ սահմանը բացելը կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը: Պետք է հասկանանք, որ դիվանագիտության, տնտեսության եւ այլ բնագավառներում դեռահասներ ենք` 10 անգամ ավելի պետք է մտածենք եւ նոր միայն քայլեր կատարենք:

Պատմական հանձնաժողովի առնչությամբ: Թուրքերն այդքան միամիտ չեն: Նրանք դիվանագիտության մեջ մինչեւ 19-րդ դարի սկիզբը եղել են երեխաներ: Մտածում էին, թե իրենց դիվանագիտություն պետք չէ: Բայց երբ յուրաքանչյուր պարտությունից հետո 200-300 հազար կմ հող էին կորցնում, հասկացան, որ դիվանագիտություն պետք է, եւ սկսեցին Եվրոպա ուղարկել իրենց երիտասարդներին: Այսօր այդ ասպարեզում նրանք շատ ավելի խորամանկ են, իսկ մեզ թվում է` մենք ենք խորամանկ:

Ցեղասպանության հարցը քննարկման ենթակա չէ: Օսմանյան կառավարությունը Առաջին աշխարհամարտից հետո Ցեղասպանության համար դատապարտել է դրանց պատասխանատուներին, ըստ էության, ընդունել է փաստը: 19-րդ դարի 40-ական թվականներին հայերը Օսմանյան կայսրությունում, թուրքական արխիվների համաձայն, կազմել են 2 միլիոն 400 հազար մարդ: Ի՞նչ եղան այդ մարդիկ: Նրանք ոչնչացվեցին:

Մենք պետք է ասենք` ձեր արխիվները մեզ պետք չեն: Գերմանական, ավստրո-հունգարական, անգլիական, ռուսական, նույնիսկ պարսկական արխիվներ կան: Խնդրեմ, բացեք դրանք: Թուրքական արխիվներում նյութեր չկան: Նրանք ամեն ինչ գրում էին շատ գեղեցիկ` տեղահանությունը պատճառաբանելով պատերազմով, իսկ բանավոր հրամայում էին գնդակահարել:

«Երկիր» օրաթերթ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն