Գևորգ Յազճյան. «Ես չեմ ուզում մաս կազմել` Ցեղասպանությունից ճառող տիտղոսավոր պատմաբանների»
Երեւանի Պետական Համալսսարանի Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտի Ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազճյանը, մերժելով հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունները և այդ հարցում հակադրվելով իր գործընկերների դիրքորոշումներին, հրաժարականի դիմում է ներկայացրել Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր, ԵՊՀ Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պատմ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին, հետևյալ մեկնաբանությամբ.
«Ինձ համար աներևակայելի խայտառակություն է լինել աշխատակիցը, այն էլ` Ցեղասպանագիտության Բաժնի վարիչի պաշտոնում, մի կառույցի, որի ղեկավարությունը լուռ ականատեսն է հայոց ազգային արժանապատվությունը հիմնահատակ քանդող գործընթացի` փոխանակ լինելու առաջամարտիկը` այն տապալող համահայկական շարժման:
Անչափ վրդոված եմ, որ օրնիբուն հայոց պատմությունից բարբառող և Հայոց Ցեղասպանությունից ճառող տիտղոսավորներ այսօր լռում են: «Մեր ժամանակներում պատմաբանը պետք է զինվոր լինի»,- ասում էր պատմաբան-հրամանատար, լուսահոգի Բագրատ Ուլուբաբյանը: Նման տիտղոսակիրներին կարելի՞ է «զինվոր պատվանունը շնորհել: Եթե այո, ապա այդպիսիք այսօր դասալիքներ են` պարզապես (այս նամակում չեմ ուզում ավելի ծանր որակումներ տալ)…
«Չկա ավելի մեծ պղծություն, քան սեփական ժողովրդի պատմության չարամիտ աղավաղումը»,- գրել է Գարեգին Նժդեհը, իսկ որ այս գործընթացը տանելու է նման պղծության` դրանում որևէ կասկած չունեմ (բաւարար է միայն պատմական հարցեր քննելու կոչուած յանձնաժողովի մասին կէտը):
Հարգարժան պր. Սիմոնյան
Սույնով իմ հրաժարականն եմ ներկայացնում Երևանի Պետական Համալսարանի Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչի պաշտոնից:
Հարգանքներով Գևորգ Յազճյանը












