Գլխավոր » Լրահոս

Կստորագրվե՞ն, թե՞ չեն ստորագրվի Արձանագրությունները

Հոկտեմբեր 9, 2009թ. 13:24

Դիվանագիտական որոշ  շրջանակներում արդեն  լուրեր են պտտվում, թե հաշվի առնելով Հայկական Սփյուռքի բուռն արձագանքները, նաև Հայաստանում և Թուրքիայում կազմակերպված բողոքի ակցիաները, հայ-թուրքական Արձանագրությունները կարող են չստորագրվել, քանի որ ստորագրումը կարող է տարածաշրջանում իրավիճակի լարվածության պատճառ հանդիսանալ:

Հետաքրքիրն այն է, որ Ահմեդ Դավութողլուն ևս հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ե՞րբ կստորագրվեն  փաստաթղթերը` առաջարկելով. «Եկեք սպասենք Շվեյցարիայի հայտարարությանը»:

Նախ տեղեկատվություն տարածվեց, թե  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում միջնորդի դեր ստանձնած Շվեյցարիան հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ արձանագրությունների ստորագրման վայրն ու ժամկետը դեռևս հստակեցված չեն: Նույն ընթացքում շրջանառված, արդեն մեկ այլ տեղեկատվության համաձայն էլ Շվեյցարիայի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարել է, թե   հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին,  եթե մինչ այդ ծրագրում որևէ փոփոխություն տեղի չունենա:

Ի՞նչ  ծրագրային  փոփոխության մասին է ակնարկվում հայտարարության մեջ,  որից կախված կարող է և ձախողվել արձանագրությունների ստորագրումը: Արդյո՞ք այդ փոփոխությունը  պայմանավորված չէ վերոնշյալ անհանգստությամբ, որ երկու հասարակությունների կողմից մերժվող Արձանագրությունների ստորագրումը կարող է նպաստել տարածաշրջանային լարվածության թեժացմանը:

Ամեն դեպքում Շվեյցարիայի արտգործնախարարության հայտարության մեջ   վերապահումն ակնհայտ է:

Այս խառնաշփոթում խիստ նկատելի է Արձանագրությունների  ստորագրման հարցում Թուրքիայի ղեկավարության  շտապողականությունը. ըստ թուրքական մամուլի,   թուրքական կողմն արդեն իսկ հաստատել է, որ ստորագրման արարողությունը կկայանա հոկտեմբերի 10-ի, և որ դրանք կստորագրեն Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը։

Ասենք, որ գործընթացի նախապատրաստման համար` Շվեյցարիայում Թուրքիայի դեսպան Օգուզ Դեմիրալպը Բեռնից արդեն մենել է Ցյուրիխ։

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ևս պատրաստվում է շաբաթ օրը ժամանել Ցյուրիխ, ուր կմասնակցի Արձանագրությունների ստորագրման արարողությանը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարել է, թե .«Մենք սատարում ենք այդ գործընթացին և պետքարտուղարն իր ներկայությամբ կցուցադրի մեր աջակցությունը»: Ասվում է, որ Արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա կլինեն ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության Եվրամիության հանձնակատար Հավյեր Սոլանան, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները` Սերգեյ Լավրովը եւ Բերնար Քուշները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն