Գլխավոր » Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Հայկական սփյուռքին վերաբերող ադրբեջանա-թուրքական քարոզչական թեզերը Հայաստանում

Հոկտեմբեր 9, 2009թ. 13:35

vahramՎահրամ ՄԻՐԱՔՅԱՆ

«Հայաստանը չպետք է թույլ տա, որ իր քաղաքականության ուղեգիծը սփյուռքահայության պատանդը դառնա»,- ընդգծել է Էրդողանը Թուրքիայում[1]: Իսկ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը արդեն Հայաստանում շարունակել է Էրդողանի տրամաբանությամբ` ասելով, թե Ամերիկայի, Ֆրանսիայի կամ Լիբանանի քաղաքացին չպետք է գնահատականներ տա Հայաստանի նախագահին[2]: «Ես կարող եմ ասել, որ Ֆինլանդիայում մարդու իրավունքները խախտվում են, բայց վանկարկել` «Բարաք կամ Սարկոզի դավաճան ես» ինձ թույլ չեմ տա»,- ընդգծել է նա:

Նմանատիպ քարոզչական թեզերը վերջին շրջանում հազվադեպ չեն և որպես կանոն կրկնում են թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչական թեզերը: Այս մասին հոգեբան Կարինե Նալչաջյանն ասում է. «Զարմանալի է, որ մեզ մոտ` երկրի ներսում, գտնվել են մարդիկ, ովքեր գործի են դնում թուրքական քարոզչությունը: Դա ամենավտանգավոր խումբն է»[3]:

Ստորև ներկայացնում ենք հայ-թուրքական հակամարտության (մենք նշում ենք «հակամարտություն», քանի որ գոյություն չունեն «հայ-թուրքական հարաբերություններ», կա միայն հակամարտություն) վերջին շրջանում հայկական սփյուռքի դեմ հնչեցվող որոշ քարոզչական թեզեր, որոնք շրջանառում են և’ հայկական, և’ թուրքական կողմը:

Թեզ 1. «Հայաստանում ապրողները մենք ենք, ոչ թե` սփյուռքահայերը և նրանք իրավունք չունեն խառնվելու մեր գործերին: Նրանք կարող են միայն կարծիք հայտնել»:

Ա)Բանակցություններին զուգահեռ թուրք առաջնորդների հայտարարում են, թե Հայոց Ցեղասպանություն չի եղել: Քանի որ Սփյուռքը հենց Ցեղասպանության հետևանք է և 1915թ.-ից հետո Սփյուռքի գոյության գաղափարական գլխավոր հիմքը եղել է Հայոց Ցեղասպանութան ճանաչման հարցը` Հայկական Սփյուռքը ունի բոլոր իրավունքները ոչ միայն կարծիք հայտնելու, այլև միջամտելու այդ հարցում ՀՀ ղեկավարության քայլերին, որովհետև դրանց դրական կամ բացասական հետևանքները  անմիջականորեն առընչվելու են արտասահմանի հայերին:

Բ)Եթե նույնիսկ հայ-թուրքական վերջին զարգացումները չվերաբերեն Հայոց Ցեղասպանությանը` Սփյուռքը իրավունք ունի միջամտելու, որովհետև հսկայական ֆինանսական և նյութական միջոցներով միշտ աջակցել է Հայաստանին: Այն համեմատությունը, թե «Ես կարող եմ ասել, որ Ֆինլանդիայում մարդու իրավունքները խախտվում են, բայց վանկարկել` «Բարաք կամ Սարկոզի դավաճան ես» ինձ թույլ չեմ տա» իրական պատկերի աղճատման փորձեր են, որովհետև սփյուռքահայի համար իր հայրենակից նախագահը նույնը չէ, ինչ հայի համար ֆրանսիայի նախագահը:

Թեզ 2. «Հայաստանի ՀանրապետությունԹուրքիա ներկա սահմանի բացումը նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը և բնակչության բարեկեցությանը, իսկ սփյուռքահայերը չեն կրում փակ սահմանների սոցիալտնտեսական հետևանքները»:

Ա) Բացի տարբեր անհատական հայտարարությունների, ոչ մի բազմակողմանի ուսումնասիրություն չկա, թե ի՞նչ հետևանքներ կունենա սահմանի բացումը ՀՀ տնտեսության համար: Եթե Թուրքիան տնտեսապես կլանի Հայաստանի Հանրապետությանը` դա նաև հարված է Սփյուռքին, որովհետև Հայաստանը նաև նրանց հայրենիքն է և Հայաստանի զարգացման համար Սփյուռքը նույնպես մեծ ջանքեր է թափում և տնտեսական և արտասահմանում քաղաքական աջակցման հարցերում:

Եթե նույնիսկ սահմանի բացումն ապահովի կարճաժամկետ տնտեսական աճ, այն զուգորդվում է Ցեղասպանության ուրացման քաղաքականությամբ, որը հետագայում շատ ավելի մեծ վնասներ է բերելու և Հայաստանին, և Սփյուռքին:

Բ) Վրաստանի սահմանները վաղուց բաց են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, բայց Վրաստանի տնտեսությունը նույնպես ճգնաժամային իրավիճակում է գտնվում:

Թեզ 3. «Սփյուռքահայերը եթե անհանգստանում են Հայաստանի համար` թող գան այստեղ ապրեն և դադարեցնեն իրենց տաքուկ տեղերից հայտարարություններ անելը»:

Ա) ԱՄՆ-ի Իրաք ներխուժումից հետո մի քանի հազար իրաքահայեր դիմեցին ՀՀ կառավարությանը Հայաստան տեղափոխվելու համար, սակայն նրանց աջակցություն չցուցաբերվեց և իրաքահայերից շատ քչերը հայրենադարձվեցին: Սփյուռքահայերին Հայաստան չտեղափոխվելու համար մեղադրելուց առաջ անհրաժեշ է հարց տալ, թե ի՞նչ է անում Հայաստանը նրանց տեղափոխելու համար:

Բ) ՀՀ տնտեսական և սոցիալական ծանր վիճակի պատճառով ՀՀ քաղաքացիների մի մեծ տոկոս կամ գաղթել է կամ էլ ստիպված է մշտական արտերյա աշխատանք փնտրել: Նման իրավիճակում ինչպես կարելի է սփյուռքահայերին մեղադրել Հայաստան չգալու համար` մինչդեռ նրանք մեծապես աջակցում են տրանսվերներով: Բացի այդ կա նաև սփյուռքահայերի հայրենադարձված հատված, ովքեր Հայրենիքում աշխատանք գտնելու դեպքում տեղափոխվում են:

Ամփոփելով նշենք, որ ադրբեջանա-թուրքական թեզերի տարածումը Հայաստանում նրանց քարոզչական և քաղաքական մեծ հաղթանակն է, որը ապագայում վերածվելու է հաղթանակի նաև նյութական ոլորտում:


[1] «Արձանագրությունների ստորագրումը կախված չէ Սարգսյան–Ալիև հանդիպումից. Էրդողան». http://tert.am/am/news/2009/10/07/ergodaninterview/

[2] «Սփյուռքի հայերն իրավունք չունեն քննադատել Հայաստանի նախագահին, Աբրահամյան». http://tert.am/am/news/2009/10/06/diasporaprotests/

[3] «Թուրքիային ինչ-որ չափով հաջողվել է սեպ խրել Հայաստանի և Սփյուռքի միջև, հոգեբան». http://tert.am/am/news/2009/10/07/armeniadiaspora/


Դիտել Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն