Գլխավոր » Լրահոս

ՀՀ ԱԽ քարտուղար. «Հայոց ցեղասպանության ճանաչումը եղել և մնալու է ՀՀ քաղաքական օրակարգում»

Հոկտեմբեր 8, 2009թ. 18:25

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհուրդն, այսօր կայացած նիստում, երկրորդ անգամ քննարկելով հայ-թուրքական կարգավորման հարցը, հավանության է արժանացրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հայ-թուրքական արձանագրությունները: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղադասարյանը տեղեկացրել է, թե ԱԽ-ում նախագահ Սարգսյանի ելույթից հետո, ակտիվ քննարկում է տեղի ունեցել և նիստին մասնակցող բոլոր գործիչներն ելույթ են ունեցել ու մտքեր փոխանակել: Արդյունքում որոշում է կայացվել հավանության արժանացնել նախաստորագրված արձանագրությունները և արձանագրվել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում իր հռչակած դիրքորոշմանը` առանց նախապայմանների հարաբերություններ կառուցելու հարցում:

Ըստ նրա, սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավորություն կտա ոչ միայն պաշտպանել Թուրքիայում բնակվող մեր հայրենակիցների շահերը, այլեւ զարգացնել տնտեսական ենթակառուցվածքները: «Սահմանի բացմամբ տարածաշրջանում կստեղծվի բոլորովին նոր իրավիճակ, կբարձրանա Հայաստանի դերը տարածաշրջանում»,- վստահություն հայտնեց Արթուր Բաղդասարյանը:

Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մնում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, իսկ հայթուրքական միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծումը հնարավորություն կտա խորացնել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

Ա.Բաղդասարյանը հավաստիացրեց նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որեւէ կապ չունի հայթուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Նա հիշեցրեց, որ այդ մասին հայտարարել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն