Այսօր Արցախում գործում է 279 գրադարան
ԼՂՀ կառավարության որոշմամբ այսուհետ հոկտեմբերի 7-ը Արցախում կնշվի որպես գրադարանավարի օր:
Տոնի առիթով ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը ջերմ շնորհավորանքներ հղեց հանրապետության ողջ գրադարանավարներին:
Մշակույթի և երիտասարդության նախարարության կողմից պատվոգրեր շնորհվեցին ոչ միայն այն գրադարանավարներին, որոնց աշխատանքային կենսագրությունն այս ոլորտում տասնամյակներով է չափվում, այլև իրենց ակտիվությամբ աչքի ընկած ընթերցողներին: Նրանցից շատերը ևս ներկա էին տոնական արարողությանը: Ավագ ընթերցողներին խիստ անհանգստացնում է գրքի նկատմամբ նոր սերնդի անտարբերությունը: Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը այդ մտահոգության դեմ լավագույն դեղատոմսը համարում է գրադարանների արդիականոցումը. «Գրադարանը մշտապես եղել է հասարակության կրթությանը նպաստող կարևոր օջախներից մեկը: Մենք արդեն 21-րդ դարում ենք, մինչդեռ մեր գրադարանների մեծ մասը չեն համապատասխանում ներկայիս պահանջներին: Այսօր, պարզապես, պետք է, որ դրանք համապատասխանեն ժամանակի ոգուն և մեր երիտասարդ ընթերցողները սիրով կհաճախեն գրադարանե,- նկատեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը:
Ն. Հ. Ստեփանակերտ












