Գլխավոր » Լրահոս

Րաֆֆի Հովհանիսյան. «Իսկ ո՞ր գծով է անցնում Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը»

Հոկտեմբեր 7, 2009թ. 17:53

«Առկա դե ֆակտո սահմանների ճանաչում որպես դե յուրե, Ցեղասպանության հարցի դուրս հանում օրակարգից և որպես եզր դուրս մղում երկկողմ հարաբերություններից, ահաբեկչության դատապարտում… Այս երեքը տեղ են գտել այս արձանագրություններում»,- այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ասելով, որ իրեն հայտնի է, որ այս գործընթացում կան ճնշումներ Հայաստանի վրա, բայց ինքն ուզում է, որ բոլորի համար պարզ լինի, թե ի՞նչ է դրված սեղանի վրա:

Նա վարչապետին երկու հարց ուղղեց, ո՞ր գծով է անցնում Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը, ո՞րն է դրա իրավական հիմքը:  Հովհաննիսյանը մտահոգված էր նաև Թուրքիայի նախագահի ու վարչապետի հայտարարություններից, թե Հայաստանը կմնա շրջափակման մեջ, քանի դեռ չի լուծվել ԼՂՀ հարցը:

Վարչապետ Սարգսյանի պատասխանն այսպիսին էր. «Ես կուզենայի արձանագրել, որ հանրապետության նախագահի այս համարձակ նախաձեռնությունից հետո մեր հասարակությունը, քաղաքական գործիչները, քաղաքական միտքը մուտք են գործել որակապես նոր փուլ, որակապես նոր իրավիճակ է ստեղծվել: Այն է` մենք ձեզ հետ միասին մտածում ենք ապագայի մասին, որ հայ-թուրքական հարաբերությունները վերացական գաղափար չեն և լավ է, որ առարկայական քննարկումներ են ընթանում»:  Վարչապետը  դա կարևորեց այն առումով, որ պետությունը գնում է դեպի ապագա և ոչ թե դեպի անցյալ:

Սահմանների առնչությամբ ասաց. «Ակնհայտ է, որ գործ ենք ունենք փաստացի ձևավորված սահմանի հետ և մեր   սահմանապահները պաշտպանում են կոնկրետ առարկայական սահմաններ և այդ սահմաններն են, որ  պետք է բացվեն»:

ԼՂՀ  խնդրի առնչությամբ էլ կառավարության ղեկավարն ասաց.«Մենք գործ ունենք ադրբեջանական ագրեսիայի հետ և մեր պարտականությունն է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ամենայն աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն