Գլխավոր » Լրահոս

Հակոբ Ավետիքյան. « Ե’վ Հայաստանը, և’ Սփյուռքը հոգեպես պատրաստ չէին իրադարձությունների նման զարգացմանը»

Հոկտեմբեր 7, 2009թ. 18:00

AvetiqianԻ տարբերություն շատ այլ գործիչների, ովքեր սպասում էին սփյուռքահայության կողմից բողոքի ցույցերի, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի համար դրանք անակնկալ էին. «Ես սկզբնական շրջանում որոշակի ձևականություն էի տեսնում այդ բողոքի ցույցերի մեջ, բայց հետո, ծայրահեղ դրսևորումներին ականատես լինելով, համոզվեցի, որ այդպես չէ»:

Իսկ ցույցերի կազմակերպման մեջ նա մեղադրում է Հայ հեղափոխական դաշնակցությանը. «Հայ հեղափոխական դաշնակցությունն այս ամենի գլխավոր կազմակերպիչն է: Անգամ Նյու Յորքում ունենալով շատ քիչ համակիրներ` նրանք Բոստոնից և այլ քաղաքներից մարդկանց ավտոբուսնեով բերել էին և կազմակերպել միտինգը»:

Հակոբ Ավետիքյանը արձանագրությունների ստորագրմանը դեմ ելած մարդկանց բաժանեց մի քանի խմբի, այսպես. «մարդիկ, ովքեր գտնվում են ՀՅԴ-ի ազդեցության տակ և մասնակցում են նրանց կազմակերպած ակցիաներին, մարդիկ ովքեր երկար տարիներ ակտիվ գործունեություն են ծավալել ցեղասպանության ճանաչման գործում և հետաքրքրվում են հետագա զարգացմամբ, մարդիկ, ովքեր, ապրելով տարբեր երկրներում բողոքում են` հաճոյանալով իրենց այն հարևաններին, ովքեր չեն ցանկանում, որ Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, և վերջապես, մարդիկ, ովքեր և’ նախագահական ընտրությունների, և’ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին»:

Անդրադառնալով սփյուռքյան ընդվզումներին, Ավետիքյանը նկատեց, թե դրանց արդյունքում կարող է և անջրպետ առաջանալ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, ինչը կարող է խորանալ և կրել  տևական բնույթ: «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիրն ակնկալում է, որ ՀՅԴ հայաստանյան ղեկավարությունը կկարողանա կանխել այդ ջրբաժանը:

Իհարկե, բողոքի ակցիաներն էլ ունեն իրենց բացատրությունը. «Սփյուռքում տեղի ունեցած ընդվզումների պատճառն այն է, որ սփյուռքահայության մեծ մասը պատրաստ չէր նման բեկումնային որոշման: Խորհրդակցությունների համար նախատեսված ժամկետը խիստ կարճ էր: Ե’վ Հայաստանը, և’ Սփյուռքը հոգեպես պատրաստ չէին իրադարձությունների նման զարգացմանը»:

Խոսելով նախագահի համահայկական շրջագայության մասին` Հակոբ Ավետիքյանը բավականին բարձր է գնահատում այն` նշելով, որ դա հնարավորություն է տալիս նախագահին «ձեռքը դնել իրադարձությունների զարկերակին», ինչը նրան թույլ կտա ողջ հայության անունից հանդես գալու պատասխանատվություն ստանձնել:

Իսկ Սփյուռքում բանակցություններ վարող իր երկրի նախագահին պարոն Ավետիքյանը տեսնում է որպես   «պատասխանատու պետական գործիչի»:

Անի Աբովյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն