Արա Պապյան. «Արձանագրությունները վավերացնելով մենք խնդիրներ ենք ունենալու Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների հետ»
Մեր հյուրն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
–Պարոն Պապյան, տեսակետ կա, թե եթե այլ կերպ մեկանաբանվեն արձանագրությունները, ապա Հայաստանը կհրաժարվի արձանագրություններից: Միջազգային իրավունքով նման բան հնարավո՞ր է:
-Միջազգային իրավունքով սահմանված է, որ եթե կողմերից մեկը խախտում է արձանագրություննեում առկա որևէ կետ, ապա մյուս կողմն ազատվում է պայմանագրի կատարման պարտավորություններից: Եթե այս պայմանագրում չլիներ սահմանի ճանաչման խնդիր, գուցե հնարավոր լիներ արձանագրություններում առկա անհամաձայնությունների դեպքում հրաժարվել դրանցից: Սակայն միջազգային իրավունքում կա դոկտրին, որը կոչվում է էստոպեն, համաձայն որի ճանաչված սահմանից հետ կանգնել հնարավոր չէ: Չես կարող սահմանը ճանաչել, հետո հրաժարվել ճանաչումից: Մենք կարող ենք հետ կանգնել արձանագրության մեջ առկա այլ կետերից` մերժենք ցեղասպանության փաստը քննող հանձնաժողովի ստեղծումը և այլն: Այս արձանագրությունների հիմնական նպատակն է` ճանաչել սահմանը: Իսկ սահմանը ճանաչելով` ՀՀ ղեկավարությունը վավերացնում է ցեղասպանության հետևանքը: Դրանից հետո Թուրքիան անգամ կարող է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և ուսիդ տպտպացնելով ասել` կներես, որպեսզի հետո Եվրոպային ցույց տա, թե ինքը ժողովրդավար երկիր է:
-Համոզվա՞ծ եք, որ Արձանագրությունների ստորագրումը վտանգում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հետագա գործընթացը:
-Ես հինգ տարի Կանադայի հետ բանակցել եմ Ցեղասպանության հարցով և բավական հաջող բանակցում էի Ավստրալիայի հետ, բայց հայ-թուրքական արձանագրություններն այդ բանակցությունների վրա խաչ քաշեցին: Առաջին բանը, որ ցանկացած երկիր մեզ այսուհետ կասի, այն է, որ կա հանձնաժողով, որը հարցերի հստակեցման խնդիր ունի: Կանադան, ճանաչելով Ցեղասպանությունը, հարյուր միլիոնավոր դոլարների վնաս կրեց, քանի որ Թուրքիան պայմանագիր ուներ կնքած Կանադայի հետ, որով Անկարայի մետրոյի համար վագոններ էր ներկրելու: Սակայն Կանադան հրաժարվեց այդ պայմանագրից: Կանադացիները, հրաժարվելով այդ գործընթացից, ասում էին, որ չի կարելի փողով չափել արյունն ու բարոյականությունը: Բայց մի՞թե մենք այսուհետ կարող ենք ասել, թե չի կարելի փողով չափել: Բաց սահմանից Հայաստանի ստանալիք շահույթը շատ ավելի քիչ է լինելու, քան Կանադայի նյութական կորուստն էր: Սա վերացական խնդիր չէ: Երբ ասում են, թե որ երկիրը կուզենա ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, կճանաչի այսուհետ էլ, դա հեքիաթ է:
Երբ ես Կանադա գնացի, բոլորն ասում էին` մինչև ԱՄՆ-ն չճանաչի, Կանադան չի ճանաչի Ցեղասպանությունը: Բայց տեսաք, որ ճանաչեց, քանի որ առկա են տարբեր գործոններ, դրանցից մեկն էլ այն էր, որ երկու կուսակցություններ իշխանության համար պայքարում 1.5 տոկոս ձայնի տարբերություն ունեին, ուր և վճռորոշ դարձավ հայերի խոսքը: Ամեն ինչ միայն շահով չի որոշվում: Հավատացեք` երկրներ կան, որտեղ միայն փողը չէ, որ ազդեցիկ է: Հանձնաժողովի գոյությունն արդեն սահմանափակում է Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Հիմա այդ հարցով բանակցում եմ Ավստրալիայի հետ: Դարդանելի օպերացիայի ժամանակ հարյուր հազարավոր ավստրալիացի զինվորներ են թաղված Թուրքիայում և վտանգ կա, որ եթե Ավստրալիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, թուրքերի կողմից այդ գերեզմանները կպղծվեն: Բայց հարց է առաջանում, այսօր Ավստրալիան հանուն ինչի՞ պետք է գնա նման վտանգին, երբ ՀՀ ղեկավարությունն այս պայմաններով սահման է բացում: Երբ դու նրան ասում ես` մեռելներն ավելի կարևոր չեն, քան ողջերը, ինքը դա ընդունում է, բայց երբ քո քայլով ցույց ես տալիս, որ բիզնեսն ավելի կարևոր է, քան գերեզմանները, այլևս խոսելու տեղ չունես:
Ցեղասպանության ընդունմանը կողմ քվեարկած կուսակցություններն այսօր բողոքում են: Թուրքերն այսօր Մեջլիսում հայտարարում են, թե հանձնաժողովի ստեղծումից հետո դատ են բացելու բոլոր այն պետությունների դեմ, որոնք զրպարտել են Թուրքիային: Չեն ասում` ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, այլ զրպարտել են, քանի որ ճանչում են այն, ինչը եղելություն է, իսկ նրանց համար ցեղասպանությունը չի եղել: Մենք խնդիրներ ենք ունենալու Ցեղասպանությունը ճանաչած երկրների հետ, հսկայական տուգանքների տակ ենք ընկնելու, ու եթե անգամ Հայաստանը ծախեն, դրանից չենք ազատվելու:
Սերժ Սարգսյանը հայտարարեց` կբացենք սահմանը, լավ չի լինի` նորից կփակենք: Այնպիսի տպավորություն է, թե դա որբի գլուխ է` իրենք էլ մազ կտրել են սովորում:
-Պարոն Պապյան, այնուհանդերձ, հնարավո՞ր է հասնել նրան, որ արձանագրությունները չվավերացվեն:
-Չստորագրման հավանականությունը 5 տոկոսից ավել չեմ համարում: Եթե կարողանանք հոկտեմբերի 9-ին փողոց հանել 100.000 հոգի, որոնք կգնան նախագահականի դիմաց և կհայտարարեն, որ չպետք է ստորագրվեն արձանագրությունները, գուցե մեր իշխանությունները չգնան այդ քայլին:
Հայաստանը հնարավոր է վերահսկել, բայց Սփյուռքը վերահսկել անհնար է: Նվազագույնն այն է, որը փաստաթուղթը չպետք է վավերացվի: Քանի որ միայն վավերացումից հետո է փաստաթուղթն ուժի մեջ մտնում:
Ամեն մի պատգամավոր պետք է իմանա, որ բաց է քվեարկելու և իր քվեարկությամբ պատասխանատու է իր ազգի ու երկրի առաջ:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ












