ՀՀ վարչապետն այն կարծիքին է, որ նախապայմաններ առաջադրողը ոչ թե Թուրքիան է, այլ Հայաստանը
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը փորձեց պարզել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ կառավարությունը պատրաստե՞լ է կոնկրետ վերլուծություն, թե սահմանի բացման դեպքում ինչ վիճակում կհայտնվի մեր երկրի տնտեսությունը, և այն արդյոք չի՞ լինի ռիսկային քայլ:
Պատգամավորը նաև արտահայտեց իր մտավախությունը, թե այդ արձանագրություններով թուրքական կողմն առաջադրում է հստակ նախապայմաններ, իսկ Հայաստանը, չունենալով տնտեսական դաշտում պայքարելու լուրջ ռեսուրս, վտանգելու է իր տնտեսությունը:
Ի պատասխան պատգամավորի արտահայտած անհանգստության, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց հետևյալը. «Բոլոր նախարարությունները համապատասխան վերլուծություններ իրականացրել են ու ներկայացրել են իրենց գնահատականները: Այդ նյութերի գերակշիռ մասը գաղտնի է, քանի որ կապված է ազգային անվտանգության հարցերի հետ: ՀՀ նախագահի կողմից տրվել է հստակ հանձնարարական, ու բոլոր նախարարությունները դրանցով զբաղվում են»: Վարչապետի խոսքով` մենք ունենք անհրաժեշտ տեղեկատվություն: Նա նաև հավելեց, թե կառավարությունն իր հերթին ևս ուսումնասիրություններ է ներկայացրել քաղաքական կուսակցություններին ու կազմակերպություններին, մասնավորապես` ՀՅԴ -ին:
Վարչապետն այն կարծիքին է, որ այս համագործակցության արդյունքում Հայաստանի տնտեսական կարողությունները կուժեղանան, կհաղթահարվեն առկա ռիսկերը և վերջապես` «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման արդյունքում Հայաստանը կստանա առավելագույնը»:
Անդրադառնալով պատգամավորի հարցադրման երկրորդ հատվածին` վարչապետը հավելեց. «Որևէ նախապայման արձանագրություններով դրված չէ հայկական կողմի առջև»: Ավելին, ըստ նրա, կա տեսակետ, որ հայկական կողմին է հաջողվել նախապայմաններ դնել թուրքերի առջև: «Մենք համոզված ենք, որ սա ճիշտ ռազմավարություն է, Հայաստանի Հանրապետությունը հաղթանակած է դուրս գալու այս գործընթացից: Ոչ մի նախապայման դրված չէ այդ փաստաթղթերում և որևիցե նախապայման մեր կողմից չի ընդունվել», -հավելեց վարչապետը:
Armar.am












