Վահան Հովհաննիսյան. «Այս փաստաթղթերով Թուրքիան ստանում է այն , ինչ կարող էր մեզանից ակնկալել»
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցրեց այն մտահոգությունը, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում կան նախապայմաններ: «Թուրքիայի հետ երկխոսության ոչ թե սկիզբ կդրվի, այլ հնարավոր երկխոսության վերջը կլինի, որովհետև այս փաստաթղթերով Թուրքիան ստանում է այն ամենը, ինչ կարող էր մեզանից ակնկալել ու որևէ երկխոսության կարիք Թուրքիան չի ունենա»,- հավելեց Վահան Հովհաննիսյանը:
Նա խորհրդարանականներին ու կառավարության անդամներին իրազեկեց Թուրքիայի նախագահ Գյուլի արած այն հայտարարությունը, թե պատմական հարթության վրա կազմավորվող հանձնաժողովը կքննարկի Ցեղասպանության հարցը: «Սակայն մեզ ասել են, որ Ցեղասպանության հարցն այդ հանձնաժողովը չի քննելու, երբ հասկանալի դարձավ, որ չի կարող չքննվել, մենք լսեցինք արդեն այլ մոտեցում` քննվելու է դրա հետևանքները վերացնելու հարցը, բայց Ցեղասպանության ամենամեծ հետևանքը այսօրվա գործող սահմանն է: Մենք մի ձեռքով ստորագրում ենք այդ փաստացի սահմանը դե–յուրե իրավական սահման դարձնելու տակ, իսկ մյուս կողմից` ասում եք, որ վերացնում եք հետևանքները»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:
Պատասխանի համար ԱԺ ամբիոնին մոտեցավ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, թե ինչո՞ւ են ընդդիմախոսները մշտապես մեջբերում հակառակ կողմի հայտարարությունները. «Մանավանդ, որ շատ դեպքերում Թուրքիայի նախագահի ու վարչապետի, ինչպես նաև` Ադրբեջանի նախագահի շատ հայտարարություններ չեն համապատասխանել իրականությանը: Դրա համար այս քաղաքական բանավեճում ճիշտ է, որ հիմք ընդունվեն այն հայտարարությունները, որ արվում են այս բարձր ամբիոնից»,- հավելեց վարչապետը:
Անդրադառնալով Գյուլի հայտարարությանը` վարչապետ Սարգսյանն ասաց. «Պատմական հանձնաժողովի ուսումնասիրության հիմնական առարկան լինելու է Ցեղասպանության հետևանքների վերաբերյալ հարցը»:
Armar.am












