Գլխավոր » Լրահոս

Արփի Վարդանյան. «Ես սուրճի բաժակ նայող չեմ և չեմ կարող ասել, թե ինչ կլինի հետագայում»

Հոկտեմբեր 7, 2009թ. 15:00

Arpi Vardanyan«Թուրքերը կարող են սկսված բանակցությունների գործընթացն օգտագործել ցեղասպանության ճանաչման հարցը հետաձգելու համար»,- նման մտահոգություն հայտնեց Ամերիկայի հայկական համագումարի Ղարաբաղի և Հայաստանյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը այսօր «Դե Ֆակտո» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Թեև մտահոգություններ կան, այնուամենայնիվ, նրա վերաբերմունքը դրական է և’ հայ-թուրքական սահմանի բացման, և’ նախագահի համահայկական ուղևորության վերաբերյալ, քանի որ «նախագահի համար բոլոր կարծիքները հետաքրքիր են և կարևոր: Բացի դրանից, յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության և այն խաղաղ կերպով արտահայտելու իրավունք: Իսկ սփյուռքահայերի արձագանքն այսքան Էմոցիոնալ էր, քանի որ նրանք ցեղասպանության զոհերի ժառանգներն են: Պետք է ավելի սառը մոտենալ հարցին, ոչինչ չմոռանալ, բայց և փորձել նայել այն տեսանկյունից, թե Հայաստանի համար ինչն է ամենակարևորը և երկիրն ինչ օգուտ կստանա դրանից»:

Ինչ վերաբերում է տեղի ունեցած բողոքի ցույցերին, ապա, ըստ Արփի Վարդանյանի, սփյուռքահայության փոքրամասնության կողմից նման ցույցերի կազմակերպումը նախաստեսվում էր: Իսկ թե դրանք ինչ ազդեցություն կունենան գործընթացի հետագա փուլերի վրա, Արփի Վարդանյանը չգիտի:

Սահմանները բացելու համոզվածությունը պայմանավորված է նաև նրանով, որ «Թուրքիայի այսօրվա հասարակությունը շատ տարբեր է 10 տարի առաջ ապրողներից` ավելի տեղեկացված է»:

Իր անձնական ցանկությունն է, որ «թուրքերը ցեղասպանությունը ճանաչեն թեկուզև միայն իրենց ժողովրդի համար, որպեսզի իրենք իրենց պատմությունը չհերքեն»:

Իսկ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վատթարացման հարցը Արփի Վարդանյանի կարծիքով մեր ձեռքերում է. «Սփյուռքի հետ հարաբերությունների միջև խոչընդոտ չի լինի, եթե մենք թույլ չտանք»:

Անի Աբովյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն