«էրեբունի-Երեվան»-ը կդառնա միասնության և համախմբվածության օր
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, շրջել է մայրաքաղաքի փոքր կենտրոնում` ծանոթանալու տոնի նախապատրաստությանը:
Էրեբունի-Երևանի 2791-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության առիթով Հանրապետության հրապարակում տեղադրված բացօթյա բեմահարթակի և հարակից լուսային ձևավորումն ավարտական փուլում է: Հյուսիսային պողոտայում, Աբովյան փողոցում, ինչպես նաև փոքր կենտրոնի այլ վայրերում անցկացված է տոնական շքեղ լուսավորություն, իսկ ձևավորումն արդեն ավարտված է:
«Երևանի ծննդյան օրը միասնաբար վերածելու ենք այնպիսի տոնի, որ այդ օրվան սպասենք ոչ միայն մենք` երևանցիներս, այլև մարզերի, ինչու չէ` նաև սփյուռքի մեր հայրենակիցները: Տոնը միտում ունի դառնալու նաև համախմբվածության և միասնության լավագույն գրավական»,- լրագրողներին ասել է Գագիկ Բեգլարյանը:
Աբովյան փողոցի սրճարաններից մեկի տնօրենը քաղաքապետին առաջարկել է համտեսել այն քաղցրավենիքը, որը տոնական օրը տվյալ սրճարանում լինելու է անվճար. սա, Գագիկ Բեգլարյանի կոչին ընդառաջ, փոքր կենտրոնի առևտրի և սպասարկման կետերի նախաձեռնությունն է տոնական օրվա կապակցությամբ:
Ի դեպ, այս օրերին մայրաքաղաքի փողոցներում շրջում են երիտասարդներից բաղկացած կամավորական խմբեր, որոնք հանրությանը տրամադրում են «Էրեբունի-Երևան. 2791» տոնական ծրագիր և խորհրդանշական կրծքանշան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն












