Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ռոբերտ Ամիրխանյան. «Սփյուռքի ընդվզումն արդարացի է, քանի որ մինչ օրս թուրքը չի ընդունել Հայոց Ցեղասպանությունը»

Հոկտեմբեր 9, 2009թ. 13:00

azg_am_2009042113Հարցազրույց  կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ:

-Պարոն Ամիրխանյան, ցանկացած պայմանագիր ենթադրում է զիջում: Ըստ Ձեզ, ո՞րն է  զիջման գինը` մեր դեպքում:

– Ինձ համար անընդունելի է նման  հարցադրումը: Յուրաքանչյուր պայմանագիր ենթադրում է որոշակի քաղաքակիրթ հարաբերությունների դաշտի ստեղծում, ուր   դեռևս «կռիվը» չսկսված` չի կարող խոսք գնալ որևէ զիջման մասին: Իսկ հարաբերությունների դաշտ ձևավորվում է որոշակի քննարկումների արդյունքում, որոշակի սկզբունքների մշակման ճանապարհով: Այսօր Հայաստանը փորձում է այդ հարաբերությունների միջոցով քաղաքակիրթ դաշտ ստեղծել` ավելի առաջ գնալու համար, քանի որ մեր նախկին ընթացքը մեկ բառով բնութագրվում է` շրջափակում:

Մենք 15 տարի և ավելի դիմակայեցինք փակ սահմանի գոյությանը: Մի՞թե հնարավոր չէ մի քիչ էլ սպասել, քանի որ այսպես թե այնպես, միջազգային պայմանագրերի կիրառմամբ, հնարավոր է հասնել սահմանի բացմանը:

-Նախորոշված բանաձևեր ինձ մի առաջարկեք: Ի՞նչ է նշանակում 15 տարի կարողացանք ապրել:  Մեր արտադրողը սպառման շուկա չունի, ներկրումները ավելի շատ են` 90%-ը 10-%-ի հարաբերությամբ, ամբողջ բիզնեսը հիմնված է դրսից ապրանք ներկրելու և վաճառելու վրա: Սա ինձ` որպես իմ երկրի քաղաքացի,  չի’ կարող բավարարել: Այդ 15 տարիները արդյունքի հասնելու ցուցանիշ չեն:

Մեր ներսում առաջացան բազմաթիվ բացասական երևույթներ, այսօր մենք կանգնած ենք լուրջ խնդրի առաջ`  ինքնագիտակցության  և ազգային գաղափարախոսության բացակայություն, մենք չունենք այդ ինքնագիտակցությունը, չենք կարողանում  մեր  ես-ը ձևավորել և աշխարհին առաջարկել:

Հայաստանի նախագահի հետ սփյուռքյան բոլոր հանդիպումներն անցան շատ լարված: Համայն հայությունը ոտքի է կանգնել: Ի՞նչ եք կարծում` գուցե հայության բողոքը օգնի՞  նախագահին`   հրաժարվել արձանագրությունների ստորագրումից:

– Գիտե՞ք, իրողությունն այն է, որ  հայաստանցին հողի վրա արարելու հոգեբանության կրողն է և ունի պետականությունը պահպանելու խնդիր: Սփյուռքահայությունը, ապրելով օտար երկրներում, դառնում է նրա լեզվամշակութային արժեքների կրողը, դառնում է մի քիչ ամերիկացի, մի քիչ ֆրանսիացի: Հայաստանցու հոգեբանությունը բոլորովին այլ է: Սփյուռքը կարող է այսօր աղմուկ բարձրացնել, և դա ես ամենևին  չեմ ընդունում որպես բացասական երևույթ: Նրանց  ընդվզումն արդարացի է, քանի որ մինչ օրս թուրքը չի ընդունել իր ձեռքով իրագործած ոճիրը` Հայոց Ցեղասպանությունը, հետևապես Սփյուռքն անընդունելի է համարում թուրքերի հետ քաղաքակիրթ զրույց վարելը` որպես  առաջին պայման համարելով Ցեղասպանության ընդունումը: Իհարկե, թուրքն այդքան հեշտությամբ չի ճանաչելու Հայոց Ցեղասպանության փաստը, որովհետև դրան հաջորդելու է փոխհատուցման  հարցը, իսկ թուրքն իր գործած մեղքն ընդունելու քաջությունը չունի: Սակայն որքա՞ն կարելի է նստել ու սպասել, թե թուրքը երբ է ընդունելու Ցեղասպանությունը: Պետք է շփվել աշխարհի հետ:  Այսօր հարկավոր է շրջափակված չլինել և ունենալ քաղաքակիրթ հարաբերություններ, որոնք ավելի շուտ կնպաստեն Ցեղասպանության ընդունմանը, քան մեկուսացումը: Ամենևին չեմ մեղադրում Սփյուռքին: Հակառակը, նրանք իրենց ընդվզմամբ, այո, օգնում են, որ Թուրքիան և աշխարհը տեսնի, թե որքան ցավոտ հարց է հայության համար Ցեղասպանության հարցը, և որ դրա հետևանքն է Հայոց Սփյուռքի գոյությունը:  Այսօր Սփյուռքն  ընդվզում է, քանի որ իր համար մերժելի է Ցեղասպանություն իրականացրած բարբարոս պետության  ժառանգորդ երկրի հետ քաղաքակիրթ քննարկում իրականացնելը, երկիր, որը  մինչև վերջերս շարունակում է  իր  մերժողական վերաբերմունքը. Հրանդ Դինքի սպանությունը դրա ամենացայտուն արտահայտությունն է:

