Սերժ Սարգսյան.«Մենք ուժեղ ենք և սրանք լոկ խոսքեր չեն»
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Դոնի Ռոստովի մեր հայրենակիցների հետ
«Ես մեծ սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին: Բայց ունեմ մի խնդրանք` բավական է առաջնորդվենք նրանով, թե ինչ է ուզում տեսնել այս արձանագրություններում թուրքական կողմը: Ի վերջո, այս նախաձեռնության մեկնարկը մենք ենք տվել, և մենք պետք է լինենք այս գործընթացն առաջնորդողը: Իհարկե, հնարավոր են, եղել են և լինելու են սադրանքներ, գործընթացը վիժեցնելու փորձեր, բազմաթիվ թաքնված և ակնհայտ վտանգներ: Բայց եթե այդ ամենը չլիներ, չէր լինի և մեր այս ջանքերի կարիքը»,-Դոնի Ռոստովում մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով, մենք թևակոխում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության նոր՝ ավելի բազմաշերտ փուլ: Ցանկացած նոր գաղափար կամ իրողություն հանդիպում է դիմադրության: «Դա բնական է: Իսկ խնդիրները, որոնք կապ ունեն տասնամյակներով մեզ ուղեկցող ցավին, հատկապես զգայուն և զգացական մոտեցում են պահանջում»,-նշել է Ս. Սարգսյանը, ապա ավելացրել. «Այսօր մենք գտնվում ենք Դոնի Ռոստովում, կարելի է ասել` Նոր Նախիջանում, որ հիմնել են հիմնականում արևմտահայերը: Նրանց, այսինքն՝ մեզանից շատերի պատմական հայրենիքը Արարատից այն կողմն է, Հայաստան-Թուրքիա սահմանագծից այն կողմ: Տեսնել այդ սահմանը` չի նշանակում մոռանալ կամ ուրանալ իրողությունը»:
Նախագահն ասել է, որ այս օրերի ընթացքում ողջ աշխարհից հավաքված հայորդիների հետ է շփվել, «բազում լուրջ աչքեր եմ տեսել՝ խելամիտ, խոսուն ու խիզախ հայացքներ եմ տարբերել, վստահություն ու կայացած մարդու խորություն եմ տեսել, հայոց հավաքական ոգին ու ուժն եմ շոշափել: Նայե´ք խնդրում եմ միմյանց: Մենք ուժեղ ենք: Սրանք լոկ խոսքեր չեն: Սա պետք է զգալ: Հենց մենք զգացինք, այլ կերպ կգործենք: Վստահեցնում եմ: Պետք չէ թերահավատ լինել սեփական ուժերի նկատմամբ»:
Նախագահը հիշեցրել է, որ ժամանակն աշխատում է նրանց օգտին, ովքեր խելամտորեն են օգտագործում այդ ժամանակը, ովքեր ճիշտ են բաշխում իրենց ուժերը: «Աշխատենք ձեռք-ձեռքի տված՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, աշխատենք ճիշտ, և ժամանակը կաշխատի մեր օգտին, կդառնա մեր դաշնակիցը»,-ասել է նա:
Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ, Դոնի Ռոստովի հայերի հետ հանդիպման բացման խոսքից հետո Հանրապետության Նախագահը լսել է հանդիպման մասնակիցների կարծիքն ու տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի և նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, պատասխանել նրանց բարձրացրած հարցերին:
Ներկաները ողջունել են Նախագահ Սարգսյանի համահայկական ուղևորության նախաձեռնությունը և նշել, որ նման հանդիպումը լավ հնարավորություն է առաջին ձեռքից լրացուցիչ և օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու գործընթացի ու հարաբերությունների կարգավորումից Հայաստանի Հանրապետության ակնկալիքների մասին:












