Արձանագրությունները դեռ չեն վավերացվել, բայց Թուրքիան խախտում է կետերը
«Այսօր շատ կարևոր է, որ համատեղվեն Հայաստանի և Սփյուռքի ջանքերը Ցեղասպանության ճանաչման գործում, և սխալ է այդ գործընթացը թողնել միայն Սփյուռքին», – ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա նշել է, որ եթե անգամ այս արձանագրությունները վավերացվեն, ՀՀ-ն պետք է Թուրքիայից պահանջի վերացնել այն բոլոր օրենքները, որոնք արգելում են այդ երկրում խոսել Հայոց Ցաղասպանության փաստի մասին: «Երկու ժողովուրդների մեջ փոխվստահության վերականգնման դեմ քայլեր են Թուրքիայի նախագահի և վարչապետի հայտարարություններն այն մասին, թե Սփյուռքին պետք չէ հաշվի առնել, որ Սփյուռքը չպետք է խանգարի Հայաստան-Թուրքիա հարաբերություններին»:
Կիրո Մանոյանը միաժամանակ դեմ արտահայտվեց փաստաթղթի այն կետին, ուր խոսվում է միջկառավարական երկկողմ հանձնաժողովներ ստեղծելու մասին, նկատելով, որ խիստ կասկածելի է նաև դրանց կազմը:
Նա նաև համոզված է, որ Թուրքիան այս փաստաթուղթն օգտագործելու է որպես Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնելու միջոց:
Կարինե Պետրոսյան