Իմ ձեռքի տակ կա Ադրբեջանի 7-րդ դասարանի պատմության դասագիրք, որտեղ   գրված է. երեխային հարցնում են` որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, պատասխանում է` հայ սպանող: Սա սարսափելի է: Ակնհայտ է, որ շարունակում է կենսունակ մնալ պանթուրքիզմի գաղափարախոսությունը: Բայց ի՞նչ անենք,  հեռու քաշվենք ու սպասենք, որ աշխարհը մեզ օգնի՞, Ցեղասպանության հարցը լուծի՞. միամտություն է: Այնպես որ, ողջունում եմ մեր նախագահի քայլը, ով, գիտակցելով իրավիճակը, գնաց այս քայլին` քաղաքակիրթ հարաբերություններ սկսելով ոչ քաղաքակիրթ պետության հետ: Այս բանակցություններն անհրաժեշտություն են:   Չեմ ասում` սիրիր թշնամուդ, բայց նրան որպես թշնամի ընդունելով` փորձիր շփվել նրա հետ, միաժամանակ  աշխարհին  ցույց տալով սեփական  քաղաքակիրթ պատմությունդ: Բանակցությունների գնալը պարտադիր է, քանի որ մենք և’ Թուրքիայի, և’ Ադրբեջանի հետ մշակութային հարցեր  ունենք լուծելու: Այսօր մեր ժողովուրդը գնում է Անթալիա և հիացած վերադառնում: Բայց մեզանում էլ կան նման վայրեր, որոնք, սակայն, չունեն այդ գրավչությունը: Երբ ուրիշի հետ շփվում ես` զգում ես, որ կարիք ունես կարգի բերելու քո տունը:

Ակնհայտ է, որ և’ Թուրքիայում, և’ Հայաստանում հասարակությունը պատրաստ չէ այդ հարաբերությունների հաստատմանը, և որ այս ամենը կատարվում է  արտաքին ճնշումների ներքո: Սա չի՞ խոսում  այն մասին, որ շահողը երրորդ կողմն է լինելու:

-Աշխարհում գոյություն ունեն սցենարներ:  Ստիպված ենք գնալ որոշակի քննարկումների ճանապարհով, և մեր ողջ ներուժը պետք է ներդնենք, որ դրանք ի շահ մեր երկրի լինեն: Նկատեք, որ Հայաստանի առկա ճգնաժամային խնդիրները միջազգային մամուլում մեկնաբանվում են որպես տարածաշրջանային խնդիր: Վիրավորական է, երբ դու ոչ թե պետություն ես ընկալվում, այլ տարածաշրջան: Մինչև ինքդ այդ քննարկումների մասնակիցը չդառնաս ու անձամբ չփորձես լուծել սեփական խնդիներդ, ուրիշներն են  քո փոխարեն հարցերը «լուծելու»:

– Հնարավոր համարո՞ւմ եք  մշակութային երկխոսության իրականացումը` սահմանի բացումից հետո:

-Ես չեմ ձգտելու դրան, բայց հարաբերությունների հաստատումը կհանգեցնի նրան, որ թուրքերն առավել զգոն կվերաբերվեն մեր մշակութային արժեքներին: Այսօր մի քայլ առաջ գնալու հնարավորություն կա: Ես դրական եմ գնահատում ծավալվող  գործընթացները: Իսկ եթե հանկարծ արձանագրությունները  չստորագրվեն, մենք կշարունակենք մեր գործը, մեր պայքարը, մեր կյանքը:  Բայց այդ ամենով հանդերձ` պետք է հասկանանք, որ մենք աշխարհի մի մասնիկն ենք:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն