Գլխավոր » Լրահոս

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կարող է հայտնվել փակման վտանգի առա՞ջ

Հոկտեմբեր 8, 2009թ. 16:10

CeghaspanutiunԱյսօր ՀՅԴ Գերագուն Մարմինը հրավիրել էր  խորհրդաժողով նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, որոնք այս անգամ առավել հանգամանալից  դիտարկվեցին նաև իրավական տեսանկյունից:   «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը նշեց, որ փաստաթղթերի քննարկման ընթացքում կարծես ստվերում է մնացել այն փաստը, որ սա  միջազգային իրավական փաստաթուղթ է և պետք է մաս կազմի նաև Հայաստանի օրենսդրության, և եթե դրանք ստորագրվեն ու վավերացվեն, ապա  վտանգ կներկայացնեն մեր պետության համար:

Ըստ փաստաթղթում առկա մի կետի, կողմերը պարտավորվում են ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերություններին անհարիր քաղաքականություն իրականացնելուց: Այս առնչությամբ Արա Պապյանը նկատում է. «Առաջին հայացքից դա անմեղ ձևակերպում է, սակայն հայ-թուրքական հարաբերությունների պարագայում` խիստ վտանգավոր, այն անմիջականորեն  անդրադարձ կունենա  Հայաստանի ներքին քաղաքականության վրա. Ցեղասպանության մասին ցանկացած հիշատակում կարող է դիտվել վտանգ երկկողմ բարեկամության համար»:

Օրինակ, ապրիլի 24-ին Հայաստանի նախագահը չի կարող անգամ  իր խոսքը հղել Ցեղասպանությանը զոհ դարձած իր հայրենակիցներին. «Որովհետև, եթե դու հարևանիդ մեղադրում ես ոճիրներից ամենամեծ ոճրի մեջ,  դա կդիտարկվի որպես ոչ բարեկամական քայլ»:

Բանը կարող է հասնել ընդհուպ մինչև Ցեղասպանության թանգարան ինստիտուտի փակմանը, որը, որպես պետական ինստիտուտ,  ֆինանսավորվում է պետական բյուջեից. ֆինանսավորումը կդադարեցվի: «Դրա հետևանքուվ թանգարանի հանրային կարգավիճակը կիջեցվի հասարակական կազմակերպության մակարդակի և կֆինանսավորվի ոչ պետական  միջոցներից: Սրան էլ գումարվում է այն, որ այլևս պետականորեն չեն ֆինանսավորվի Հայոց Ցեղասպանության թեմայով   կատարվող  ուսումնասիրությունները, խորհրդաժողովները: Փաստորեն, ստորագրելով այս փաստաթուղթը,  մենք հստակ ստանձնում ենք միջազգային պարտավորություն, որը վտանգելու է մեր երկիրը»,-ահազանգում է Արա Պապյանը:

Կարինե  Պետրոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն